ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը(ԿԸՀ) երեկվա արտահերթ նիստում սահմանել է ՀՀ նախագահի թեկնածուներին Հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը: Ըստ այդմ` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր թեկնածուին Հանրային հեռուստատեսությամբ տրամադրվում է 60 րոպե անվճար եւ մինչեւ 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: Հանրային հեռուստատեսության եթերաժամը տրամադրվում է ժամը 17:15-ից սկսած, ընդ որում` 2008թ. հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 10-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի, փետրվարի 11-ից մինչեւ փետրվարի 16-ը ներառյալ` օրը 3 րոպե անվճար եւ մինչեւ 6 րոպե վճարովի, փետրվարի 17-ին` 4 րոպե անվճար եւ մինչեւ 8 րոպե վճարովի հիմունքներով: Հանրային ռադիոյով յուրաքանչյուր թեկնածուին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով տրամադրվում է 120 րոպե անվճար եւ մինչեւ 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: Հանրային ռադիոյով եթերաժամը տրամադրվում է ժամը 13:30-ից սկսած. հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 10-ը ներառյալ` օրը 4 րոպե անվճար եւ մինչեւ 6 րոպե վճարովի, փետրվարի 11-ից մինչեւ փետրվարի 16-ը ներառյալ` օրը 6 րոպե անվճար եւ մինչեւ 9 րոպե վճարովի, փետրվարի 17-ին` 8 րոպե անվճար եւ մինչեւ 12 րոպե վճարովի հիմունքներով: Ի դեպ, ԿԸՀ-ն վիճակահանությամբ սահմանել է նաեւ Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի եթերաժամերից օգտվելու հերթականությունը: