«Անհնար է, որ նախագահի ընտրություններն ավարտվեն առաջին փուլով: Ուղղակի անհնար է: Իշխանության թեկնածուն այնքան վարկաբեկված է, որ չի կարող միանգամից հաղթել առաջին փուլում»,- երեկ հայտարարել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Եթե իշխանությունները փորձեն կեղծել ընտրությունները եւ հենց առաջին փուլում հայտարարեն, որ հաղթել է Սերժ Սարգսյանը, ապա տիկին Բիշարյանը խոստանում է, որ ՕԵԿ-ը եւ ոչ միայն ՕԵԿ-ը փողոց դուրս կգան. «Համոզված եմ, որ ընդդիմադիր բոլոր ուժերը կմիավորվեն: Կեղծիքների դեմ պայքարելու ճանապարհը դա է: Վստահ եմ, որ լինելու է երկրորդ փուլ, եւ երկրորդ փուլում լինելու է Արթուր Բաղդասարյանը: Հիմնական մրցակցությունն ընթանալու է Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ»: Հեղինե Բիշարյանը չի կասկածում, որ պետական բոլոր կառույցները վարչական ռեսուրսն օգտագործելու են իշխանության թեկնածուին երկրորդ փուլ անցկացնելու համար, հակառակ դեպքում, Բիշարյանը գտնում է, որ երկրորդ փուլ կանցնեին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արթուր Բաղդասարյանը: Իսկ եթե Արթուր Բաղդասարյանը չանցնի երկրորդ փուլ, ապա, Բիշարյանի խոսքերով՝ ՕԵԿ-ը կպաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բիշարյանը բացառում է, որ ՕԵԿ-ը փոխի իր դիրքորոշումը, եթե նույնիսկ փորձեն իրենց հետ այլ լեզվով խոսել: Հայաստանի մարզերից վերադարձած ՕԵԿ փոխնախագահը երեկ ասել է նաեւ, թե մարզերում մարզպետները, գյուղապետները կանչում են բոլորին՝ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին, եւ պարտադրում են «ձայներ բերել»: «Կան գյուղապետեր, որ մեզ ասում են՝ իմ ճակատագիրը կախված է իշխանության թեկնածուին 90 տոկոս ձայն ապահովելու հետ: Արմավիրի գյուղապետը վախեցնում է գյուղացիներին, թե՝ հողի, ջրի վարձը չվճարելու համար դատի կտանք, եթե չընտրեք իշխանության թեկնածուին: Իրենց գործը թողած՝ ընկել են ժողովրդի ջանին: Սա խայտառակություն է: Էլ ինչո՞ւ ենք ընտրություններ անցկացնում»,- նշել է Բիշարյանը: Տիկին Բիշարյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ է արել շրջել մարզերում եւ տեսնել, թե ինչ է կատարվում: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ նա նկատել է, որ 2008թ. բյուջեով 170 միլիոն դրամ է հատկացված նոր անձնագրեր տպագրելու համար. «Կարո՞ղ են բացատրել, թե մեր ինչին է պետք 170 է միլիոն դրամի նոր անձնագրերը: Քանի՞ 16 տարեկան երեխայի պետք է նոր անձնագիր տրվի: Փաստորեն, «Անձնագրեր օպերացիա-2007»-ը շարունակվում Է: Եթե մենք հետեւենք, թե ում են անձնագրեր տալիս, պարզ կդառնա, թե ինչու է բյուջեով հատկացվել այդ 170 միլիոն դրամը»: