ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության հովանավորությամբ հունվարի 13-ին «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի հայկական նախագիծը որոշեց Հայաստանի 2007թ. ինտելեկտուալների խմբին, ովքեր արժանացան հատուկ Ռուսաստանից բերված մարմարե բուի արձանիկին:
Ինչպես նշեց խաղի կազմակերպիչ, «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի ծրագրի ղեկավար Արմինե Կարախանյանը, ինտելեկտուալ այս խաղի հայկական նախագիծը գործում է 2006 թվականից: 2007թ. ազգային տոների կապակցությամբ կազմակերպվել են մի քանի առաջնություններ: Այս` թվով 6-րդ Ամանորյա մրցաշարը նվիրված էր «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստախաղի 33-ամյակին: Խաղին մասնակցում էին 27 թիմեր, որոնք ներկայացնում էին Հայաստանի ամենատարբեր քաղաքներ, կորպորատիվ ընկերություններ եւ ուսումնական հաստատություններ: 27 թիմերից շատերն ընդամենը մեկ տարվա կամ մի քանի ամսվա պատմություն ունեին, կային նաեւ խաղի բավականին հարուստ փորձ ունեցող թիմեր: Գյումրիի «Սենատորներ» թիմը բավականին հարուստ կենսագրություն ունի: Այն ստեղծվել է 1987թ., հանդես է եկել տարբեր անվանումներով: 1989թ. ԽՍՀՄ մոսկովյան վերջին առաջնության կազմում են եղել, Սոֆիա եւ Պլովդիվ քաղաքներում տեղի ունեցած «Եվրոտուրի» մրցաշարերին թիմը գրավել է 3-րդ տեղը. «Առնվազն ութ մրցանակների դափնեկիր ենք, իսկ մեր թիմի վերջին հաղթանակը Արարատյան թեմի եկեղեցիների հայորդաց տների միջեւ կազմակերպված ինտելեկտուալ փառատոնն է եղել, որը տեղի է ունեցել 2007թ. աշնանը»,- ասաց Գյումրիի «Խորանարդ» ինտելեկտուալ կենտրոնի նախագահ Սեյրան Մարտիրոսյանը: Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած մինչեւ 18 տարեկանների պատանեկան առաջնության հաղթող «ՀԸձ-4» թիմն ընդամենը երկու տարվա պատմություն ունի, սակայն որպես հաղթողներ նրանց եւս հնարավորություն էր ընձեռվել մասնակցել ամփոփիչ խաղին:
Խաղը բաղկացած էր չորս փուլերից, որոնցից յուրաքանչյուրում մասնակիցներին տրվում էին 15-ական հարցեր: Այնուհետեւ 27 թիմերից ընտրվեց լավագույն ութնյակը, որոնք մասնակցեցին «Բրեյն Ռինգ» խաղին: Ըստ Ա. Կարախանյանի, «Բրեյն Ռինգն» իր բնույթով փոքր-ինչ տարբերվում է խաղի հիմնական ձեւից: Այնտեղ երկուական թիմեր հնարավորինս արագ պետք է պատասխանեն իրենց ուղղված հարցերին, եւ, ըստ էության, այստեղ հարցերն ավելի դյուրին են, քանի որ արագությունը շատ ավելի կարեւոր է: Ավելի քան չորս ժամ տեւած խաղից հետո, նախագծի կազմակերպիչները, ովքեր եւ ժյուրիի անդամներն էին, որոշեցին 2007թ. ամենաինտելեկտուալ թիմին, իսկ մյուս մասնակիցներին շնորհվեցին վկայականներ ու գրքեր: Խաղի արդյունքներով հաղթող ճանաչվեց «Պերեզագրուզկա» թիմը` հավաքելով 34 միավոր, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին «ԱՍՍԱ» եւ «Ֆենիկս» թիմերը` վաստակելով համապատասխանաբար՝ 33 եւ 28 միավոր: