Անկեղծ ասած, չկամությամբ եմ գրիչ վերցնում: Սկզբնառիթը իմ հարցազրույցն
էր՝ տպագրված «Հայոց աշխարհ» օրաթերթում, ուր փորձել էի իմ կարծիքներում
ու եզրահանգումներում հնարավորինս անկեղծ ու զուսպ լինել: Անդրադարձել էի
գրական եւ մերձգրական կյանքի հոռի երեւույթներին, համահարթման այն
կարոտախտին, որ նորից գլուխ է բարձրացնում Գրողների միությունում, գրողի
եւ գրականության բարոյական ուղղվածության, տիրող գրական բարքերի եւ բազում
այլ հարցերի, որ հուզում են բոլորին:
Նյութը տպագրվեց կրճատումներով եւ որոշակի մեղմացումներով ու
մեղմասացություններով, որ հարկ էր համարել կատարել հարգելի հարցազրույց
վարողը: Անկեղծ ասած, ես դժգոհելու առիթ չունեմ: Բայց ահա թերթում տեղ է
գտել մի այլ հրապարակում, ուր խախտված են բարոյական բոլոր նորմերը:
Բանաստեղծ Ա. Հարությունյանը հարկ է համարել պատասխանել իր գրքի ու նրա
համար ստացած գրական մրցանակի, ինչպես նաեւ բանաստեղծուհի Սիլվա
Կապուտիկյանի հասցեին զազրախոսության առթիվ իմ անդրադարձին, որն ընդամենը
մի քանի տող էր զբաղեցնում: Դա ստիպում է ինձ ընդլայնել այդ մի քանի տողը
եւ նրան անդրադառնալ արդեն մի ամբողջ տողատակով, մանավանդ որ, նման
դեպքերում, տողատակը եւս ժանրի իրավունք ունի:
Կարելի էր, անշուշտ, չխոսել այս մարդու մասին, սակայն նա, իր նմանների
նման, սպառնում է աղետ դառնալ առանց այն էլ մոլորված ու շփոթահար մեր
գրականության գլխին: Նա մեղադրում է ինձ ՀՀՇ-ի թիկնոցի տակ թաքնվելու
(հավանաբար նկատի ունենալով նախկինում իմ զբաղեցրած պաշտոնը),
քամելեոնության եւ էպիգոնության մեջ, բնավ չանդրադառնալով հարցազրույցում
բարձրացված խնդիրներին:
Այսպես, նա գրում է. «Հիմա որոշել է պաշտպանության տակ առնել ավագ սերնդի
բանաստեղծուհուն, հիշեցնելով նրա բարձր քաղաքացիական կեցվածքը, ինչն ինձ
համար միանգամայն ընդունելի է: Բայց նույն Հրաչյա Թամրազյանը ժամանակին
ՀՀՇ-ի թիկնոցի տակ մտած քննադատում էր հենց նույն բանաստեղծուհուն…»:
Միանգամից հիասթափեցնեմ զազրախոսին՝ այն կառավարությունում՝ լավ, թե վատ,
որտեղ ինձ հրավիրել էին աշխատանքի, չէին ընտրում ըստ կուսակցական
պատկանելության, այնտեղ իշխող կուսակցությունից, որքան էլ զարմանալի է,
մարդիկ չկային կամ համարյա չկային, իսկ Սիլվա Կապուտիկյանին ժամանակին
քննադատելու մասին միտքը, որի համար նա ինձ մեղադրում է քամելեոնության
մեջ, ուղղակի մտագարի զառանցանք է: Հնարանքը պարզ է՝ ամեն ցնորամիտ խոսք,
միեւնույն է, տպավորություն է թողնում, բայց ի՞նչ միջավայրում:
Արդ, ի՞նչ է ազդարարում իր գրքով եւ հրապարակային ելույթներով Ա.
Հարությունյանը, որ ստիպում է հիշել իր աչք ծակող գոյությունը: Այսպես,
հընթացս մեջ եմ բերում եթերում հնչած նրա մտքերը. «Հայ մշակույթը եւ հայ
մտավորականությունը հայտնվել են համաշխարհային մշակույթի ետնաբակում, հայ
գրականությունից գոմի հոտ է փչում (նկատի ունի Հրանտ Մաթեւոսյանին.-Հ.Թ.),
հայ գրականությունը վարակված է ժանտախտով», բայց «քանի որ նա մի պոետ է
արցախցի, նրան չի կպչի ժանտախտի որեւէ բացիլ» (քաղվածք հեռուստաելույթից):
Նա սեփականաշնորհել եւ տարփողում է «Արցախի արծիվ» մականունը, որ հումորով
նրան էր շնորհել մեր գրական այրերից մեկը, եւ հենց այս բարձր ու վսեմ
անունով, սեւ ու մութ տարիներին, իշխանությունների թեթեւ ձեռքով «Արցախի
արծիվը», իբրեւ «անկախացող Ղարաբաղի բարձրագույն «դեսպան», սավառնում էր
ամերիկյան խաղաղ երկնակամարում, մինչ «նախագահի կիսակույր աչքի ներքո
թուրք ագենտը նստած էր ամեն քայլի վրա» (բանաստեղծության տողերն են):
Գայթակղությունս զսպելով՝ միայն մի քանի տող եմ մեջ բերում նրա՝ պետական
մրցանակի արժանացած գրքից եւ խորհուրդ եմ տալիս այն գեթ մեկ անգամ
ընթերցել: Ահա մի հատված «բանաստեղծությունից», որ նա նվիրել է ՀԳՄ
նախագահին (կետադրությունը հեղինակինն է).
Երբ սպասում էի ժամադրությունից ուշացող մի կույսի
(այդպես ներկայացավ նա այդ օրը),
բայց հետո պարզվեց սեքսի զգացողություն չունի,
եւ հաճախ էր օգտագործել յուր հեշտոց
եւ խոստովանեց անկողնում, որ ծնողները
ստիպում են նրան մտնել կուսանոց,
որպես մեղքերը քավելու հեշտ միջոց:
Իսկ ահա մի հատված նրա «չափածո» գրական մանիֆեստից.
Ո՞ւր ես գնում այս ուշ ժամին
ա՛յ նոր պոեզիայի առաջնորդ եւ վերջին մոհիկան…
հայ պոեզիան տանելով նորագույն արվեստների մաքառող զոքանչանոց…
դեպի
Մասիս սար
որպես խեւոտ փառքի անհաս գագաթ… (էջ 62)։
Սակայն չգիտի «վերջին մոհիկանը», որ կարճ է խեւի փառքը եւ անկումը՝ շռնդալի: Ահա եւս մի հատված նրա գրական «հանգանակից».
Մեկ այլ շլմորած գյուղագիր
կովի կերպարն էր ստեղծում հայ վեպում
(կովը վեպում անում էր մըշշ, բըշշ եւ այլն),
եւ դա հռչակվեց հայ գրականության անզուգական ալիտերացիայի նշան…
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Խոսքը Հրանտ
Մաթեւոսյանի մասին է, որին քամելեոնաբար գնահատանքի խոսքեր է շռայլում
«խեւոտ փառքի» այս ասպետն իր հարցազրույցում:
Այսպես շարունակ, տող առ տող կարելի է թերթատել նրա գիրքը, բայց դա
ուրիշներն արդեն արել են հրապարակավ եւ ինձնից ավելի լավ: Սակայն ինձ
ուրիշ բան է մտահոգում: Ինչո՞ւ այս մարդը հանկարծ հայտնվեց գրական կյանքի
կենտրոնում, որ առանց այն էլ տառապում է ոճի անկման համախտանիշով: Ինչո՞ւ
են էկրանն անհատույց տրամադրել այս տրագիկոմիկական ֆարսին. չէ՞ որ այն
առանց այն էլ լի է զվարճալի, կիսահայերեն ծիծաղաշարժ ծրագրերով: Ինչո՞ւ են
այսպես հետեւողականորեն «փչացնում» հասարակությանը՝ փորձելով ջնջել որեւէ
հեռավոր հուշ անգամ բարոյականության մասին: Թե՞ ավելի հեշտ է կենցաղավարել
մթագնած բանականության տիրույթներում:
Ահա այժմ էլ մի այսպիսի փորձանք, նմանատիպ ցուցանք-պատկեր: Այսպիսի ֆարսը՝
քաղքենու չռված աչքերի առջեւ իր անճարակ ծամածռություններով, գավառական
թատրոնում կարող է տպավորություն թողնել: Ցավոք, այսօր մեր մայրաքաղաքը
հաճախ մտքի գավառ է հիշեցնում, ուր միայն առակն ու անեկդոտն են խոսքի
բեմահարթակում, եւ գրիմասն ու ծամածռությունը ծափեր են կորզում:
Դե ինչ, բոլորս դուրս գանք թամաշա եւ համայնական մի շուրջպար բռնենք: Եվ
վախենում եմ, որ այս ամենը կարող է հասցնել մի մասսայական փսիխոզի, որի
նշաններն արդեն կան: Քաղաքը գնալով նմանվում է մի կատարյալ աբսուրդի
թատրոնի կամ նորակառույց խենթանոցի:
Այո, մեր կյանքում բեմը շուռ է եկել գլխիվայր, ամեն ինչ վերածվել է ֆարսի
եւ խեղկատակության: Իսկ ի՞նչ անել, երբ հոգեւոր հաշմանդամ, խեղված մարդն է
հայտնվել թատերաբեմում: Ի՞նչ անել, փակե՞լ վարագույրը այդ մտագարի
պատճառով, չէ՞ որ նրանք միշտ եղել են, չէ՞ որ նա միակը չէ իր տեսակի մեջ:
Մտահոգիչն այլ բան է. այդ մարդուն, որն արդեն հանրապետական եւ սփյուռքահայ
մամուլից հայտնի էր իբրեւ վաշխառու եւ կողոպտիչ, որն ունեզրկել ու տնանկ է
արել բազմաթիվ միամիտ մարդկանց, ի ցույց են դնում հանրապետությանն՝ իբրեւ
գրական ճաշակի մունետիկի, եթերը հեղեղում են նրա մտքերի թափոնով,
այլասերումներով եւ ձեւախեղումներով: Ինչո՞ւ: Ի՞նչ է եղել մեզ: Ո՞ւր են
նայում մեր գրական կյանքի օրենսդիրները, ինչո՞ւ են խոսքի խրտվիլակներ ի
ցույց դնում աշխարհին: Ընթերցե՞լ են նրա մտքի արտավիժումները, թե՞ ոչ: Թե՞
միայն բնաբանի եւ քաղաքական «զեղումների» համար են դափնիներ շնորհել,
բնաբան, որից գավառամտության հոտ է փչում («Աստված էլ է ղարաբաղցի»), եւ
ողջ գիրքը պսեւդո-նորարարության եւ գավառամտության անդուր շաղախ է, որին
երբ կույր ատելությունն է միանում, վեր է ածվում շարավի: Ի՞նչ առանցքի
շուրջ է պտտվում, ո՞ւմից է վրեժ լուծում այս մարդը: Նրան կարելի էր նաեւ
խղճալ, եթե այսքան բարձր չճչար:
Այս ամենի մասին գրվել է բոլոր ժամանակների ամենաերեւելի գրքերից մեկը՝
«Գովք հիմարության», եւ մեր կյանքը առատ նյութ է տալիս դրա համար. աճում
են գրոտեսկային, ֆանտասմագորիկ կերպարներ, հռնդացող հուշկապարիկներ, որոնց
կնախանձեին անգամ մեծ առակագիրները: Առակախոս ու եղծաբերան ամբոխն անգամ
չի կարողանում ընկալել ու մտապահել իր խեղկատակներին: Հիմա պետք է միայն
վերաձեւակերպել խորագիրը՝ «Գովք տխմարության», իսկ տխմարությունը վարակիչ
հիվանդություն է, այդ համախտանիշով շատերն են տառապում: Հիրավի, երբ
մթագնում է բանականությունը, մտագարն է բեմ բարձրանում…
(Մնացածը՝ հաջորդ տողատակում):