Ամանորյա տոներից հետո տաքսու վարորդները դժվարությամբ են կարողանում աշխատել: Ոմանք ոգեւորությամբ պատմում են տոնական օրերին իրենց հետ կատարված զավեշտական դեպքերի մասին, իսկ ոմանց համար 2008 թվականի մուտքը եղել է սովորականի պես: Մի հարցում նրանք բոլորն էլ համամիտ էին. մեր զրուցակից գրեթե բոլոր վարորդները չմոռացան նշել, որ այս տարվա հեռուստատեսային տոնական ծրագրերից մեծ հիասթափություն են ապրել:
Պետք չէր զրկել այն ամենից, ինչը մեզ համար թանկ էր
Վարորդ Հակոբը դժգոհում է հեռուստատեսային ամանորյա հաղորդումների որակից։ «Իմ ընտանիքում կանայք ամեն ինչ արեցին, որ գործերը շուտ վերջացնեն տոնական հաղորդումները նայելու համար: Համարյա ժամը 7-ից նստել ենք հեռուստացույցի առաջ ու պուլտը ջարդում էինք, որ էդքան ալիքներից մեկով նորմալ բան նայենք: Որ ալիքը միացնում ես` մի ապուշություն են ցույց տալիս: Պատկերացրե՛ք, որ ամսի 31-ի օրը մենք անցկացրել ենք հեռուստացույցի առաջ, բայց տենց էլ մի ուրախ, հավեսով բան չենք գտել: Գիտեք, ես մեկ-մեկ մտածում եմ, որ ինչքան մարդկանց կյանքը լավանում ա, էնքան կյանքը դառնում ա անհավես: Ախր ամբողջ հեռուստատեսությունը լցրել են պիժոններով. իրանց թվում ա, որ, եթե լավ պրտվեն, գզգզած, բբրեճ պրիչոսկա անեն ու փալաս-փուլուս հագնեն, ուրեմն` կայացած հաղորդավար կամ երգիչ են: Բոլոր ալիքներով հայտնվում են լավ հագնված, խնամված ջահելներ, բայց մեջները կրակ չկա, անկեղծ չեն, չեն կարողանում հեռուստադիտողին ջերմություն տան, ուրախացնեն»,- ասում է Հակոբն ու հիշում հաղորդավարներ Սուսաննա Շահինյանին, Արմեն Ամիրյանին, Վարուժան Օլքինյանին, Ռուզան Մելյանին եւ այլոց, ովքեր իրենց կերպարներով բարություն եւ խաղաղություն էին ներշնչում: «Սրանից մի 25 տարի առաջ Նոր տարվա ամենանշանակալից ու սպասված իրադարձությունը հեռուստատեսային հաղորդումներն էին: Ամսի 31-ին ու 1-ին ոչ ոք չէր ուզում աչք կտրել ալիքից, որովհետեւ մարդիկ կարողանում էին քեզ էդ կապույտ էկրանից լավ զգացմունքներ տալ, ուրախացնել, մեջդ բարություն էին փոխանցում: Օրինակ` մի բան ասեմ, բայց չծիծաղեք վրաս, մի քիչ մանկամիտ բան կա ասածիս մեջ: Երբ որ հաղորդավարներով, եթե հիշում եք՝ երգիչ-դերասաններով, հումորիստներով 31-ի գիշերը բաժակներով խփում էին` էդ զնգզնգոցը իմ ամենասիրած ձայնն էր: Կարող ա հիմա ասածիս վրա ծիծաղեք, բայց ես էդ զնգզնգոցը լսելով ոնց որ իրանց հետ բաժակ բարձրացնեի ու մասնակից լինեի: Շատ էի սիրում էդ բաժակները խփելու պահը, որովհետեւ մի տեսակ մտովի քեզ տանում էին իրենց մոտ: Եվ հետո, չգիտեմ ինչից էր, բայց կարող ա ամանորյա գիշերը ցույց տային Ռաիսա Մկրտչյանի կատարումով մի երգ, ու դու հուզվեիր, էդ երգը քո մեջ տոն արթնացներ: Մի խոսքով, առաջ մարդկանց համար տոնը լրիվ ուրիշ գաղափար ուներ, իսկ հիմա՝ լրիվ ուրիշ: Հիմա կեղծիքը շատ ա, շատերը խաղում են, թե տոն ա, բայց ներսից իրանց ուտում են: Ճիշտ ա, էն ժամանակ էլ կար ձեւականությունը, հայկական ջան ու ջիգյարը, բայց իրոք սրտանց ուրախանում էինք: 2008 թվականը իմ համար շատ սովորական սկսվեց, բայց մեծ սպասումով էի դիմավորում: Ես սպասում էի, որ ինչ-որ լավ բան հեռուստաալիքները կտան ու էդ սպասումով էլ պառկեցինք քնելու: Շատ եմ կարոտել Ռաիսա Մկրտչյանի ռոմանսները, Արմեն Խոստիկյանի միամիտ հումորները, Արմեն Ամիրյանի ժպիտը, Ֆրունզիկի թախիծը, հսկա Խորիկին… Պետք չէր էլի մեր սերնդին զրկել էն ամենից, ինչը մեր համար թանկ էր. լիքը հիշողություններ կան, հեռուստաալիքները արխիվ ունեն, կարող են, չէ՞, մեկ-մեկ ցույց տալ հանուն մի ամբողջ սերնդի»:
«Մեր Նոր տարին անցավ պատերազմական իրավիճակում»
Վարորդ Կարենն էլ վերհիշելով ամանորյա իրադարձությունները՝ պատմում է մի ամբողջ մարտաֆիլմի սցենար. «Ամսի 1-ին կնոջս ու երեխաներիս հետ գնացինք քենուս ու բաջանաղիս վերցրինք, որ գնանք զոքանչանոց: Դե, գիտեք, որ զոքանչները տոնական օրերին շատ նրբազգաց են դառնում ու սրտատրոփ սպասում են իրենց աղջիկներին: Մի խոսքով` կերանք, խմեցինք, պարեցինք, քեֆ արեցինք ու սկսեցինք հավեսով իրար ծեծել,- ծիծաղելով պատմում է Կարենը՝ շարունակելով,- Այ, ըտեղ մենք լրիվ բաեւիկ մտանք, չնայած, ասեմ ձեզ, որ զոքանչանոցի հետ իմ շփումները միշտ էլ ավարտվում ա մեկի քիթմռութը ջարդելով: Աներս սկսեց մեծ-մեծ խոսալ իրա ազգ ու տակից, ախր շատ մուխտառ մարդ ա, էլի… Մի 2 բաժակ խմում ու սկսում ա իրան տղամարդ զգալ, իսկ օյաղ ժամանակ կնկա փեշից էն կողմ չես տեսնի: Վերջը` Վալոդս սկսեց նամյոկներ անել, որ ես իրա աղջկան լավ չեմ պահում, ոսկի չեմ նվիրում ու շորերն էլ շուտ-շուտ չեմ թարմացնում: Զոքանչն էլ հիշեց կնկաս մանկությունը, երբ ոտքից գլուխ թազա-թազա հագնված կուկլա էին սարքում: Ինչքան սուս մնացի` էնքան ինձ սարքեցին փալաս, ու ես էլ չդիմացա: Աներոջս վրա գոռացի, հետո զոքանչը մեջ մտավ, ես էլ առիթից օգտվեցի ու զոքանչիս քրֆելով լավ նախշեցի, հետո՝ քենի, հետո բաջանաղ, հետո՝ քավոր, հարեւան, ու դառավ եքա թատրոն: Առավոտը քնից վեր կացա ժպիտը դեմքիս, ճիշտ ա` շատ բան չէի հիշում, բայց լավ հիշում էի, որ աներոջս մռթին մի հատ լավ բոքսել եմ: Մեկ էլ տեսնեմ՝ կնոջս աչքերն ուռած, լացած, ասում եմ` աղջիկ ջան, բա սրանից լավ բան, այ քեզ Նոր տարի, ոնց սկսել ենք, տենց էլ պետք ա ավարտենք: Այսինքն` մի ամբողջ տարի ես զոքանչանոց չեմ գնա, իսկ գնալուց էլ աներոջս մի թաթալոշ պիտի տամ…,- ծիծաղելով պատմում է Կարենն ու թեմային լրջություն տալով՝ ասում,- Կատակը` կատակ, բայց մեր ազգի մեջ էդ խասյաթը կա, էլի, որ խմում ու դարդերը հիշում են: Ճիշտ ա, հումորով եմ վերաբերվում, բայց ամեն դեպքում տհաճ պահ էր շատ: Փոխանակ լավ բաներից խոսանք, ուրախանանք, դժվարությունները մոռանանք` ճիշտ հակառակը` խմում ու հիշում ենք, թե էսինչ թվին էսինչ բանը եղավ, կամ էսինչ ժամանակ դու ինձ թարս աչքով նայեցիր: Օրինակ` աներս, կարար չէ՞ մի ուրիշ օր ինձ հանդիպեր ու հարցներ` տղա ջան, ո՞նց ես ընտանիքիդ յոլա տանում, հասցնո՞ւմ ես, թե՞ չէ: Չէ, ինքը պարտադիր պետք ա խմեր ու ժրեր, իրա գերդաստանի մոտ ինձ պիտի ստորացներ: Մի խոսքով` մեր Նոր տարին էլ տենց պատերազմական իրավիճակում անցավ, բայց դե՛ ես տենց բաներից չեմ նեղվում, կանցնի-կգնա: Թող դաս լինի, որ աներաստանում մարդիկ իրանց չափերը ճանաչեն: Ինչ վերաբերվում ա 2008 թվին, ապա ես առանձնապես սպասելիքներ չունեմ: Իմ ցանկությունն էն ա, որ երեխեքս լավ սովորեն, կարողանամ նորմալ փող վաստակել, որ մի քիչ էդ կենցաղային հոգսերից թեթեւանանք: Հա՛, մեկ էլ մամայիս առողջության հաշվով եմ շատ անհանգիստ ու Սստծուն կխնդրեի, որ ողորմած լիներ: Ես ամեն Նոր տարուն բաժակը վերցնում ու ասում եմ էս կենացը` խմում ենք էն մարդկանց կենացն, ովքեր 2008 թվականին կշփվեն մեր ընտանիքի հետ: Էս բաժակի միջինը խմելով՝ ես ցանկանում եմ, որ 2008 թվին մեզ հետ շփվող մարդիկ մեզ էնքան սիրեն, որ չուզենան մեզ ցավ պատճառել: Մենք էլ էնքան խելամիտ լինենք, որ մյուսներին չցավացնենք: Էսքանը… ու իրար համբուրում, ողջագուրվում ենք, հետո էլ սկսվում ա տաշի-տուշին»:
«Հայաստանում Ձմեռ պապին էլ առեւտրական դարձրին»
Վարորդ Սուրենն, ինչպես միշտ, խոսքը սկսում է հումորով. «Այ բալամ, Հայաստանում Նոր տարին ո՞նց ա անցնում, ախր ում էլ հարցնես` նույն բաներն են պատմելու. խոզի բուդ, պասուց տոլմա, քյաբաբ-խորոված, չարազ-խմիչք ու էս ամեն ինչն ուղարկելով օրգանիզմ, դու, որպես մարդ, արդեն ի վիճակի չես լինում գիտակցել, թե ո՞նց ես Նոր տարիդ անցկացնում: Լուրջ եմ ասում, մարդիկ էնքան են ուտում, որ ուղեղը թմրում ա, ընդունակ չեն լինում ինչ-որ բան հասկանալու: Եթե նկատել եք, մարդիկ իրար տուն գնալուց անպայման պիտի սեղանից օգտվեն: Ամբողջ օրը ուրիշի տները մտնելով, նույն բաներն ուտելով, խմելով ո՞նց կարա օրդ անցնի, ո՞նց կարաս քեզ լավ զգաս: Իրականում ես ամսի 31-ին աշխատել եմ: Էդ օրը գիշերը խայտառակ քանակի պատվերներ եղան: Ես աշխատանքի մեջ էի, բայց տնետուն գնացող մարդկանց չէի նախանձում, որովհետեւ մարդիկ էդ ժեստը անում են ոչ թե նրա համար, որ ուզում են, այլ կատարում են պարտականությունը: Ամսի 1-ին էլ երեխեքիս, թոռներիս հետ հավաքվեցինք մեր տանն ու մի լավ քեֆ արեցինք: Այ էդ իմ համար մի աշխարհ էր,- ասում է Սուրենն ու խնդրում հումորային հեռուստահաղորդումների մասին իր դիտողությունները հրապարակել,- Իսկապես մեր հեռուստաընկերությունը դարձել ա տոնավաճառ: Չես հասկանում, թե որն ա հումորային, երաժշտական, քաղաքական հաղորդումը: Չկա չափի զգացում, կուլտուրա: Նոր տարվա ծրագրերը նայում էի ու ոչ մի բան չէի հասկանում: Թոռներս ծիծաղում էին, իսկ ես էդ հումորը չէի հասկանում: Մի քանի ջահելներ գալիս են բեմ ու սկսում են սրան, նրան ձեռք առնել, խայտառակել, ծիծաղել մարդու թերության վրա: Ոնց որ մեկի անուն-ազգանունն ասեն ու սկսեն դրան թքել-մրել: Տհաճ ա, դա ծիծաղելի չի, դա հումոր չի: Մարդուն վիրավորելը, մարդու թույլ տեղին կպնելը լկտիություն ա: Բոլոր ալիքներն էլ նույնն ա: Մեկով էլ ցույց էին տալիս, թե ոնց էին թաքնված տեսախցիկով մարդու գլխին սարքել: Մարդուն հասցնում են սթրեսային իրավիճակի, վախից լաց ա լինում, իսկ սրանք հռհռում են: Դա ծիծաղալու չի: Երգիծանք, սուր միտք, խոսք չկա: Ես մի բան եմ նկատում, որ չկա մի մարդ, ում խոսքը ուժ ունի, հարգես իրա ամեն մի բառը, իսկ դա շատ վտանգավոր ա, որովհետեւ, եթե նման մարդիկ գոյություն չունեն, ուրեմն` մեր երեխեքին դաստիարակում են նրանք, ովքեր դաստիարակում են: Չկա հեքիաթ: Մենք հավատում էինք հեքիաթի, մեր սերնդի մեջ ռոմանտիկ բան կար: Մեր հասակակիցներից շատերը Ձմեռ պապիկի մասին էնպես էին խոսում, կարծես հավատում էին էդ հորինվածքին: Հիմա եթերից Ձմեռ պապիկներին կանգնացնում են իբր Բաղրամյան փողոցում ու սկսում են սակարկել, թե Հայաստանում Ձմեռ պապը ինչքանո՞վ` ի՞նչ ձեւի ինչ կանի: Հայաստանում Ձմեռ պապին էլ են առեւտրական դարձնում: Հասկանո՞ւմ եք, բաներ կան, որ չի կարելի փչացնել, էդքան գռեհիկ դարձնել: Դրանք արժեքներ են, որը մարդուն բարձրացնում ա, իսկ, երբ էդ արժեքների մեջ լկտիություն ա մտնում, հավատացեք, որ վտանգավոր բան կա»:
«Ձեզ կաշառք են առաջարկելու»
Վարորդ Գուրգենն էլ զայրացած պատմում էր, թե ինչպես այդ տոն օրերին իր դուռը թակեց անհայտ մի անձ. «Եկել, ասում ա` էս քանի օրը ձեր թաղամասում մարդիկ են գալու, որ առաջարկեն մի թեկնածուի համար ձեր ձայնը, ստորագրությունը տաք: Ասում եմ` դուք ո՞ւմ ներկայացուցիչն եք, չի ասում: Բոլորի դուռը թակում, ասում ա, որ գալու են ձեր տուն, կաշառք են առաջարկելու, որ թեկնածուներից մեկի օգտին քվեարկեք: Էդպես էլ ոչ իմացանք, թե ով էր, ոչ էլ: Թե ինչի՞ էր Նոր տարվա օրով վեր կացել եկել, մարդ չհասկացավ: Ասում էր` մի քանի հազար դրամով փորձելու են ձեզ գնել, բայց հանկարծ ձեր ձայնը չվաճառեք: Ինձ համար զարմանալին էն էր, որ սա խուսափում էր ներկայանալ, տենց էլ չիմացանք` իշխանակա՞ն ա, թե՞ ընդդիմադիր,- վստահեցնում է Գուրգենը` շարունակելով,- ես պատկերացնում եմ, թե հես ա ի՜նչ աժիոտաժ ա սկսվելու: Օրը 15 հոգի դուռը ծեծելու ու անձնագիր ա պահանջելու: Թարսի պես էլ էս տարի Առնետի տարի ա ու ամեն ինչ արվելու ա առնետների տրամաբանությամբ: Իրար ինչ ասես ասելու են ու իրար վրա ցեխ են շպրտելու: Դաժե Նոր տարվա օրով իրանց չկարողացան զսպել, ով կենաց էր ասում` մեջը ընտրությունների ու քաղաքականության թեման էր շոշափում: Մանավանդ Կարապետիչը, որ ով մաղթանք էր ասում` չէր մոռանում իրան որպես նախագահ պատկերացնել: Ես ահավոր չեմ սիրում էս ընտրական փուլը, որովհետեւ մի տեսակ բոլորը խառնվում են իրար, մարդիկ չարանում են, իրար ստորացնում են: Ես չգիտեմ էլ ում եմ ընտրելու, բայց հավատացե՛ք, որ մեր հասարակության մեծ մասը իմ նման չկողմնորոշված ա: Բոլորս էլ գիտենք, որ պայքարը Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ ա լինելու: Թե երկուսից ում կընտրենք` ցույց կտա ժամանակը»: