Թանկարժեք կինոպարոդիա՝ հայկական երանգով

23/01/2008

Ռուսաստանի էկրաններին շուտով կցուցադրվի «Շատ լավ կինո» ֆիլմը, որի ստեղծման մեջ մեծ ներդրում ունեն հայերը, քանի որ նկարահանումը նախաձեռնել է «Կոմեդի կլաբը»։ Ֆիլմի գլխավոր հերոսը, որի դերը կատարել է Գարիկ Խառլամովը, թմրադեղերի ազդեցության տակ իր հարսանիքի օրը երկինք է համբարձվում ու փորձում է ի մի բերել իր ողջ կյանքը, որտեղ ոչ մի լավ ու բարի արարք չի գտնում։ Ֆիլմում նկարահանվել են Արմեն Ջիգարխանյանը (Երկնային գրասենյակի պետ), Բորիս Մոիսեեւը (ոստիկան) ու Միխայիլ Գալուստյանը։ Ֆիլմը կինոպարոդիաների վրա է հենված ու նմանակում է ռուսական ու արտասահմանյան բլոքբաստերները։ Ֆիլմում, ինչպես նաեւ «Կոմեդի կլաբի» ռեզիդենտների կատակներում շատ կլինի գոտկատեղից ներքեւ հումորը, որն արդեն ստացել է «զուգարանային հումոր» անվանումը։ Այն վտանգավոր է, բայց՝ շատ ծիծաղելի։ Ֆիլմի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը համոզված է, որ ֆիլմը կգտնի իր հանդիսատեսին, քանի որ այն համարձակ ու շտամպերից հոգնած երիտասարդ մարդկանց համար է նախատեսված, ու կփակի ստեղծման համար ներդրված 5 մլն դոլար գումարը։ Ի դեպ՝ նույնքան գումար ծախսվել է նաեւ ֆիլմը գովազդելու համար։