«Այդ թեման ինձ համար փակված է»

21/01/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Եթե ես դառնամ նախագահ, ապա առաջին քայլերից մեկը կլինի՝ վերացնել նախագահի վերահսկողության ծառայությունը: Կներգրավեի ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչներ, որպեսզի լայն եւ թափանցիկ ընկալում լինի: Բոլոր նախորդ տարիների բողոքները պետք է վերանայվեն: Մարդիկ անպաշտպան են, չեն իմանում` ում դիմել, որ իրենց իրավունքները վերականգնվեն: Այդպիսի գործողություններ անելուց, դաշտը մի քիչ մաքրելուց հետո անհրաժեշտ է ընդունել նոր Սահմանադրություն: Մեր կարծիքն այն է, որ շատ վաղուց արդեն ձեւավորվել է կարծրացած մի մոդել, եւ, որ անկախ մարդկանց փոփոխությունից` այն գործում է: Այս բուրգաձեւ իշխանական կառույցը պայմանավորված է նաեւ տնտեսության ու քաղաքականության սերտաճմամբ»,- երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նախագահ ընտրվելու դեպքում Վ. Մանուկյանը խոստանում է նաեւ պետական կառավարման եւ ՏԻՄ համակարգերում նույնպես կառուցվածքային փոփոխություններ կատարել, որպեսզի բարձրանա կառավարման արդյունավետությունը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա ԱԺՄ նախագահի համար ընդունելի չէ այն մտածողությունը, որ եթե Հայաստանն այդ հարցում զիջումների գնա, ուրեմն պետք է ակնկալի, թե դրանից հետո լավ է ապրելու: «Մենք դա բացարձակապես չենք ընդունում: Մենք գտնում ենք, որ դա ոչ միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն է, այլեւ՝ Հայաստանի անվտանգության: Եվ դա այն հարցն է, որը կարող է համախմբել ողջ հայությանը»,- ասում է Վազգեն Մանուկյանը:

Նա անդրադարձավ նաեւ առաջիկա ընտրապայքարին եւ, բնականաբար, խոսեց 1996թ. նախագահական ընտրությունների մասին: Երկու օր առաջ ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ եթե նախագահական ընտրությունների ժամանակ երկրորդ փուլ դուրս գան Սերժ Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը, ապա իրենք կսատարեն Վ. Մանուկյանին: Վ. Մանուկյանին սատարող Արշակ Սադոյանն էլ պատասխանել էր, թե այդ դեպքում իրենք ոչ մեկին չեն պաշտպանի: Այնուամենայնիվ, եթե ընտրություններն այդպիսի արդյունք ունենան, ո՞ւմ կսատարի պարոն Մանուկյանը: «Ես համարում եմ, որ հենց ես էլ պետք է լինեմ երկրորդ փուլում, եւ Կիկոսի պատմություններ գտնելը համարում եմ ոչ նպատակահարմար: Եվ նորից մտածեք, այդ ինչո՞ւ մինչեւ հիմա այդ հարցը չէր դրվում ու հիմա առաջացավ: Մի հատ մտածեք, թե դա ի՞նչ խաղ է»,- հարցնում էր ԱԺՄ նախագահը: Ի դեպ, երկրորդ փուլ լինելու մասին խոսում են միայն ընդդիմադիր քաղաքական գործիչները, իսկ իշխանամետները գտնում են, որ իրենց թեկնածուն կհաղթի առաջին փուլով: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 11-ի իր ասուլիսում ասել էր, որ եթե Վ. Մանուկյանը կարծում է, թե 1996թ. ընտրություններին ինքն է հաղթել, բայց ձայները կեղծել են, «ապա դա իր իրավունքն է, եւ թող այդպես էլ կարծի»: Վազգեն Մանուկյանը ի պատասխան դրան՝ ասաց, թե նույն բանը կարող է փոխանցել Լ. Տեր-Պետրոսյանին: «Իսկ ընդհանրապես, 1996 թվականի թեման ինձ համար փակված է»,- ավելացրեց ԱԺՄ նախագահը:

Վ. Մանուկյանը երեկ հիմնականում խոսեց իր նախընտրական ծրագրի մասին, որին տվել էր «Եկեք տեր կանգնենք մեր երկրին, մեր հաղթանակներին» անունը: Նախընտրական կոնկրետ կարգախոս չունի, սակայն կարծում է, որ որպես այդպիսին՝ կարող է լինել նաեւ իր ծրագրի անունը: Իսկ այդ ծրագիրը կարելի է բաժանել 2 հիմնական մասերի: Առաջին մասում ԱԺՄ նախագահը մանրամասն վերլուծել էր, թե անկախության տարիներից մինչեւ հիմա զարգացման ի՞նչ փուլերով է անցել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կյանքը, եւ եզրակացրել, որ «Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության 17 տարիների ընթացքում ձեւավորված հարաբերությունները մեզ տանում են թերզարգացած ավտորիտար երկրների ուղղությամբ»: Ծրագրի երկրորդ մասում Վ. Մանուկյանը նշում է այն կոնկրետ քայլերը, որոնք պետք է կատարի ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում: Ընդ որում, ի տարբերություն նախագահի մյուս թեկնածուների, որոնք իրենց նախընտրական ծրագրերում Հայաստանի զարգացման միայն ընդհանուր պատկերացումներ են ներկայացրել, Վ. Մանուկյանը մանրամասնել է իր անելիքները: «Օրենսդրորեն չեղյալ հայտարարել 2007թ. հուլիսի 3-ին ընդունված «Պարզեցված հարկի մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնց հետեւանքով զգալիորեն կրճատվեց այդ հարկատեսակից օգտվողների քանակը (նշենք, որ այդ մասին նշված էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ավելի վաղ հրապարակված ծրագրում.- Ա.Ա.): Փոխարենն առաջարկվում է մեծացնել պարզեցված հարկման ենթակա շրջանառության չափը՝ 50 մլն դրամից հասցնելով 100 մլն-ի: Բացի այդ, 100-ից մինչեւ 300 մլն դրամի շրջանառության դեպքում շահութահարկը պետք է կազմի 10 տոկոս, իսկ 300-ից մինչեւ 500 մլն շրջանառության դեպքում՝ 15 տոկոս: 500 միլիոնից բարձր շրջանառությունը պետք է հարկվի 20 տոկոսով: Անհապաղ դադարեցնել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը ներմուծող ընկերություններից: Այն պետք է գանձվի միայն երկրի ներսում ապրանքների իրացումից հետո: Իսկ ապրանքներ արտահանող ընկերություններին, որոնք աշխատում են ԱԱՀ-ի դաշտում, սահմանի վրա պետք է վերադարձվի իրենց ԱԱՀ-ն: Դադարեցնել, այսպես կոչված, կանխավճարների կամ գերավճարների հավաքման պրակտիկան, քանզի դա վարկաբեկում է պետության գաղափարը գործարար շրջանակներում»,- նշված է Վ. Մանուկյանի նախընտրական ծրագրում:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե Վ. Մանուկյանն ունի՞ այն թիմը, որի ներկայացուցիչները նրա նախագահ դառնալու դեպքում բարձրաստիճան պաշտոններ կզբաղեցնեն: Ըստ Վ. Մանուկյանի` նորընտիր նախագահից չէ կախված նոր վարչապետի ընտրությունը: Եվ սխալ է, որ այժմ նախագահի թեկնածուն ներկայացնի այն մարդուն, որին վարչապետ կնշանակի նախագահ դառնալու դեպքում: Իսկ հաղթանակի դեպքում ո՞ւմ կառաջարկի պաշտպանության նախարարի պաշտոնի համար, չէ՞ որ ուժային կառույցների ղեկավարներին նախագահն է նշանակում: «Դա ինձ համար ամենահեշտ հարցն է, ոչ թե այն բանի համար, որ ես ունեմ թեկնածու, այլ որովհետեւ շատ լավ եմ պատկերացնում պաշտպանության համակարգն ու մարդկանց»,- պատասխանեց Վ. Մանուկյանը, սակայն անուններ չտվեց: ԱԺՄ նախագահը կողմ է, որ նախագահի թեկնածուները միասին ստեղծեն ընտրակեղծիքների դեմ պայքարող միասնական շտաբ: Պարզապես պետք է հավաքվեն եւ քննարկեն, թե դա ինչպես պետք է անել: