Պատրաստ ենք թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի

25/12/2007

Ադրբեջանական Day.Az գործակալությանը վերջերս տված իր հարցազրույցում ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել: Խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, նա ասել է, որ Հայաստանում վիճակը կայուն է այնքանով, որքանով ամուր է քաղաքացիական ազատությունների ու քաղաքական իրավունքների անարգել իրականացման համար ամրապնդված սահմանադրական կարգը, եւ ակտիվ է այնքանով, որքանով ակտիվ է զարգացման ապագա մոդելի ընտրության առջեւ կանգնած դեմկոկրատական հասարակությունը: Ա. Աշոտյանը բացառել է գունավոր հեղափոխության հեռանկարը Հայաստանում, վատագույն դեպքում` հավանական է համարել գունավոր հեղափոխության դժգույն իմիտացիաները: Նա պնդել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշն աճի տենդենց ունի ոչ այնքան Հայաստանում, որքան Ադրբեջանում: Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, Ա. Աշոտյանն ասել է. «Որպես ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավար՝ Սերժ Սարգսյանը գիտի խաղաղության գինը: Որպես շուրջ 10 տարի ՀՀ պաշտպանության նախարար՝ գիտի խաղաղության արժեքը: Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների այսօրվա խաղաղության համար շատ թանկ գին են վճարել: Ցանկացած նոր պատերազմ անթույլատրելի շռայլություն է բոլոր երեք կողմերի համար: Մենք ուզում ենք խաղաղություն եւ չենք վախենում պատերազմից: Մենք պատրաստ ենք թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի: Ընտրությունն Ադրբեջանինն է»: