Փառատոնն ընդլայնվում է

21/01/2008

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ այս տարի Երեւան կհրավիրվեն աշխարհի հայտնի կինոփառատոների, այդ թվում` Կաննի, Ռոտերդամի, Գյոթեբուրգի, Պուսանի նախագահներն ու տնօրենները, ինչպես նաեւ՝ համաշխարհային կինոյի «կնքահայրեր», հայտնի դեմքեր ու կինոաշխարհի անվանի գործիչներ: Երեւանյան երիտասարդ կինոփառատոնի 5-ամյակին ներկա կգտնվի նաեւ կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Փառատոնի գրասենյակից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ միջազգային կինոփառատոնի տեւողությունը 2 օրով ավելի կլինի նախորդներից. 5-ի փոխարեն` 7: Այն կանցկացվի հուլիսի 13-20-ը: Արդեն սկսվել է ֆիլմերի հայտերի ընդունումը: Այս տարի մեկով կավելանա նաեւ փառատոնի մրցութային անվանակարգերի թիվը. կկազմակերպվի մրցույթ տարածաշրջանի երկրներում ստեղծված ֆիլմերի համար: