Օպերային թատրոնը առայժմ ղեկավարում է տնօրենը

16/01/2008

Մոտակա ժամանակներում Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կաշխատի առանց գեղարվեստական ղեկավարի։ Վերջին յոթ տարիների ընթացքում այդ պաշտոնը զբաղեցնող Գեղամ Գրիգորյանի հրաժարականից հետո որոշում է կայացվել այլեւս գեղարվեստական ղեկավար չնշանակել։ Գ. Գրիգորյանը որոշեց թողնել իր պաշտոնը «Դավիթ Բեկ» օպերային բեմադրության պրեմիերայից հետո, որը բավականին տարակուսելի տպավորություն էր թողել հանդիսատեսի վրա։ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ՝ այդ բեմադրությունը չի կարելի կայացած համարել։ Օպերային թատրոնում նախատեսվում է կառավարման խորհուրդ ստեղծել, որի անդամները եւ պետք է զբաղվեն ֆինանսական, ստեղծագործական ու կազմակերպչական հարցերով։ Թատրոնները ՊՈԱԿ-ներ հռչակելով, Հայաստանը լայն լիազորություններով օժտեց թատրոնների տնօրեններին, որոնք գումար վաստակելու հիմնական ուղին տեսան դահլիճները վարձակալության տալու միջոցով։ Օպերային թատրոնի բեմում օպերա հազվադեպ են խաղում, փոխարենը այնտեղ երգում ու պարում են բոլոր այն երգիչներն ու պարողները, որոնք վարձում են բեմը։ Որքանո՞վ Կառավարման խորհուրդը կշտկի Օպերային թատրոնի գործերը, ցույց կտա ժամանակը։ Այժմ կազմակերպչական հարցերի ողջ պատասխանատվությունը թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի ուսերին է։