Հերթական խոստումը

23/01/2008

«Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտախոս է Հայոց ցեղասպանության հարցում եւ վճռականորեն արձագանքում է բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ դառնալ այդ նախագահը»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Բարաք Օբաման: Վերջինս նախօրեին Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակին է փոխանցել իր հայտարարությունը, որով Կոնգրեսին կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը, ինչպես նաեւ՝ խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Օբաման նաեւ խոստանում է «նպաստել Հայաստանի անվտանգության ապահովմանը` հետամուտ լինելով Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կիրառվող շրջափակմանը վերջ տալուն, ինչպես նաեւ՝ աշխատելով Lեռնային Ղարաբաղի հակամարտությանը երկարաժամկետ լուծում գտնելու ուղղությամբ»: