Հրդեհ կենտրոնում

18/01/2008

Երեկ կեսօրին հրդեհ է բռնկվել Երեւանում՝ Արհմիությունների կոնֆեդերացիայի շենքի նկուղում: Հրդեհի ծուխը շենքի վերին հարկերի լուսամուտներից դուրս էր եկել: ՀՀ Փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ հրդեհի ահազանգը ստացել են ժամը 14:21-ին, եւ 5 րոպե հետո առաջին մեքենան դեպքի վայրում է եղել, ավելի ուշ միացել են եւս 2 հրշեջ մեքենաներ: Փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է հրդեհը մարել միայն երկու ժամ հետո: Նրանք հոսանքազրկելու խնդիր են ունեցել, դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որն էլ անջատել է հոսանքը: Փրկարար ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցները նաեւ տեղեկացրին, որ այրվել են էլեկտրական լարերը եւ 30 քմ տարածքը` գրասենյակային իրերով: Հրդեհի վերջնական պատճառները դեռ պարզվում են, ամենայն հավանականությամբ, այն բռնկվել է նկուղի էլեկտրալարերից: Ավելացնենք, որ նույն շենքում է գտնվում նաեւ «Կոնվերս» բանկի կենտրոնական գրասենյակը: Երեկ կեսօրից հետո բանկի աշխատանքները դադարեցվել էին, որովհետեւ ծուխը լցվել էր նաեւ նրանց տարածք: Հրդեհի պատճառով երեկ հոսանքազրկվել եւ չէր աշխատում նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի բանկային համակարգը: