Ամերիկյան հեղինակավոր «Heritage foundation» կազմակերպության` աշխարհի երկրների տնտեսական ազատության 2008թ. զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը (նախկինում 32-րդ տեղում էր) եւ համարվում է հիմնականում ազատ տնտեսությամբ երկիր: Ըստ զեկույցի` Հայաստանի նման հաջողությունը տպավորիչ է` հաշվի առնելով այն փաստը, որ այն շրջափակման մեջ գտնվող երկիր է: Հարցին, թե արդյոք այս գնահատականը քաղաքական ենթատեքստ ունի՞, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է. «Այո, բացի տնտեսական վերլուծությունից, այստեղ կա նաեւ քաղաքական մեծ ենթատեքստ: Չմոռանանք, որ «Heritage foundation»-ը ԱՄՆ իշխող վերնախավին մոտ կանգնած կենտրոններից է, եւ շատ մեծ ազդեցություն ունի ԱՄՆ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վրա: ՀՀ նախագահական ընտրություններից առաջ ՀՀ-ին տրված նման գնահատականը հիմնված է ինչպես օբյեկտիվ տվյալների վրա, այնպես էլ` իր մեջ կրում է քաղաքական ենթատեքստ: Այն է`սատարում են ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը եւ, ինչպես արդեն ասացի` մոտ կանգնած լինելով ԱՄՆ վերնախավին եւ նրանց սնելով տարբեր տեսակի վերլուծական նյութերով, կարելի է սա ընդունել որպես ծպտված աջակցություն գործող իշխանություններին եւ ՀՀ կառավարությանը»: