Սառցակալել է Սեւանա լիճը

23/01/2008

Անցած գիշերվա ընթացքում ամբողջությամբ սառցակալել է Սեւանա լիճը: «Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից ստացված տվյալներով` երեկ առավոտյան մարզում գրանցվել է 23 աստիճան ցուրտ, իսկ ընդհանրապես վերջին երկու շաբաթների ընթացքում ջերմաստիճանը մարզում միջին նորմայից ցածր է եղել 5-6 աստիճանով: Լճի սառցակալմանը նպաստել են նաեւ պարզկա եւ առանց քամիների եղանակները, մի բան, որ հունվար ամսի համար անսովոր է Սեւանի ավազանի կլիմայի համար: Որքան էլ մասնագետները լճի սառցակալումը դիտում են օրինաչափ, այդուհանդերձ, արտասովոր է Սեւանի սառցակալումը հունվարի կեսերին, քանի որ նախորդ տարիներին եւ միշտ նման երեւույթ դիտվել է փետրվարի վերջերին` ուժեղ քամիների եւ բքերի հանդարտվելուց հետո: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում նշել է լճի սառցակալման դրական եւ բացասական հետեւանքները: Դրականն այն է, որ նվազագույնի է հասնում կամ համարյա դադարում է մեծ քանակության ջրային պաշարների գոլորշացումը, իսկ բացասականը` որ ջրլող թռչունները, կորցնելով իրենց ջրային տարածքները, սնունդ եւ հանգիստ են որոնում գետաբերաններում եւ որսորդների համար դառնում են ավելի խոցելի: