Օրենքի խախտումներ՝ տարբեր մեկնաբանություններով

16/01/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Նախընտրական քարոզչությունը սկսվում է թեկնածուների եւ կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը եւ վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ». սա մեջբերում է ՀՀ Ընտրական օրենսգրքից, որով էլ պետք է առաջնորդվեն նախագահի 9 թեկնածուները` իրենց քարոզչությունը կազմակերպելիս:

Եվ, չնայած նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է հունվարի 21-ից, դեռեւս չգրանցված նախագահի թեկնածուներից շատերը սկսել են քարոզչություն իրականացնել անցյալ տարվանից: Ընդ որում, ինչպես եւ կարելի էր սպասել, ակնհայտ նախընտրական քարոզչություն իրականացնողները հերքում են, թե իրենց գործունեությունը նախընտրական քարոզչության հետ առնչություն ունի: Օրինակ, այս տարվա առաջին օրերից հանրապետության գրեթե բոլոր մարզերում կարելի է հանդիպել ՄԻԱԿ-ի «Դռնեդուռ» ակցիայի շրջանակներում Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին քարոզչություն իրականացնող երիտասարդ աղջիկների եւ տղաների, որոնց բաճկոնների ետեւի մասում ուղղակիորեն գրված է` «Մեր քվեն` Սերժ Սարգսյանին»: Ավելին, նրանք բաժանում են նաեւ տպագիր նյութեր հետեւյալ բովանդակությամբ. «10 փոփոխություն, որ ՄԻԱԿ-ն ակնկալում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից» եւ «10 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ քվեարկել Ս. Սարգսյանի օգտին»: Ո՞վ կփորձի պնդել, թե սա նախընտրական քարոզչություն չէ: Կամ մի՞թե քարոզչություն չէ ՀՅԴ-ի կողմից քաղաքացիների հետ «համաձայնագրերի» կնքումը եւ այն, որ ՀՅԴ երիտասարդ անդամները հանրապետության տարբեր բնակավայրերում շրջելով` իրենց նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի համար «համաձայնագրեր» են կնքում, իսկ քաղաքացին դրանց տակ ստորագրելով` ստորագրում է նաեւ այն ծրագրային դրույթների տակ, որոնք Վ. Հովհաննիսյանը պարտավորվում է իրականացնել նախագահ ընտրվելու դեպքում: Մեջբերենք որոշ հատվածներ այդ համաձայնագրից, որտեղ հեղինակները նույնիսկ չեն քողարկել ուղղակի քարոզչություն իրականացնելու իրենց մտադրությունը. «Որպես ապագա նախագահ` Վահան Հովհաննիսյանը պարտավորվում է ապահովել մի շարք կենսական նշանակություն ունեցող, երկրի անվտանգության, կայունացման, հզորացման եւ զարգացման համար կարեւոր դրույթներ` «ազատ ընտրություններ», «սոցիալական փոփոխություններ` քաղաքական կայունության» պայմաններում…»: Ըստ ՀՅԴ-ի` այս նախաձեռնության նպատակն է՝ ճշտել իրենց հնարավորությունները, գնահատել իրենց ուժերը եւ դրանց արդյունքները հիմք դարձնել իրենց հետագա մարտավարության ու քարոզչության համար: «Դա ապագա նախագահի եւ յուրաքանչյուր քաղաքացու միջեւ կնքվելիք համաձայնագիրն է, այսինքն` ի՞նչ է ակնկալում քաղաքացին` իր ձայնը տալով տվյալ թեկնածուին, եւ ի՞նչ է թեկնածուն պատրաստ անելու, որպեսզի քաղաքացու ցանկություններն ու ձգտումները բավարարված լինեն»,- ասված է «vahanpresident.am» կայքէջում տեղադրված նյութում: Ի դեպ, ՀՅԴ-ն «սկզբնական» փուլի համար տպագրել է 400.000 համաձայնագիր, այնինչ, ինչպես հայտնի է, թեկնածուներն իրենց նախընտրական հիմնադրամի միջոցներն իրավունք ունեն օգտագործել միայն հունվարի 21-ից: ՀՅԴ ԳՄ խոսնակ Սպարտակ Սեյրանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի եւ ՀՀ քաղաքացիների միջեւ կնքվող համաձայնագրերը ոչ թե քարոզչական բնույթ ունեն, այլ զուտ տեղեկատվական, եւ դրանց տպագրության համար միջոցներ տրամադրել է կուսակցությունը: «Դա քարոզչություն չէ, եւ այդ գումարներն առնչություն չունեն նախընտրական հիմնադրամի միջոցների հետ: Դրանք մեր ընթացիկ քաղաքական ծախսերի մեջ են մտնում, բացի այդ` օրենքը չի ասում, թե նախա-նախա քարոզչական փուլում ինչ կարելի է անել, ինչ` ոչ»,- ասաց Ս. Սեյրանյանը: Մեր դիտարկմանը, թե նախագահի թեկնածուների կողմից իրականացվող նմանատիպ ակցիաներն արդյոք քարոզչություն չե՞ն, Ս. Սեյրանյանն այսպես արձագանքեց. «Այդ տրամաբանությամբ ես այսօր «Երկիր» թերթ եմ հրատարակում, որտեղ տարբեր մարդիկ ժողովրդին կոչ են անում իրենց ձայնը տալ Վահան Հովհաննիսյանին, ի՛նչ է` չտպագրե՞մ թերթը»:

Չթույլատրված քարոզչություն է իրականացրել նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը: Վերջինիս ներկայացուցիչները, դարձյալ հանրապետության ամբողջ տարածքում, դեկտեմբերի 30-ին տարածել են «Արթուր Բաղդասարյան. քաղաքական դիմանկար» խորագրով գրքույկներ (5000 օրինակ), որտեղ բացի իրենց թեկնածու Ա. Բաղդասարյանի` իշխանության մեջ եղած տարիներին հնչեցրած ելույթներից, թերեւս, որպես «իրենց դասական»` թեւավոր խոսքերի պես տպագրել են ընտրությունների վերաբերյալ նրա դիտարկումները: Օրինակ, «պետք է կատարել ոչ թե փողի եւ պարտադրանքի, այլ օրենքի եւ արդարության ընտրություն», «հետաքրքրվեք եւ պայքարեք ձեր ապագայի համար, քանի որ դուք եւ ձեր զավակներն ապրելու եք այդ ապագայում», «ավելի լավ է 100 մարդ ունենա մեկական խանութ, քան մեկ մարդ՝ 100 խանութ» եւ այլն: Ի դեպ, Ա. Բաղդասարյանն այս անգամ ժողովրդի Ամանորը շնորհավորելու նոր մեթոդ էր ընտրել. նա իր գրքույկների հետ բաժանել է նաեւ շնորհավորական բացիկ` իր ընտանիքի անդամների հետ պատկերված լուսանկարով:

Անդրադառնալով թեկնածուների եւ նրանց համախոհների կողմից իրականացված օրինախախտումներին, նշենք, որ նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերահսկողությունը պետք է իրականացնեն ընտրական հանձնաժողովները, իսկ եթե թեկնածուն կամ կուսակցությունը նախընտրական քարոզչության համար, բացի նախընտրական հիմնադրամի միջոցներից, օգտագործում է նաեւ այլ միջոցներ, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը կարող է ուժը կորցրած ճանաչել թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:

ԱԺ պատգամավորներից մեկը, ով ակտիվորեն մասնակցել է Ընտրական օրենսգրքի մշակմանը, երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ մինչեւ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը կատարվող բոլոր այն հանդիպումները, նյութերը, որոնց թեմատիկան առաջիկա նախագահական ընտրություններն են` համարվում են քարոզչություն, եւ ԿԸՀ-ն ու համապատասխան մարմինները պարտավոր են կանխել դրանք` անկախ նրանց կողմից տրվող այս կամ այն մեկնաբանության: Մեր հարցին, թե` արդյո՞ք օրենքի խախտում է օրինակ այն, որ Վահան Հովհաննիսյանը հունվարի 10-12-ը հանդիպումներ է ունեցել բուժաշխատողների, կրթության եւ գիտության ոլորտի աշխատակիցների եւ ազատամարտիկների հետ, մեր զրուցակիցն ասաց. «Եթե հանդիպման ընթացքում Վ. Հովհաննիսյանը խոսել է նախագահական ընտրությունների մասին, ապա` այո: Այս ընթացքում իրականացված ցանկացած հանդիպում, ակցիա, որի թեմատիկան ընտրություններն են` համարվում է օրինախախտում»: