Նորություն չկա

21/01/2008

2007թ. դեկտեմբերի 20-ին ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով զրպարտելու եւ վիրավորելու փաստով քրեական գործ հարուցել «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ: Հիշեցնենք, որ թերթը դեկտեմբերի 15-ին հրապարակել էր «Վազգեն Մանուկյանի «MEIN KAMPF-Իմ պայքարը» վերնագրով հոդվածը, որտեղ տպագրված էր տարիներ առաջ ԱԺՄ-ի գրասենյակից առգրավված ձեռագիր մի նյութ: Թերթը ձեռագիրը վերագրել էր Վ. Մանուկյանին: Վերջինս ԶԼՄ-ներով հայտարարեց, որ այդ ձեռագրի հեղինակն ինքը չէ: ՀՀ Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից քրեական գործ էր հարուցվել: Քրեական գործը քննության էր ուղարկվել Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին: Դատախազության եւ Ոստիկանության լրատվական բաժիններից տեղեկացրեցին, որ գործը դեռ նախաքննության փուլում է, ավարտելուց հետո այն կուղարկեն դատարան: Այլ մանրամասներ չհայտնեցին: Վ. Մանուկյանը մեզ ասաց, որ գործի մանրամասներից տեղյակ չէ: «Այստեղ ինձ համար ամենակարեւորը ձեռագրերի փորձաքննությունն է: Ձեռագիր պետք է լինի, որ փորձաքննություն էլ լինի: Երբ որ ձեռագիրն իրենց ձեռքին լինի, նրանք կդիմեն ինձ փորձաքննության համար: Բայց ինձ դեռ չեն դիմել»,- ասաց պարոն Մանուկյանը: Ի դեպ, Ոստիկանության լրատվական բաժնից պատասխանեցին, որ դեռեւս նախաքննության փուլում է նաեւ «Չորրորդ իշխանության» խմբագրության դռան պայթեցման հետ կապված գործը: