Եվս մեկ նոր բանկ

23/01/2008

ՀՀ-ում փետրվարին կբացվի «Պրոկրեդիտ» բանկի համաշխարհային ցանցի 23-րդ մասնաճյուղը, որի կապիտալի 17 %-ին մասնակցություն են ցուցաբերում գերմանական «Վերականգնման վարկերի բանկը» («KfW») ու «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը»: «KfW»-ի հայաստանյան ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ սա «KfW»-ի առաջին մուտքն է բանկային կապիտալ: «Կարծում եմ, այսպիսով բանկի կողմից այլ բանկերի կապիտալին հնարավոր մասնակցությունները կսահմանափակվեն: Սակայն հնարավոր կլինի վարկային ռեսուրսների տրամադրումը «Պրոկրեդիտ» բանկին` բիզնեսի հիմնական` միկրոֆինանսավորման ուղղությունը խթանելու, ինչպես նաեւ՝ հիպոթեքային վարկավորման դաշտ մտնելու համար: Չեմ բացառում նաեւ այլ բանկերի հետ վարկային ռեսուրսների տրամադրման մասին հնարավոր բանակցությունների վարումը եւ համապատասխան պայմանագրերի կնքումը»,- նշել է նա: Կ. Գեւորգյանի տեղեկացմամբ` նման առաջին պայմանագիրը 2006թ. կեսերին կնքվել է «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի հետ` 10 մլն դոլար վարկի շրջանակներում, որը բանկը պետք է ուղղեր Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Առաջիկայում հնարավոր է նաեւ հայաստանյան այլ բանկերի հիպոթեքային ուղղությամբ վարկային միջոցների տրամադրումը: