Սկսել են հաշվել

25/12/2007

Ոչ խորհրդարանական քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, թե ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած փաստաթղթերում սխալ էր լրացված եկամուտների հայտարարագիրը, որում ներկայացված թվերը վերաբերել են ոչ թե պահանջվող՝ 2006թ., այլ 2007թ. եկամուտներին: Ըստ այդ փաստաթղթի, Լ. Տեր-Պետրոսյանը բացի նախկին նախագահին վճարվող թոշակից, այլ եկամուտներ չի ունեցել, իսկ եթե անգամ ունեցել է՝ չի նշել, խախտելով օրենքի պահանջը: «Այդ դեպքում հարց է ծագում. ինչպե՞ս է նա վճարել անհրաժեշտ 8 մլն դրամ ընտրական գրավը: Ի՞նչ ստվերային եկամուտներից»,- ասել է նա: Դիտարկմանը, որ ոչ միայն Լ. Տեր-Պետրոսյանը, այլեւ ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներն էլ թաքցրել էին իրենց եկամուտներն ու ունեցվածքը, ավելին, նույնիսկ նրանցից մի քանիսը, պարզվեց, սեփական բնակարան չունեն, նա հակադարձել է. «Գոնե այս մյուս թեկնածուները նրա պես ամեն օր չեն գոռում, թե անբիծ-մաքուր են, իսկի մի հատ սեփական խանութ չունե՞ն, ոնց որ Բագրատյանն էր մի քանի օր առաջ ասում: Իրենց չճանաչողները կմտածեն` մեղք են, մի բանով օգնենք»: