Հետամանորյա ցրտերի պատճառով չես հանդգնի նույնիսկ նախընտրական պայքարը թեժ անվանել: Մինչդեռ ՀՀ նախագահի թեկնածուներն իրար ետեւից հրապարակում են իրենց ծրագրերը: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ նախընտրական բացիկներ են բաժանվում: Այս ցուրտ օրերին կարելի է նստել տանը, դիմավորել դռնեդուռ ընկած քարոզչական խմբերին եւ նրանցից ստանալ քարոզչական թերթոններ: Կարելի է նաեւ հնարավորության դեպքում Ինտերնետով հետեւել դեպքերի զարգացմանը: Նախընտրական խաղի կանոններին հավուր պատշաճ յուրաքանչյուր թեկնածու իր արժանիքներն է ցուցադրում ընտրողների առջեւ: Նախագահական ընտրություններն ահագին տարբերվում են խորհրդարանականից: Թեկուզ թեկնածուների կենսագրական տվյալներով: Հիմա մեր` ընտրողներիս գործն ավելի հեշտ է: Հարկավոր է ծանոթանալ ընդամենը 9 թեկնածուների կենսագրության հետ: Սա բարդ գործ չէ: Իննից ընդամենը մեկ-երկուսի կենսագրությունն է անհայտ լայն հասարակությանը: Թեկնածուներից համարյա ոչ մեկի կրթական ցենզը կասկած չի հարուցում: Բայց արտասովոր տվյալներ նույնիսկ այստեղ կան: Թեկնածուներից մեկի կենսագրականի «կրթություն» ենթաբաժնում գրված է՝ «պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով»: Բայց նույնիսկ այս սխալն իրավունք չի տալիս պնդելու, որ սույն թեկնածուի կրթական ցենզը թույլ չի տալիս տարբերակել մեդալի հետ տրվող փաստաթուղթը կրթական ցենզ արձանագրող փաստաթղթից: Բայց այս կարգի մանր-մունր սխալները ոչինչ են նախընտրական խոստումների համեմատ: Ցանկացած նախընտրական փուլ ամբոխահաճ խոստումների շրջան է: Ուստի, թե ծրագրերում, թե բացիկ-բուկլետներում ճոխ խոստումներ են: «Հայաստան երկիր դրախտավայր» խոստանում են նույնիսկ ամենաալարկոտ թեկնածուները: Նրանց հասարակական-տնտեսական ծրագրերը մինչեւ ընտրություններ այս կամ այն չափով կվերլուծվեն մամուլում: Նախընտրական ծրագրերը, որ այսօր թեկնածուների հպարտության առարկան են, մեկ օրում չէ, որ գրվել են: Ուստի ես չեմ հանդգնի տալ դրանց հապճեպ վերլուծությունները: Իսկ այ բուկլետ-բացիկները կարելի է դիտարկել: Հատկապես, որ դրանք, որպես կանոն, ինքնատիպ են: Յուրաքանչյուրն իր կարգախոսն ունի եւ այս կամ այն չափով աղավաղում է մայրենին: Օրինակ, քաղաքական ավանդական ուժերից մեկի թեկնածուն բացիկով առաջարկում է իր հետ համաձայնագիր կնքել: Սա նորամուծություն է մեր քաղաքական կյանքում: Բոլոր առումներով: ՀՀ քաղաքացիները կարող են կնքել սույն համաձայնագիրն՝ առանց որեւէ պարտավորություն ստանձնելու: Փոխարենը հինգ պարտավորություն է ստանձնում ՀՀ նախագահի թեկնածուն: Բացիկի վրա նույնիսկ նրա ստորագրությունը կա: Հետեւաբար կարելի է ենթադրել, որ այդ համաձայնագիրն արդեն ուժի մեջ է: Ցանկացած քաղաքացի կարող է պահանջել պարտավորությունների կատարումը: Նշված հինգ կետերից առնվազն մեկն արժանի է մեջբերման. «ապահովել ՀՀ ազատ քաղաքացի, արդար համակարգ»: Իրավագիտության տեսանկյունից համաձայնագիրն իրավ որքան անզուգական, նույնքան էլ թերի է: Միանշանակ ու պարզ նշված չէ, թե սույն թեկնածուն ո՞ւմ է «ապահովում ՀՀ ազատ քաղաքացի»` մեկական հատ յուրաքանչյուր ընտրողի, թե, ասենք, ամեն ընտանիքի: Պարզ չէ՝ ի՞նչ կարելի է անել այդ «ազատ քաղաքացու» հետ: Օրինակ, կարելի՞ է նրան խնդրել մեկ բաժակ սուրճ եփել: Թե՞ դա կհամարվի սույն «ազատ քաղաքացու» իրավունքների սահմանափակում: Համաձայնագիրն ընդունող ամեն քաղաքացի, կարծես, ազատ է ընտրելու, թե իրեն որ ոլորտի «արդար համակարգ» են խոստացել: Ստեղծագործական լիակատար ազատություն է տրված: Եթե դուք խնդիրներ ունեք կրթական համակարգի հետ, ձեզ կտրվի արդար կրթական համակարգ: Եթե դժգոհ եք դատական համակարգից` կտրամադրվի արդար դատական համակարգ: Ցրտաշունչ այս օրերին ոմանք կարող են դժգոհություն ունենալ Արեգակնային համակարգից: Նրանց էլ ավելի արդար Արեգակնային համակարգ կտրամադրվի: Նույն ակնկալիքը կարող են ունենալ Մենդելեեւի պարբերական համակարգից դժգոհները: Եվ այսպես շարունակ: Իրավ հասկանալի չէ, թե ինչու ՀՀ նախագահի այս թեկնածուն պարզ ու հասկանալի մայրենիով չի խոստանում լինել քաղաքացիական ազատությունների եւ արդարության երաշխավորը: Դժվար չէ ենթադրել՝ գրավոր տեքստերում մայրենին քաղաքագիտական նոր ձեւակերպումներով զարդարողներն ինչ ոգեշնչմամբ են նույնն անելու իրենց բանավոր խոսքում: Պաշտոնական քարոզարշավի մեկնարկին բան չմնաց: Կապրենք ու կվայելենք: