«Heritage Foundation» ամերիկյան աշխարհահռչակ կազմակերպության վերջերս հրապարակած վարկանիշային աղյուսակից զատ, որտեղ Հայաստանն աշխարհի առաջատարների շարքին էր դասված տնտեսական ազատությունների տեսակետից, ՀՀ իշխանությունները 2007թ. վերջին նման գնահատական էին ստացել նաեւ Արեւմուտքի հեղինակավոր «Foreign Policy» ամսագրի կողմից։ Վերոհիշյալ կազմակերպությունը հրապարակեց աշխարհի ձախողված երկրների ինդեքսը 2007թ. համար, ըստ որի՝ 177 ուսումնասիրված երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 112-րդ հորիզոնականը, ինչը, ըստ այդ կազմակերպության, նշանակում է պետական կայունության եւ կայացվածության բարձր մակարդակ։
Հիշեցնենք, որ այս ուսումնասիրության մեջ որքան ավելի ցածր է երկրի զբաղեցրած տեղը, այնքան ավելի կայուն եւ կայացած է համարվում տվյալ երկիրը։ Օրինակ, ամենաառաջատար կայուն երկրներ ճանաչված Շվեդիան, Ֆինլանդիան եւ Նորվեգիան այս ուսումնասիրության արդյունքում զբաղեցրել են համապատասխանաբար 175, 176 եւ 177-րդ հորիզոնականները։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանի դիրքերը բարելավվել են՝ անցյալ տարի 146 երկրների ցանկում զբաղեցնելով 89-րդ հորիզոնականը, 2007-ին, արդեն 177 երկրների մեջ, Հայաստանը զբաղեցրել է 112-րդ հորիզոնականը։ Կայունության աստիճանով Հայաստանն ԱՊՀ երկրների առաջատարն է, մինչդեռ մեր հարեւանները զիջում են իրենց կայունության աստիճանով, զբաղեցնելով համապատասխանաբար՝ Իրանը՝ 57-րդ, Վրաստանը՝ 58-րդ, Ադրբեջանը՝ 62-րդ, իսկ Թուրքիան՝ 92-րդ տեղերը։ Բարելավվել է նաեւ Հայաստանի բացարձակ ցուցանիշը՝ 71,5-ից դառնալով 70,3։
Նախորդ տարվա համեմատ 2007-ին Հայաստանի համար ավելի բարենպաստ են գնահատվել ժողովրդագրական իրավիճակը, մարդկային ռեսուրսի արտահոսքը, տնտեսական կայունությունը, պետության լեգիտիմացումն ու ապաքրեականացումը, պետական արդյունավետ կառավարումը եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտները։