«Եթե պետք է՝ ընդդիմության դեմ էլ ընդդիմություն ենք»

18/01/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի Կենտրոնական շտաբում, որը տեղակայված է «Ազգային Միաբանություն» (ԱՄ) կուսակցության գրասենյակում, նախընտրական ակտիվ մթնոլորտ էր: Կուսակցության նախագահն ու փոխնախագահները թերթերին հարցազրույցներ էին տալիս:

Անցած տարիներին հավաքել եւ արխիվավորել են մամուլում տպագրված բոլոր այն նյութերը, որոնք վերաբերում են կուսակցության գործունեությանը, նախագահին եւ անդամներին: Հավաքվել, տեսակավորվել եւ խնամքով արխիվացվել են այս տարիների ընթացքում ԱՄ նախագահի, փոխնախագահների ու անդամների բոլոր հարցազրույցները եւ քաղաքական թեմաներով շատ այլ նյութեր: Հիմա՝ նախընտրական այս թուհուբոհի ժամանակ կուսակցությունը լույս աշխարհ է հանել այդ բոլոր նյութերը: Եվ եթե որեւէ մեկը ԱՄ նախագահի եւ կուսակցության հասցեին ինչ-որ բան է ասում, ապա անցյալում հրապարակված նրանց խոսքերով հակադարձ հարված են հասցնում: «Բա ո՞նց,- ասում է կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը: -Բա այդ մարդկանց չհիշեցնե՞նք, թե նախկինում ովքե՞ր են եղել, ի՞նչ են ասել եւ հիմա ինչպե՞ս են կտրուկ փոխել իրենց դիրքորոշումը»: Իսկ ընդհանուր առմամբ «Ազգային Միաբանությունը» կատարել է նախընտրական քարոզարշավի բոլոր նախապատրաստական աշխատանքները: Ա. Գեղամյանի նախընտրական շտաբի պետը, ինչպես միշտ, կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն է: Մյուս փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը քարոզչության եւ միջկուսակցական կապերի պատասխանատուն է: Կարեւոր պարտականություններ են դրված նաեւ մյուս երկու փոխնախագահների՝ Կորյուն Առաքելյանի եւ Սարգիս Մուրադխանյանի վրա, նրանցից առաջինը կոորդինացնում է Երեւանի, իսկ երկրորդը՝ մարզերի աշխատանքները: Արդեն ստեղծվել են 53 շտաբներ, որոնցից 12-ը գործում են Երեւանում, իսկ 41-ը՝ մարզերում: Ըստ Ա. Կարապետյանի` այս բոլոր շտաբներն իրենց հերթին ունեն 10-15 ենթաշտաբներ: Այնպես որ, կուսակցության նախընտրական քարոզարշավն աշխատում է ամբողջ երկրով մեկ: Առաջիկա երկու օրերեւմ պատրաստ կլինի Ա. Գեղամյանի նախընտրական «Արարման» ծրագիրը: Կուսակցությունը կօգտվի օրենքով ընձեռված նախընտրական քարոզարշավի բոլոր հնարավորություններից: Կօգտագործի 60 րոպե անվճար եւ 120 րոպե վճարովի եթերաժամերը: Եվ ընդհանրապես Ա. Գեղամյանն ու ԱՄ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու մեծ փորձ ունեն: Կուսակցությունը երեք անգամ մասնակցել է ԱԺ ընտրություններին եւ պատգամավորական մանդատներ է ստացել: Ա. Գեղամյանը թեեւ չի հաղթել, բայց երկու անգամ ՀՀ նախագահական ընտրություններին է մասնակցել։ Եվ այդ ահռելի փորձով պարոն Գեղամյանն այս տարի երրորդ անգամ է մասնակցում նախագահական ընտրություններին:

«Ունենք 8 բաժիններից եւ 83 ենթաբաժիններից բաղկացած նախընտրական քարոզչական պլան-գրաֆիկ: Պատրաստ են ագիտացիոն գովազդային միջոցառումները: 10.000 օրինակով «Արարման» ծրագրի առաջին տպաքանակը շուտով կլինի: Իրավաբանների խումբն է պատրաստ, որ այդ դաշտում խնդիրներ լինելու դեպքում կարողանանք կարգավորել: Բոլոր մարզերում հանդիպումներ եւ մեծ հանրահավաքներ են լինելու: Ծրագրում ենք օգտագործել հանրապետության ամենամեծ դահլիճները, որպեսզի այս ցրտերին հնարավոր լինի հանդիպել ժողովրդի հետ: Ա. Գեղամյանի հետ հանդիպումները տեւում են 2-2,5 ժամ: Հնարավորություն պետք է ստեղծենք, որ այդ հանդիպումներին յուրաքանչյուր գյուղից, ավանից մասնակցեն մի քանի ներկայացուցիչներ: Սա մինիմալ ծրագիրն է, կա նաեւ մաքսիմալ ծրագիրը, որն արդեն ընթացքում պարզ կլինի: Փորձը ցույց է տալիս, որ Ա. Գեղամյանի այցերի ժամանակ մարդիկ գյուղերից դուրս են գալիս եւ փողոցում ստիպողաբար կանգնեցնում են մեքենաները: Դրանք արդեն չնախատեսված հանդիպումներն են: Նախատեսում ենք նաեւ ընտրությունների օրը քվեարկության ընթացքը վերահսկող միջոցառումներ»,- ասում է պարոն Կարապետյանը:

Մեր զրույցի ընթացքում Ա. Կարապետյանը եւ Գ. Թադեւոսյանը հաճախ էին շեղվում իրենց կուսակցությանը եւ թեկնածուին վերաբերող թեմաներից եւ քննադատում էին ՀՀՇ-ին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եվ ընդհանրապես ԱՄ փոխնախագահների քննադատությունն ավելի շատ ուղղված էր Լ. Տեր-Պետրոսյանին, քան գործող իշխանություններին: «10 տարի է ԱՄ-ն քաղաքական դաշտում է, եւ ոչ մեկը չի կարող մեզ ստիպել պաշտպանել որեւէ մի թեկնածուի. լինի դա նախկին թե ներկա իշխանությունից, – նշեց Ա. Կարապետյանը: -Ասում է՝ ես եկել եմ, դուք ինձ միացեք, սրանց երկրից հանենք: Այդպես պետք է չլիներ, նա պետք է կանգներ որեւէ մի լիդերի կողքին»: Ընդունված է, որ ընդդիմությունը հատկապես ընտրությունների ժամանակ պետք է քննադատի իշխանություններին: Սակայն այս պարագայում տարօրինակ է, որ ԱՄ ղեկավարների կողմից ներկա իշխանություններն ավելի մեղմ քննադատության են արժանանում, քան նախկինները: Ինչո՞ւ: «Այն ժամանակ, որ ինքը եղել է, երկիրը գցել է այս օրին, հիմա ես ինչպե՞ս թողնեմ, որ իմ ժողովուրդն այս մարդուն հավատա: Սրանք քանդեցին Սովետական Միության ամեն ինչը, տնտեսությունից, քաղաքային ստրուկտուրայից բռնած: Միգուցե դա ամբողջ աշխարհում կատարվեց, չգիտեմ: Ասում է` օլիգարխներ կան, երբ օլիգարխներն իր ժամանակ էլ են եղել, ասում է՝ կաշառակերություն, կոռուպցիա կա, բայց դրանք այն ժամանակ էլ կային»,- ասում է Ա. Կարապետյանը:

Եվ տպավորություն է ստեղծվում, որ ԱՄ կուսակցությունն այսօր ավելի շատ պայքարում է, որ ոչ թե ներկա իշխանությունները չվերընտրվեն, այլ՝ նախկինները հանկարծ իշխանության չգան: «Այո, եթե պետք է՝ ընդդիմության դեմ էլ ընդդիմություն ենք»,- ասում է պարոն Կարապետյանը։

Ահա այդ կեցվածքն է այսօր մամուլին առիթ տալիս գրելու, թե Ա. Գեղամյանը համագործակցում է իշխանությունների հետ: «Ոչ մեկը չի կարող «Ազգային Միաբանությանը» եւ նրա ղեկավարին մեղադրել իշխանությունների հետ համագործակցելու մեջ: Եթե այսօր Գեղամյանն ինչ-որ մի բան էլ անում է, իր ժողովրդի ապագայի համար է անում»,- ասում է Ա. Կարապետյանը:

ԱՄ կուսակցությունը 2007թ. ընտրությունների ժամանակ բավարար քվեներ չկարողացավ հավաքել եւ ԱԺ չկարողացավ մտնել: Սա չի՞ նշանակում արդյոք, որ կուսակցության վարկանիշը եւ ժողովրդի հավատն ԱՄ-ի եւ նրա ղեկավարի նկատմամբ ընկել է: Ա. Կարապետյանը, սակայն, այդպես չի կարծում: Նա նաեւ չի կարծում, որ 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ զանգվածային կեղծիքներ են եղել: ԱՄ փոխնախագահը ավելի շուտ համոզված է, որ ժողովուրդը պարզապես ընտրել է այն թեկնածուին կամ կուսակցությանը, ումից կաշառք է ստացել: Եվ պարոն Կարապետյանն այդ հանգամանքով է պայմանավորում Ա. Գեղամյանի՝ բոլորի համար տարօրինակ լռությունը: Այնուամենայնիվ, ԱԺ ընտրություններին պարտված կուսակցության ղեկավարն ի՞նչ ակնկալիքներով է գնում դեպի նախագահական ընտրություններ: «Արտաշես Գեղամյանի շանսերը բարձր եմ գնահատում, ամենամեծ փորձ ունեցող գործիչն է, բոլոր ընտրություններին մասնակցել է: Գեղամյանը Երրորդ Հանրապետությունում պաշտոն չի ունեցել եւ բացասական ոչ մի երեւույթի չի մասնակցել, ձեռքերը մաքուր են: Այս եւ նախկին իշխանություններին քննադատող 1000 էջանոց գիրք է գրել, 21 ելույթ է ունեցել եվրոպական ամենաբարձր ատյաններում, ուր հայ ժողովրդի պատիվն էր պահում: Եթե մենք ուզում ենք այս ազգը ապագա ունենա, Գեղամյանը պետք է դառնա նախագահ»,- ասում է Ա. Կարապետյանը:

Իսկ մինչ այդ հունվարի 21-ին ԱՄ կուսակցության նախընտրական առաջին միջոցառումը կլինի Ա.Գեղամյանի «Արարման» ծրագրի շնորհանդեսը: