Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ «Արարատբանկը» երեկ ստորագրեցին երկու պայմանագիր:
Առաջին պայմանագրով` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը «Արարատբանկին» տրամադրում է 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` ուղղված մանր, միջին եւ փոքր բիզնեսի զարգացմանը, իսկ երկրորդ պայմանագրով` 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ, որը կուղղվի միջազգային առեւտրի ֆինանսավորմանը: «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը նշեց, որ այս պայմանագրերի համաձայն՝ բանկը կստանա 3 տեխնոլոգիական աջակցություն Վերակառուցման եւ զարգացման բանկի կողմից. «Առաջինը միկրոբիզնեսի զարգացման համար է, որը կիրականացնի գերմանական խորհրդատվական կազմակերպությունը, մյուսը` փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, եւ երրորդ աջակցությունը` միջազգային առեւտրի ֆինանսավորման տեխնոլոգիայի ներդրումն է բանկում: Սրանք պայմանագրերի հիմնական կոմպոնենտներն են: Պայմանագրի ժամկետը հինգ տարի է, եւ մենք հինգ տարով վարկավորում ենք իրականացնելու հաճախորդների համար: Միջին տոկոսադրույքը, որով կվարկավորվեն տնտեսվարող սուբյեկտները, կլինի 14-16 տոկոս`կախված բիզնեսի չափից, ռիսկայնությունից, եւ այլն»:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Հայաստանի ներկայացուցիչ Մայքլ Վայնշտեյնը նույնպես կարեւորեց պայմանագրերի ստորագրումը` նշելով, որ իրենց բանկի հիմնական ստրատեգիան Հայաստանում հայկական բանկերի հետ համագործակցության ընդլայնումը ու խորացումն է. «Մենք շատ ուշադիր ենք գործընկերների ընտրության հարցում: Անհրաժեշտ է, որ մեր գործընկերները կիսեն մեր փիլիսոփայությունը, կյանքի հանդեպ հայացքը, եւ միեւնույն ժամանակ` կոնկրետ հատկանիշներով օժտված ու հզոր բանկեր լինեն: Շատ հաճելի է, որ «Արարատբանկը» մտավ այն փոքր բանկային ընտանիքի մեջ, որոնց հետ մենք աշխատում ենք: Հուսով եմ, որ համագործակցությունը կնպաստի մեծ ու միջին բիզնեսի ընդլայնմանը, ինչը շատ կարեւոր է: Մենք կշարունակենք աշխատել «Արարատբանկի» հետ նաեւ հետագայում»:
Թե ի՞նչ տոկոսով է տրամադրվել վարկը, պրն Օսիպյանը չնշեց` ասելով, որ տոկոսադրույքը, որը տրամադրվում է, առեւտրային գաղտնիք է համարվում եւ չի հրապարակվում. «Բայց վարկը տրամադրվել է միջազգային տոկոսադրույքով եւ բանկի համար բավականին հարմար գնով: Իսկ ինչ վերաբերում է դրամաշնորհին, ապա այն կապված է տեխնիկական աջակցության հետ, որի ընթացքում բանկը ոչ թե գումար է ստանում, այլ որոշակի բանկային տեխնոլոգիա, ինչը բանկի համար շատ կարեւոր է, քանի որ ճանապարհ է դեպի միջազգային չափանիշներ: Այդ տեխնոլոգիաները թույլ կտան բանկին արագընթաց զարգացում ապրել: Դրանցից է միկրոբիզնեսի վարկավորման տեխնոլոգիան, եւ կարող եմ ասել, որ մենք արդեն սկսել ենք այդ ուղղությամբ աշխատանքները գերմանական խորհրդատվական ընկերության հետ, իսկ մյուսը միջին բիզնեսի վարկավորման տեխնոլոգիան է»,- նշեց նա: