Գինը՝ 1,9 մլրդ դոլար

21/01/2008

Հինգշաբթի երեկոյան Լաս Վեգասում տեղի է ունեցել 1,9 միլիարդ դոլար արժողությամբ Palazzo վիթխարի հյուրանոց-խաղատան բացումը: Դա խոշորագույն հյուրանոցային համալիր է Las Vegas Strip հռչակավոր փողոցում, որը կառուցվել է վերջին երեք տարում: Առաջիկա հանգստյան օրերին Palazzo-ի բացման առիթով տեղի կունենան հանդիսություններ, որտեղ սպասվում է լեգենդար երգչուհի Դայանա Ռոսի ելույթը: Palazzo հյուրանոցում կա 3066 համար՝ մի քանի սենյակներով: Համարի օրական արժեքն սկսվում է 199 դոլարից: Հյուրանոցի հարկաբաժինների ընդհանուր մակերեսը հանդիսավոր միջոցառումների եւ խորհրդաժողովների անցկացման համար կազմում է ավելի քան 200 հազար քառակուսի մետր: Las Palazzo-ի բացումից հետո Շելդոն Ադելսոնի Las Vegas Sands Corp. ընկերությունը, որին պատկանում է Palazzo-ն՝ «Վենետիկցի» մյուս խոշոր շքեղ հյուրանոցի հետ մեկտեղ, դարձել է Լաս Վեգասի հյուրանոցային եւ խաղային գործարարության դրոշակակիրը:

Palazzo-ի ներկայիս բացումը եւ 3 հազար համարով «Վենետիկցի Մակաո» հյուրանոցի բացումը, որը տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսին Չինաստանում, ցուցադրում է ընկերության ռազմավարությունը. բարձրակարգ առողջարանների ստեղծում մեծ տարածության վրա: Palazzo-ն արդեն ընդունում է հանդիսավոր միջոցառումների անցկացման պատվերներ, որոնք պլանավորված են 2012 թվականին: Ընկերության վերլուծաբանները հուսով են, որ դա կապահովի համարների զբաղեցում 45 տոկոսով: Ներկայումս Sands-ը նաեւ շարունակում է խաղատների նոր կայսրության շինարարությունը Չինաստանում: Ըստ նախնական տվյալների՝ այդ նախագիծն ընկերության վրա կնստի 13 միլիարդ դոլար: Բացի դրանից, եկող տարի Սինգապուրում պլանավորում է եւս մեկ խաղային առողջարանի բացում՝ 1,4 միլիարդ դոլար արժողությամբ: 2009 թվականի կեսերին Sands-ը պատրաստվում է խաղատուն բացել Փենսիլվանիայում, որտեղ կներդրվի 600 միլիոն դոլար: Ադելսոնի երկարաժամկետ պլաններում նախատեսված են խաղատների ստեղծում Կանզասում եւ նրա հայրենի նահանգում՝ Մասաչուսետսում: