«Freedom House» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցում Հայաստանն արդեն 7-րդ տարին անընդմեջ դասվել է մասամբ ազատ երկրների շարքում: Նույն դասակարգմանն է արժանացել նաեւ Lեռնային Ղարաբաղը: Հարեւան պետություններից Թուրքիան եւ Վրաստանը եւս դասվել են մասամբ ազատ երկրների խմբում: Իսկ Վրաստանը, որը նախորդ տարի միջազգային կազմակերպության կողմից բնորոշվել էր որպես ԱՊՀ-ի համեմատաբար լուսավոր կետերից մեկը, այս անգամ մեկ կետով նահանջել է` թե՛ քաղաքական իրավունքների, թե՛ քաղաքական ազատությունների ցուցանիշներով: Ի դեպ, ըստ զեկույցի` ԱՊՀ պետություններից միայն Ուկրաինան է գնահատվել ազատ: «Freedom House»-ի հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերն ասել է, թե «նարնջագույն հեղափոխությունից» հետո այդ երկրում մի շարք ընտրություններ են անցկացվել, որոնք բոլորն էլ եղել են խաղաղ, մասնակիցներն ընդունել են արդյունքները, ինչը շատ հազվագյուտ երեւույթ է ԱՊՀ տարածքում, որտեղ ընտրություններն ու ընտրական գործընթացները ավելի հաճախ կառավարվելու ու մանիպուլյացիաների ենթարկվելու միտում ունեն»: Ընդհանուր առմամբ, ըստ «Freedom House»-ի, աշխարհում ազատ է 90 երկիր, 60-ը մասամբ ազատ են, 43-ը` անազատ: