«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունն իրավունք ունի բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել ում որ կամենա»,- ի պատասխան «Նովոստի Ադրբեջանի» թղթակցի հարցին, թե որքանով է ճիշտ բանակցությունների խորհրդապահական գործընթացի մասին հանրությանը տեղեկացնելը, երեկ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Ես գիտեմ, որ երկու երկրների նախագահներն ու արտգործնախարարները իրազեկ են բանակցությունների գործընթացին: Օրինակ՝ Հայաստանում, ես գիտեմ, որ նրանք զրույցներ են վարում կառավարության անդամների հետ, եւ նրանք իրավունք ունեն այդ տեղեկատվությունը հայտնել ում որ ցանկանան, նույնն է նաեւ Ադրբեջանում»,- ասել է նա` հավելելով, թե խոսելով բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին, նկատի են առնվում Լեռնային Ղարաբաղի թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական համայնքները: Ի դեպ, Բրայզան նաեւ հայտարարել է, թե «բանակցային գործընթացում Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումները մոտեցել են: Ես կառուցողականություն եմ տեսնում երկուստեք: Բայց աշխատելու բան դեռ կա»: