Մարդկությանը, ավելի ստույգ` մարդկության մտածող մասին, հազարավոր տարիներ հուզում են նույն, գուցե տրիվիալ թվացող, սակայն պատասխանների առումով չափազանց բարդ հարցեր` ինչ է կյանքը, որն է կյանքի իմաստը, ինչի համար է կոնկրետ յուրաքանչյուրիս տրված կյանքը, եւ էլի նման բազում հարցեր: Պատասխաններ յուրաքանչյուրը փնտրում է իր կրթության, գիտակցության, գիտելիքների համաձայն: Կամ չի փնտրում, քանի որ այդպես ավելի հեշտ է եւ ոչ մի մտավոր լարվածություն քեզ չի խլում Ամանորի համար ընտրել հատկապես մեծ հատիկներով սեւ խավիար, բերանացի գիտենալ «Վերվարածները» սերիալի հերոսների անուններն ու սյուժեն, եւ այլն, եւ այլն: Մի խոսքով, միտքը հարցերով չծանրաբեռնելու առավելություններն էլ քիչ չեն: Այսօրվա մեր զրուցակիցը` «Էություն» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Էդգար Մակարյանը, շատ հետաքրքիր ու իր տարիքի համար բավական լուրջ երիտասարդ է: Էդգարն ավարտել է Ժողինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը, սակայն հետո որոնումները նրան տարել են ԵՊՀ բանասիրության, փիլիսոփայության, ապա աստվածաբանության ֆակուլտետներ, որտեղ, սակայն, չի կարողացել գտնել այն, ինչ փնտրում էր:
– Դուք երկար ժամանակ որոնումների մեջ էիք, Ձեր որոնումների առարկան փորձում էիք գտնել նաեւ փիլիսոփայության ու աստվածաբանության ոլորտում, սակայն այդ ԻՆՉ-ՈՐ բանն այդպես էլ գոնե այնտեղ չեք գտել: Ի՞նչ եք, ի վերջո, որոնում:
– Անկախ ամեն ինչից` որտեղ եմ սովորել կամ որտեղ եմ փորձել որոնել ինձ հուզող հարցերի պատասխանները, մի ավելի կարեւոր բան եմ ուզում ասել: Որոնումն ի սկզբանե դրված է յուրաքանչյուր մարդու մեջ: Հարցն այն է, թե ո՞վ է լսում իր ներքին մղումի ձայնին: Ես որոնում էի Բացարձակ Ճշմարտությունը, բայց այդ որոնումներում չօգնեց ոչ մի մահկանացու, քանի որ յուրաքանչյուրն ինքը ուներ որոնելու եւ գտնելու խնդիր:
– Բայց համաձայնեք, որ որոնող մարդու համար կա իմացության մեծ հնարավորություն: Եթե Ձեր դեպքում խոսում ենք հոգեւորի որոնման մասին, ապա կա Աստվածաշունչը, կան փիլիսոփաներ, աստվածաբաններ, գրողներ, որոնց ստեղծագործություններն արդեն գիտելիքի աղբյուր են եւ այդքանով` խիստ արժեքավոր: Ինչո՞ւ Դուք չեք դիմում հարցերի պատասխաններ գտնելու այդ` դարերով փորձված եւ, պատկերացրեք, արդյունավետ միջոցին:
– Ինչ վերաբերում է Աստվածաշնչին, այդպես է: Իսկ գրականությունն օգնում է մարդու անձնական հասունությանը: Դա լավ է ու օգտակար: Բայց կփորձեմ շեշտել մի շատ կարեւոր բան, որ գիտելիքը, փիլիսոփայությունը միայն իմացություն են, ոչ թե իմաստնություն, որը հոգեւոր է, տրված է վերից եւ գալիս է կենդանի խոսքի միջոցով: Այս դեպքում այդ իմացությունները նման են բանալիների: Նույն այդ փիլիսոփաները, գրողներն ու մտածողները, որոնք իրենք էլ նույն այդ որոնումների, փնտրտուքի մեջ են եղել, նրանց փորձով կարող ենք շատ բան սովորել, բայց, միեւնույն է, նրանք ընդամենը բանալիներ են, որոնց միջոցով կարողանում ենք բացել մեր հոգու դռները: Եթե հպարտանանք, թե ունենք իմացությունների մեծ պաշար, որ կարդացել ենք այսքան գիրք, մենք կնմանվենք այն բանտապահին, որն իր ձեռքում ունի բազում բանալիներ եւ հպարտանում է դրանց ծանրությամբ:
– Բայց այն իմացությունը, որը մարդը գիտակցաբար է ձեռք բերում, կարեւոր եզրակացությունների ելակետ են։ Դրանք օգնում են ավելի գրագետ ապրել եւ հնարավորինս ճիշտ ընկալել կյանքը: Եվ հետո, իմացությունների որոշակի պաշարն ինչ-որ մի փուլում արդեն դառնում է իմաստնություն: Համաձայն չե՞ք:
– Իմացությունները բանալիներ են, որոնց չօգտագործելն ավելի մեծ անմտություն է: Այդ բանալիներն անհրաժեշտ են սեփական հոգու բանտված դռները բացելու եւ ազատագրվելու համար:
– Ազատագրվելու ինչի՞ց:
– Եթե կուզեք, անգամ կուտակած իմացական պաշարից, որոնք եթե չենք օգտագործում որպես դռներ բացող բանալիներ, մեզ համար կարող են բանտի դռներ դառնալ: Օրինակ` մարքս-լենինյան ողջ փիլիսոփայությունը. ավելի մեծ, աշխարհայացքային փիլիսոփայություն չի ստեղծվել: Չի ստեղծվել նաեւ այդ աշխարհայացքի հիման վրա ստեղծված գաղափարախոսություն եւ այդ գաղափարախոսության վրա ստեղծված գերհզոր պետություն: Բայց տեսանք այդ պետության ճակատագիրը, քանի որ ի սկզբանե այդ նույն աշխարհայացքային հիմքում մերժված էր Աստծո գաղափարը, մերժված էր հոգու էվոլյուցիոն գաղափարը, հետեւաբար նրա հիմքի վրա ստեղծված ամեն ինչը, վաղ թե ուշ, պիտի փլուզվեր: Այդպես էլ մենք կբանտվենք մեր սեփական իմացությունների աշխարհում, եթե դրանք բացարձականան մեզ համար:
– Գիտեմ, որ ինքներդ կարդացել եք բազում գրքեր, ուսումնասիրել եք փիլիսոփաների, աստվածաբանների աշխատությունները, սակայն եկել է մի պահ, երբ Դուք, Ձեր իսկ ձեւակերպմամբ, քանդել եք Ձեր իմացությունների շենքը: Ի՞նչը գտնելու ակնկալիքով եք մի կողմ դրել Ձեր կուտակած իմացությունները:
– Եթե մենք ցանկանում ենք հաղորդակից լինել Բարձրագույն Ճշմարտությանը, պիտի իմանանք, որ այն չի բնակվում այս կամ այն սեւով սպիտակին գրված տողի մեջ: Նա բնակվում է մեր մեջ: Իսկ ճանաչելու համար մեր հոգու աշխարհը, մենք պետք է այն, ինչ սարքել ենք մարդկային իմաստնությամբ, քանդենք, որպեսզի տեսնենք մեր ազատագրված հոգու ազատ ճախրանքը:
– Ո՞րն է «հոգու ազատ ճախրանքը»:
– Հոգու ազատ ճախրանք ասվածը այն հոգեւոր ապրումներն են, որտեղ դու ինքդ արդեն հաղորդակից ես Բացարձակ Ճշմարտության, այսինքն` Աստծո հետ: Աստված սեր է: Եվ դու դառնում ես ներդաշնակ, հաղորդակից քո հոգու հետ: Ավելին, դուք դառնում եք մեկ:
– Մեր կյանքում ինչպե՞ս է արտահայտվում այդ ներդաշնակությունը: Այսինքն` այնքան ես խաղաղվում, որ արտաքին ագրեսիվ, ոչ պոզիտիվ ինֆորմացիան քեզ ամենեւին չի անհանգստացնում, կյանքին ու մահվանն ավելի հանգիստ ես վերաբերվում, կամ գուցե այլ ձեւով, չգիտեմ:
– Եթե մենք խոսում ենք բարոյականությունից, հասարակության բարոյական արժեքային համակարգից, պիտի իմանանք` այդ համակարգի բարձրակետը որտեղ է, որ այնտեղից վերցնենք իրական լույսը:
– Համաձայնեք, որ մարդն, այնուամենայնիվ, խիստ նյութական էակ է, եւ այն, ինչը շոշափելի, տեսանելի չէ, նրա համար հեղինակություն չէ: Մեր հասարակությունը, ցավոք, քաղքենի է, ոչ այնքան գրագետ: Այսինքն, չկա այն միջավայրը, ուր կարող է ձեւավորվել այդ բարձր գիտակցությունը` հասարակության մասշտաբով:
– Եթե մարդն ի սկզբանե անհավատ է, ոչ ոք պարտավոր չէ թողնել իր բանուգործն ու այդ մարդուն համոզել հակառակում: Նույն Ավետարանում ասված է` շաղ մի տվեք մարգարիտները խոզերի առաջ: Մարգարիտի կարիքն ունի նա, ով որոնում է եւ արժեւորում է այդ մարգարիտը: Չարժե ժամանակ վատնել ինչ-որ մեկին փրկելու առաքելություն ստանձնելու վրա: Դրանով զբաղված են հիմնականում աղանդավորները, որոնք, կարծելով, թե իրենք մեծ առաքելություն ունեն` փրկել բոլորին, դռնեդուռ են ընկնում: Սակայն գլոբալ իմաստով այդ խնդրի լուծումն ավելի հեշտ է: Ըստ մեր երկրի սահմանադրության` մարդը սոցիալական էակ է, ու ըստ այդմ` սահմանվում է, որ մարդն ունի իրավունքներ, պարտականություններ, ազատություններ եւ այլն: Բայց ես ասում եմ` մարդը կենսաբանական էակ լինելուց բացի` նախեւառաջ աստվածածին էակ է: Պետությունը պետք է գիտակցի, որ մարդու բարեկեցությունը, որին կոչված են բոլոր կարգի ազատություններն ու իրավունքները, չպետք է լինի ինքնանպատակ: Այդ պարագայում կստացվի ճոխ, ցոփ կյանք, որը մեզ ավելի շուտ կտանի Սոդոմ-Գոմոր: Պետք է սահմանվի` մարդն աստվածազարմ էակ է, իսկ մնացած ամեն ինչը պետք է ծառայի մարդու հոգեւոր կայացմանը: Փորձենք հասարակությունը կառուցել հենց այս արժեքային համակարգով, որ եթե իմ ընտանիքում զավակ է ծնվում, ես չեմ ասում` որդիս, դու ծնվել ես պատահաբար, այլ` որովհետեւ աստվածային կամքն է քո մեջ դրված, ուրեմն ես` որպես հայր, պետք է անեմ քեզ համար այն, ինչ երկնային հայրն է արել ինձ համար, որպեսզի ես վերադառնամ իրեն: Այնպես էլ ես պիտի ամեն ինչ անեմ քեզ համար, որպեսզի դու գնաս դեպի երկնային հայրը:
– Եթե Դուք Ձեր մտքերն ասեք հրապարակային մի վայրում, ենթադրում եմ, Ձեր միամտությունը շատերին կզվարճացնի, քանի որ մեր հասարակությունում հոր պարտականությունները լրիվ այլ, նյութական դաշտում են: Հայրը նախեւառաջ ընկալվում է որպես նյութական բարեկեցության ապահովման միջոց:
– Բարեկեցությունը մարդու համար է, եւ յուրաքանչյուրս` մեր հերթին, պետությունն` իր հերթին, պետք է անի ամեն ինչ, որ մարդիկ ապրեն բարեկեցիկ կյանքով: Այդ բարեկեցիկ կյանքի դաշտը պետք է ստեղծի այն պայմանները, որում մարդիկ կայացնեն իրենց հոգեւոր էվոլյուցիան:
– Մարդիկ, ովքեր հասել են գերբարձր գիտակցության, ասենք, ճգնավորները, ուղղափառ եկեղեցում` ստարեցները, չեն մնացել հասարակության մեջ, հեռացել են անապատ: Հասարակությունը, աշխարհիկ կյանքը այնքան հարուստ են գայթակղություններով, որ հաճախ նրանց առաջ ծնկի է գալիս բարձր գիտակցությունը:
– Ձեր ասածները ծանոթ են որպես պատմական վավերագրություններ, որոնք, իմ կարծիքով, այսօր կիրառելի չեն: Այսօր պարարտ հողը այդ նույն մտածող մարդկանց համար շատ մեծ է: Բոլոր տեսակի ԶԼՄ-ները շատ մեծ հնարավորություն են այդ մարդկանց համար` հնչեցնելու իրենց խոսքը:
– Դուք, հավանաբար, երկար տարիներ հեռուստացույց չեք դիտել:
– Դուք գիտե՞ք, որ շերամի որդը ամբողջ մի ծառ է ուտում, հետո նոր դառնում է բոժոժ, բոժոժի մեջ` թրթուր, թրթուրից դուրս է գալիս մի հրաշալի թիթեռ: Մինչ թիթեռի առաջանալը` մենք կարող ենք բողոքել, թե նա մի ողջ ծառ կերավ։ Մեր իրականությունն այսօր նույն վիճակում է:
– Ըստ Ձեզ` ի՞նչ է կյանքը, եւ ինչո՞ւ է այն տրված մարդուն:
– Մարդուն այս կյանքը տրված է, որպեսզի ինքը գտնի ու ճանաչի այն վերին էությունը, որն ի սկզբանե դրված էր իր մեջ, ու վերջում էլ, որպես կատարելության ձգտող էակ, վերադառնա այն վերին իրականություն, որտեղից եկել է եւ որտեղ պիտի շարունակի իր հոգեւոր էվոլյուցիան:
– Հանուն ինչի՞:
– Հանուն աստվածային մեծ գերծրագրի ու աստվածային կամքի կայացման, որը ամենամեծ ու երանելի բանն է այս տիեզերքում` սեփական կամքդ մեկտեղել Աստծո կամքի հետ: Այսինքն` մարդը բռնի անմահության ճանապարհը, մեկտեղվի Աստծո հետ ու ինքն էլ աստվածանա: Աստծո ճանաչման խնդիրը խիստ անհատական խնդիր է: Եթե յուրաքանչյուրն իր մեջ չի լուծել իր հոգու հասունության, ճանաչողության խնդիրը, դա անձնական ողբերգություն է: