Ամեն տեղ տաք է, բացի Երեւանից

18/01/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Թեեւ «Հայպետհիդրոմետ» ծառայության ներկայացուցիչները հայտարարել էին, որ այս տարվա ձմեռն անհամեմատ մեղմ է լինելու, այդուհանդերձ, վերջին տասն օրերի սաստիկ ցուրտը ցույց տվեց, որ օդերեւութաբանների կանխատեսումները, մեղմ ասած, չէին համապատասխանում իրականությանը:

Մեր տեղեկություններով` ցուրտ եղանակի պատճառով միայն մայրաքաղաքում հինգ անօթեւան մարդ է փողոցում ցրտահարվել եւ մահացել, սակայն այս տեղեկատվության իսկությունը ճշտող համապատասխան մարմինների մեկնաբանությունը կներկայացնենք ստորեւ: Նախ «Հայպետհիդրոմետ» ծառայության Օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանին խնդրեցինք մեկնաբանել եղանակի անսպասելի փոփոխության պատճառը, ով, ի դեպ, նշեց, թե սպասվելիք ցուրտ եղանակի մասին նախապես հայտարարվել էր. «Պետք է նշեմ, որ սեզոնային կանխատեսումներում միշտ էլ նշվում է, որ կանխատեսումների արդարացման աստիճանը 60-70% է, եւ հստակ քանակական ցուցանիշներ չեն նշվում, միայն նշվում է, որ ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր կամ ցածր, եւ տեղումների քանակը: Ինչ վերաբերում է կոնկրետ տվյալ կանխատեսումներին, ապա «Հայպետհիդրոմետում» կանխատեսումները կատարվում են հինգ օրվա համար, որի արդարացման աստիճանը հասնում է 90-95%-ի, եւ արդյունքները դեռեւս հունվարի 3-ի դրությամբ կանխատեսվել էին»,- նշեց Գ. Սուրենյանը` վստահեցնելով, որ հունվարի 5-ին հանրապետություն ներթափանցել է հզոր անտիցիկլոնային դաշտ, որտեղ անմիջապես հայտարարվել է, որ առաջիկայում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում: Ըստ Գ. Սուրենյանի` հանրապետությունում ամենացածր ջերմաստիճանը դիտվել է Աշոցքում, հետեւաբար ջերմաստիճանը հասել է 36,5 աստիճան ցրտի: Հանրապետության նախալեռնային շրջաններում նախորդ շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը տատանվել է 16-21-ի սահմաններում, Լոռիում` մինչեւ 30 աստիճան, Տավուշում` մինչեւ 15, Արագածոտնի լեռներում` մինչեւ 28, Սյունիքում` մինչեւ 26, իսկ Արարատյան դաշտում` մինչեւ 28 աստիճան ցրտի սահմաններում: Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը դիտվել է Արմավիրում, եւ «Երեւան-Զվարթնոց» օդերեւութաբանական կայանում ջերմաստիճանը հասել է մինչեւ 28 աստիճան ցրտի: Գ. Սուրենյանի տվյալներով` կոնկրետ Երեւանի տարածքում ջերմաստիճանը տարբեր է: Երեւանի բարձրադիր մասերում զգալի տաք է, քան ցածրադիր մասերում: Բարձրադիր մասերում նվազագույն ջերմաստիճանը հասնում է 19-18 աստիճանի, իսկ ցածրադիր մասերում ջերմաստիճանը գիշերը նվազում է մինչեւ 22-23 աստիճան: «Ինչ վերաբերում է առաջիկա օրերին` պետք է նշեմ, որ Սիբիրից հանրապետություն ներթափանցած արկտիկական ցուրտ օդային զանգվածները, որոնք հանրապետություն են ներթափանցում սիբիրական անտիցիկլոնի հարավ-արեւմտյան ծայրամասերից` Ղազախստանի տարածքից, ներկայումս փոքր-ինչ իրենց ազդեցության շրջանները փոքրացրել, թուլացրել են, եւ հանրապետության բոլոր շրջաններում դիտվել է ջերմաստիճանի բարձրացում: Առանձին վայրերում` Լոռիում, Տավուշում, նույնիսկ Սյունիքում 9 աստիճանով ջերմաստիճանը բարձրացել է»,- նշեց Օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանն` ավելացնելով, որ Արարատյան դաշտն ունենալով բավականին բարդ լեռնագրական պայմաններ, լինելով միջլեռնային գոգավորություն, ցուրտ օդն ունենալով մեծ խտություն եւ կշիռ` կուտակվում է Արարատյան դաշտի հատակային հատվածում, դիտվում է ցուրտ օդի լճացում, եւ ներթափանցող տաք օդային հոսանքները շրջանցում են կուտակված ցուրտ օդային զանգվածները, հետեւաբար, Արարատյան դաշտում ջերմաստիճանը չի փոխվում: Գ. Սուրենյանի հավաստմամբ` առաջիկա հինգ օրերի ընթացքում հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սպասվում է ջերմաստիճանի բարձրացում աստիճանաբար` 2-4 աստիճանով, բացառությամբ Արարատյան դաշտի: Այս օրերին Արարատյան դաշտում գիշերը ջերմաստիճանը կտատանվի՝ 21-25, իսկ ցերեկը` 9-11 աստիճան ցրտի սահմաններում: Առաջիկա 5 օրերին Երեւանում կլինի 22-23 աստիճան ցուրտ ցածրադիր վայրերում, 17-19 աստիճան ցուրտ բարձրադիր վայրերում, իսկ ցերեկը` բարձրադիր եւ ցածրադիր վայրերում սպասվում է 9-11 աստիճան ցուրտ: Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե մայրաքաղաքի փողոցներում ապրող անօթեւան մարդկանց մահվան դեպքեր են արձանագրվել, ապա մենք փորձեցինք այս տեղեկատվության իսկությունը նախ ճշտել Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ փոխտնօրեն Գաբրիել Գաբիկյանից։ «Անօթեւան մարդկանց մահվան դեպք չի եղել»,- նման զուսպ պատասխանով խոսքը եզրափակեց նա: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցեցին, որ նման տվյալների իրենք չեն տիրապետում: Իսկ ՀՀ Ոստիկանության Հասարակական կապի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը մեզ հետ զրույցում նշեց. «Հնարավոր է, եղել են նման դեպքեր, բայց, եթե Ոստիկանությունը հանցակազմ չի գտնում` դիակի հետ այլեւս չի առնչվում, այսինքն` մենք չենք կարող ասել, թե այդ մարդն անօթեւան կամ բոմժ է եղել: Ճիշտն ասած` կոնկրետ անօթեւանների վերաբերյալ մենք վիճակագրություն չունենք»,- ասաց Ա. Մալխասյանը: