«Նավթի եւ գազի ներկայիս գները շուկայում բարձր են, եւ մենք պետք է կարողանանք առավելագույնի հասցնել մեր ռազմավարական պաշարների տնտեսական ներուժը: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը, սակայն, սպառնալիք է գոյություն ունեցող խողովակաշարերի ենթակառուցվածքի անվտանգությանը եւ խոչընդոտում է Եվրոպայի հետ տարածաշրջանի էներգակիրների առեւտրի օպտիմալացմանը»,- «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» թերթում երեկ հրապարակած հոդվածում նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Տարածաշրջանային ինտեգրացիան առաջնայնություն է Ադրբեջանի համար, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ լուծում գտնել: Մեզ մոտ` Ադրբեջանում, դա խոչընդոտում է տնտեսական աճին, որը անցած մի քանի տարիներին եղել է միջինը շուրջ 30 տոկոս»,- պնդել է Ադրբեջանի արտգործնախարարը: «Գրեթե 14 տարի է, ինչ Ադրբեջան-Հայաստան պատերազմում հրադադար է հաստատվել Ռուսաստանի միջնորդությամբ: Սակայն մինչեւ օրս հայկական զորքեր կան մեր տարածքում: Մեր երկրի մի մասի օկուպացման շարունակումը մենք չենք կարող հանդուրժել: Այսպես կոչված Մինսկի գործընթացը` այս հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորում գտնելուն ուղղված եւ ԵԱՀԿ-ի կողմից առաջնորդվող ջանքերը, օգտակար է եղել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսության շրջանակ ընձեռելու առումով: Սակայն մենք պետք է հրատապ կերպով ամփոփենք այդ գործընթացը: Ստատուս-քվոյի պահպանումն անչափ թանկ է նստում»,- նշել է Մամեդյարովը` ինչպես միշտ ավելացնելով. «Ադրբեջանը չի կարող որեւէ փոխզիջում անել, երբ խոսքը վերաբերում է իր տարածքային ամբողջականությանը եւ ներքին տեղահանված անձանց վերադարձին:Հայաստանը պետք է իմանա, որ մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղին տրամադրել ինքնավարության հնարավոր ամենամեծ աստիճանը Ադրբեջանի կազմում: Մենք նույնիսկ պատրաստ ենք էականորեն ավելացնել կենտրոնական ֆինանսավորումը ադրբեջանական այդ գավառի զարգացման համար»: «Ղարաբաղի խնդիրն այլեւս չի կարող սպասել: Բաքուն լրջորեն է տրամադրված` շարժվելու առաջ»,- իր հոդվածն ամփոփում է Ադրբեջանի արտգործնախարարը: Ըստ Մամեդյարովի, ղարաբաղյան խնդրի լուծումն իր հերթին՝ կարող է հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: