«Բոլոր բարիքները քեզ, փոքրիկ» խորագրով բարեգործական ակցիայի շրջանակներում «Արմյանկա» ամսագիրը եւ Վալերի Քոչարյանի անվան բարեգործական ֆոնդը շուրջ 1500 երեխաների հրավիրել էին Երեւանի կրկես, որտեղ նրանց սպասվում էին հաճելի անակնկալներ: Հայաստանի մարզերից, Երեւանից տարբեր մանկատների եւ անապահով ընտանիքների երեխաներին հաճելի էր ոչ միայն կրկեսը, այլ քաղցրավենիքներով լի այն տոպրակները, որոնք բաժանվում էին բոլորին անխտիր: «Արմյանկա» ամսագրի ղեկավար Լադա Դուլովայի խոսքերով, գաղափարն իրենցն է: Գաղափարը առաջարկվել է Վալերի Քոչարյանի դստերը` Իրինա Քոչարյանին, ով սիրով համաձայնել է: Հիշեցնենք, որ Վալերի Քոչարյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբայրն էր, ով մահացել է տարիներ առաջ: «Վալերի Քոչարյանի անունը կրող բարեգործական ֆոնդն արդեն մի քանի տարի գործում է, բայց այսպիսի մեծ մասշտաբներով ակցիա առաջին անգամն է լինում եւ այսուհետ շարունակական բնույթ կկրի: Անվճարունակ ընտանիքներում գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողներին հատկացվում է Վ. Քոչարյանի անվան կրթաթոշակ, այն բոլոր երեխաներին, որոնց շտապ բուժօգնություն է հարկավոր, աջակցում է մեր ֆոնդը»,- ասաց բարեգործական ֆոնդի նախագահ Իրինա Քոչարյանը: Միջոցառումն անցկացվում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանու ներքո: Ծրագրում ընդգրկված էին կրկեսային արվեստի բոլոր ժանրերը, այդ թվում` կենդանիներ, ծաղրածուներ: Ավելի քան 50 գյուղերից ընտրված երեխաներից շատերն առաջին անգամ էին կրկեսում: Հացավանի դպրոցից եկել էին 75 աշակերտներ, որոնք գյուղի անապահով ընտանիքներից են: 5-ամյա Լիլիթը Ձմեռ պապիկից խնդրել էր, որ նա այս տարի իր մայրիկին բերի: Իսկ նրա քույրը՝ 7-ամյա Ալվինա Քոչարյանը կրկեսում երկրորդ անգամ է լինում, բայց ավելի շատ ուրախ էր ստացած նվերի համար, քանի որ այս տարի նա դեռ Ձմեռ պապիկից նվեր չէր ստացել: Խարբերդի մասնագիտացված մանկատնից ընտրվել էին 12 երեխաներ. ըստ դաստիարակչական գծով ղեկավար Իրինա Յաղուբյանի` ընտրվել են այն երեխաները, ովքեր վերջին ժամանակներս էքսկուրսիայի դուրս չէին եկել: «Նոր տարի է, ուզում ենք երեխաներին մի քիչ ջերմություն տանք, նրանք սպասում են նման միջոցառումների: Ինձ թվում է, որ երեխաները մեծ ցանկություն ունեին լինել կրկեսում: Բազմաթիվ գյուղերից, շրջաններից հավաքել ենք երեխաներ եւ նրանց հետ միասին պետք է նշենք Ամանորը եւ ուրախանանք»,- ասաց «Առաջինը երեխաներին» կազմակերպության նախագահ Նանի Օսկանյանը: