Սիրո տոնին՝ Սուրբ Վալենտինի օրը, Մոսկվայում կցուցադրվի հայազգի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի «Կորսված կայսրություն» սիրային կինոժապավենը։ «Առաջին անգամ իմ կյանքում ես նկարահանել եմ մաքուր սիրային ֆիլմ»,- ասել է ռեժիսորը։ Դասական սիրային եռանկյունու օրենքներով զարգացող սյուժեն պատմելու է խորհրդային տարիների ուսանողների սիրավեպի մասին։ «Ֆիլմը իմ հուշերի վրա է հիմնված։ Մենք սիրահարվում էինք, հիաթափվում եւ նույնիսկ չէինք էլ պատկերացնում, որ այն երկիրը, որտեղ ապրում էինք, փլուզման է դատապարտված։ Կայսրությունները փլուզվում են, իսկ մարդիկ նույն կերպ սիրահարվում, խանդում ու տառապում են»,- ասել է Կ.Շահնազարովը։ Ֆիլմում նկարահանվել են երիտասարդ դերասանները, իսկ երկրորդական դերերից մեկում հանդես է եկել Արմեն Ջիգարխանյանը։