Թեեւ նախատոնական փուլում քաղաքային իշխանությունները մեծ խանդավառությամբ պատրաստվում էին Հանրապետության հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումներին, այդուհանդերձ, մեր քաղաքացիներից շատերը համարում են, որ տոնական ծրագիրն անհաջող էր: Շատերն էլ դժգոհում են Հանրապետության հրապարակում տեղադրված տոնական դեկորի անճաշակությունից, մասնավորապես նշելով, որ քաղաքապետարանը հսկայական գումարներ մսխելով՝ չկարողացավ գեղեցիկ ձեւավորում ապահովել Երեւանի կենտրոնում: Այս հարցերի շուրջ որոշակի պարզաբանում ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով վարչության պետ Կամո Մովսեսյանը: Վերջինիս տվյալներով` ամանորյա միջոցառումների համար քաղաքապետարանը ծախսել է 25 մլն դրամ: Մայր տոնածառը Գորիսի անտառներում սանիտարական հատումներից գոյացած ճյուղերով է զարդարվել: Հրապարակի ձեւավորումը կատարվել է Երեւան քաղաքի գլխավոր դիզայների` Ռոբերտ Մնացականյանի նախագծով: «Այս տարի տոնածառի տեղավորման համար օգտագործվել է մոտ 2500 ճյուղ: Ընդհանուր միջոցառումների համար ծախսվել է 25մլն դրամ, որի մեջ մտել է տոնածառի ձեւավորումը, հրապարակի, հարակից տարածքի լուսավորումը, ինչպես նաեւ՝ միջոցառումները, որոնք տեղի են ունեցել 13 օրվա ընթացքում»,- նշեց Կ. Մովսեսյանը` մատնանշելով նաեւ մեծ հրավառությունը, որը նույնպես կայացել է Հանրապետության հրապարակում: Քաղաքապետարանը 12 օր էլ կազմակերպել է մանկական միջոցառումներ, որը ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջել, քանի որ հրապարակ եկած բոլոր երեխաներին անվճար լուսանկարել են, ինչպես նաեւ՝ Ձմեռ պապիկների կողմից փաթեթներով նվերներ են բաժանվել: Կ. Մովսեսյանն այդ ակցիայի ժամանակ հետաքրքիր փաստ է արձանագրել. «Մենք հայտարարել էինք, որ թե՛ լուսանկարումը, թե՛ նվերներն անվճար են, բայց մեր մենթալիտետի համաձայն` մարդիկ փորձում էին ինչ-որ գումար տալ: Մարդիկ երեւի սովոր չեն, որ իրենց համար անշահախնդիր բան է արվում»: Քաղաքապետարանի կողմից օրական 800 նվեր բաժանվել է հրապարակ այցելած փոքրիկներին, իսկ այդ ակցիային աջակցել են «Գրանդ քենդի» եւ «Կոկա-կոլա» ընկերությունները: «Ճիշտ է, ցուրտ եղանակը կարծես թե փորձեց խանգարել, բայց ամեն դեպքում միջոցառման մասնակիցները գոհունակություն էին հայտնում: Եղանակի արգելքն անգամ չխանգարեց, որ երեւանցիները ուրախանային տոնական միջոցառումների ժամանակ»,- վստահեցրեց Կ. Մովսեսյանը: Հանրապետության հրապարակում կայացած տոնական ծրագիրը կազմակերպել է «Օպերա +» կազմակերպությունը, որի հետ քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով վարչությունը համագործակցում է: «Այս կազմակերպությունը բավականին պունկտուալ եւ հետաքրքիր ծրագիր էր ներկայացրել, եւ պետք է ասեմ, որ հաջողությամբ կազմակերպեց միջոցառումները»,- կարծում է Կ. Մովսեսյանն` այս տարվա տոնական ծրագրին բավականին բարձր գնահատական տալով: Վերջինիս խոսքերով` իրենք նույնիսկ ստիպված են եղել միջոցառման տեւողությունը երկարաձգել, քանի որ հրապարակում մարդկանց առատությունն է նման անհրաժեշտություն առաջացրել: «Մենք պլանավորել էինք, որ միջոցառումն ավարտենք ժամը 22։00-ին, բայց երկարացրինք մինչեւ 10:30: Այդ ցուրտ եղանակին հրապարակում այնքան մարդ կար, որ ստիպված եղանք միջոցառումը շարունակել»,- նշեց քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության եւ սպորտի վարչության պետը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մեր համաքաղաքացիներից շատերը տոնական միջոցառումներն անհաջող են համարում, ապա Կ. Մովսեսյանն ասում է. «Ցանկացած միջոցառման, ցանկացած երեւույթի նկատմամբ կա տարակարծություն: Մարդ կա, որ Մոնա Լիզայի նկարը համարում է անճաշակ նկար: Բնականաբար, կարող է լինել բացասական կարծիք, որը շատ նորմալ է: Մենք ունենք մեր կարծիքը, եւ կարող եմ ասել, որ շատ մարդիկ հիացել են այս տարվա միջոցառումներով եւ հրապարակի ձեւավորմամբ»: