Ստվերից դուրս պետք է լինի նաեւ առողջապահությունը

25/12/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Պարոն Քուշկյան, մի քանի տարի առաջ ՀՀ նախագահին առընթեր Հակակոռուպցիոն վարչությունը պարզել էր, որ Հայաստանում առավել կոռումպացված ոլորտները առողջապահությունն ու կրթությունն է: Այդ գնահատականն այսօր, ըստ ձեզ, ուժի մե՞ջ է:

– Կոռումպացված արտահայտությունն առհասարակ բժշկության հետ չեմ կարող համատեղել, որովհետեւ բժշկությունն ինքը շատ մարդասիրական է, ու «կոռուպցիա» խոսքն այնքան էլ չի սազում: Բայց, ցավոք, առողջապահության համակարգում դեռեւս կան ստվերային երեւույթներ, որոնք բավական երկար պատմություն ունեն` սկսած խորհրդային տարիներից: Այդ նպատակով այսօր մշակվում են բուժհաստատությունների ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման նոր մոտեցումներ եւ լուծումներ՝ առողջապահության ոլորտը զերծ պահելու համար նման խնդիրներից: Կուզեի ավելացնել նաեւ, որ կառավարության կողմից առողջապահությանը տրամադրվող բյուջեի ամենամյա աճը հնարավորություն է տալիս ամբուլատոր եւ ստացիոնար բուժհիմնարկներին` հոգալ իրենց ծախսերը եւ աստիճանաբար բարձրացնել աշխատավարձերը, ինչը նույնպես կնպաստի այս հարցերի կանոնակարգմանը: Եվ, վերջապես, կարծում եմ, որ պետպատվերի վերաբաշխման գործընթացը նույնպես կտա իր տեսանելի արդյունքները: Բավական դրական փոփոխություններ ենք ակնկալում նաեւ ապագա պարտադիր եւ կամավոր բժշկական ապահովագրության ներդրումից:

– Առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությունը բավական հումանիստական է. այնտեղ հաշվի են առնված հաշմանդամների, շաքարախտով, քաղցկեղով, հոգեպես անառողջ մարդկանց անվճար կամ արտոնյալ կարգով բուժվելու իրավունքները, սակայն այդ ամենը միայն թղթի վրա է: Իրականում քաղցկեղով հիվանդ մարդիկ իրենց դեղորայքը, ընդ որում` շատ թանկարժեք, գնում են սեփական միջոցներով, պետպատվերի շրջանակում անվճար դեղամիջոցները հիվանդներին չեն հասնում: Օրինակները, կարծում եմ, ձեզ էլ հայտնի են:

– Այո, առողջապահության ոլորտի օրենսդրությունը շատ մարդասիրական է, եւ, հավատացնում եմ, այն չի մնա թղթի վրա: Ներկայումս պետբյուջեից հատկացվող գումարների օպտիմալ վերաբաշխման եւ հավելյալ ֆինանսավորման շնորհիվ մեզ հաջողվեց ամբուլատոր համակարգը դարձնել անվճար: Այսինքն, առողջության պահպանման առաջին օղակը, որը հիմնականն ու ամենակարեւորն է բնակչության համար, գործում է բավական արդյունավետ: Հավելյալ միջոցներ են տրամադրվել նաեւ սույն հիվանդների ստացիոնար բուժման համար: Ինչ վերաբերում է հաշմանդամներին, շաքարախտով, քաղցկեղով եւ հոգեկան հիվանդություններով տառապող հիվանդներին անվճար դեղորայքով ապահովելուն, կուզեի նշել, որ 2007թ. ընթացքում վերոհիշյալ խմբերի 111.372 հիվանդների տրամադրվել է 1,416,300,000 դրամի անվճար դեղորայք, որն ապահովում է այդ հիվանդների 60-70%-ին: Բացի դա` պոլիկլինիկական ծառայությունների միջոցով բնակչությանն անվճար տրամադրվել է 1,119,506,000 դրամի առաջին անհրաժեշտության դեղորայք: Ինչպես ասացիք, կան որոշակի դեղամիջոցներ, որոնք խիստ թանկարժեք են եւ անգամ ամենահարուստ պետությունները չեն կարող ապահովել բոլոր հիվանդներին այդ դեղորայքով, ուստի ներկայումս Առողջապահության նախարարության Դեղորայքային վարչությունը, համապատասխան մասնագետների հետ համատեղ, մշակում է վերոհիշյալ հիվանդների բուժման համար առաջին անհրաժեշտության` ոչ պակաս արդյունավետ եւ որակյալ դեղորայքային ցանկը, որը կապահովի գրեթե բոլոր կարիք ունեցողներին:

– Ասացիք, որ առողջապահական համակարգում ստվերը գալիս է խորհրդային տարիներից: Ի դեպ, մեր բժիշկների զգալի մասը եւս գալիս է խորհրդային տարիներից: Այդ մարդիկ, անկախ բյուջեի մուտքերից կամ հաջող օրենսդրությունից, կարծես պատրաստ չեն վերանայել խորհրդային ավանդույթները եւ աշխատել ազնիվ: Մասնավորապես, կարող եմ տալ կոնկրետ բժշկի անուն (պարոն Քուշկյանին նրա անունը տվեցի.- Լ.Ա.), որը բոլոր հաշմանդամ երեխաների ծնողներից սոնոգրաֆիայի համար 11.000 դրամ էր պահանջում:

– Գիտեք, բժիշկները պատրաստ են աշխատել նոր հիմունքներով: Եվ ես կարող եմ համոզված ասել, որ բժիշկները նախընտրում են հիվանդների հետ չունենալ ֆինանսական առնչություն, որպեսզի բժիշկ-հիվանդ հարաբերությունը լինի ավելի քաղաքակիրթ: Ձեր նշած բժշկին ես լավ գիտեմ, նա մեր հայտնի մասնագետներից էր եւ այլեւս Հայաստանում չի աշխատում: Մի դեպքով դժվար է գնահատական տալ ամբողջ համակարգին: Ժամանակի ընթացքում` վերափոխելով համակարգի ֆինանսատնտեսական հիմունքները, հուսով եմ` կստանանք ցանկալի արդյունքներ: Հիվանդներն իրենք էլ պետք է գիտակցեն, որ բժշկին այդ կարգի շնորհակալություն հայտնելը սխալ է, քանի որ պետությունն արդեն հոգացել է իրենց բուժման հետ կապված ծախսերը պետպատվերի շրջանակներում:

– Մեր ժողովուրդը թերեւս իր ողջ պատմության ընթացքում դեմոգրաֆիկ լուրջ խնդիր է ունեցել: Աշխարհում կանանց առողջության պահպանման, ծննդատներում անվճար բուժօգնություն ստանալու բավական արդյունավետ մեխանիզմներ են գործում: Հայաստանում եւս կարծես օրենսդրորեն կարգավորված է անվճար ծննդաբերությունը, սակայն մեր ծննդատներում կանանց հանդեպ խիստ գործնական են տրամադրված: Դարձյալ կոնկրետ օրինակով կարող եմ նշել, որ բժիշկները ծննդաբերած կնոջը հիվանդանոցից ոչ մի կերպ չէին ցանկանում դուրս գրել, քանի դեռ նա չէր վճարել իրեն օգնություն ցույց տված բժիշկների ծառայության համար:

– Այդ ոլորտից մեր բնակչությունից բավական դժգոհություններ ունեցել ենք միշտ: Հաճախ բողոքը լինում է ոչ թե ֆինանսական, այլ մարդկային վերաբերմունքի տեսակետից: Հիվանդանոցներում այդ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է փոխվի: Սակայն միայն ադմինիստրատիվ մեթոդներով դա այնքան էլ արդյունավետ չի լինի: 2008թ. հունիսից 1 միլիարդ դրամով ավելի գումար կտրամադրվի ծննդօգնությանը: Այսինքն, այդ գումարը գնալու է բժիշկների եւ բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը: Պետք է հասնենք նրան, որ բժիշկներն այլեւս իրենք հիվանդներից գումար չակնկալեն: Ես շատ եմ ցանկանում հասնել նրան, որ մեր սոցիալապես անապահով խավն իրեն ընկճված չզգա եւ բուժհիմնարկ մտնի ու անվճար բուժվի շատ արժանապատիվ ձեւով:

– Մեր թերթի լրագրող Լուսինե Ստեփանյանը պարբերաբար անդրադառնում է ծայրահեղ անապահով եւ անառողջ մարդկանց, որոնք մերժված են ոչ միայն հասարակության, այլեւ պետության, մասնավորապես` բժիշկների կողմից: Այն, որ մենք հաճախ դիմում ենք ձեզ` օգնություն ակնկալելով այս կամ այն մասնավոր դեպքի համար, արդեն խոսում է այն մասին, որ մեր առողջապահական համակարգն ունի ոչ միայն ֆինանսական, այլեւ բարոյական լուրջ խնդիր:

– Օգտվելով առիթից` ցանկանում եմ ձեր թերթին շնորհակալություն հայտնել, որ նմանատիպ դեպքերի մասին մեզ տեղյակ եք պահում: Դա մեզ թույլ է տալիս ոչ միայն բժշկական իրական օգնություն ցույց տալ, այլեւ հասկանալ` որտեղ ինչ է կատարվում: Հիմա, հավատացեք, շատ ակտիվ ենք աշխատում: Գրեթե չկա բուժհիմնարկ, ուր ես չեմ եղել, այցելել եմ անգամ ամենահեռավոր շրջաններ, ցուցաբերել ենք ֆինանսական օգնություն, բարեփոխումներ ենք անցկացնում կառավարման ոլորտում: Առաջիկայում հիվանդանոցները, կնքելով նախարարության հետ պետպատվերի պայմանագիր, կստանձնեն որոշակի պարտավորություններ, որոնց կատարումը կլինի նախարարության խիստ վերահսկողության ներքո:

– Փողոցներում հաճախ կարելի է հանդիպել հոգեպես ոչ այնքան առողջ մարդկանց. մի մասը բարձրաձայն խոսում է, երգում եւ այլն: Հոգեկան հիվանդություն ունեցող մարդիկ, մերժվելով հաճախ հարազատներից, հասարակությունից, «բոմժ» են դառնում: Հոգեբուժարանները, որքանով տեղեկացված ենք, չեն ընդունում տեր չունեցող հիվանդներին:

– Փակ դռներ չկան. հոգեբուժական ծառայության որակը մեզ մոտ բավական լավ է: Տարեցտարի հիվանդներին փորձում ենք ապահովել ավելի որակյալ, էֆեկտիվ դեղամիջոցներով: Ի դեպ, վերջին 2-3 տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց աճ հանրապետությունում չի արձանագրվել: Ինչեւիցե, կարելի է ապագայում նորից անդրադառնալ այդ ոլորտի բարելավման հարցին:

– Վերջերս այսպիսի դեպք տեղի ունեցավ. մեր քահանաներից մեկն ավտովթարից կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացավ, նրան տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն, ուր վերակենդանացման բաժնում երկար ժամանակ մնալուց հետո բժիշկները որեւէ լավատեսական եզրակացության չէին հանգել: Սակայն որոշ ժամանակ անց նույն բժիշկները տեսախցիկների առաջ պատմում էին հրաշքի մասին, որ եկեղեցականն` առանց բժիշկների միջամտության, ապաքինվել է: Հետո արդեն տեր հայրն ինքը պատմեց, որ անգիտակից վիճակում տեսել է սրբերից մեկին: Չերկարացնեմ: Նման երեւույթները դուք` որպես բժիշկ, ի՞նչ կերպ եք ընկալում:

– Այս երեւույթը մեր բժշկագիտության բնագավառում դեռեւս բավարար ուսումնասիրված չէ: Ժամանակի հետ թերեւս կարիք կլինի ուսումնասիրել այն մարդկանց, ովքեր գտնվելով տերմինալ վիճակներում, կլինիկական մահի ընթացքում գուցե ինչ-որ մի բան ենթագիտակցաբար կամ գիտակցաբար տեսնում են: Այս մասին շատ են թե՛ գիտական, թե՛ սիրողական հոդվածները: Կարծում եմ` բժշկի կողմից կատարվող բոլոր անհրաժեշտ գործողություններն ունեն իրենց կարեւորագույն տեղը, իսկ հաջողությունն` իր տեղը՝ հիվանդի ապաքինման համար:

– Ձեր պրակտիկայի ընթացքում հանդիպե՞լ եք նման հրաշքների, երբ հիվանդի առողջանալը պայմանավորված չի եղել բժշկի միջամտությամբ:

– Առանց բժիշկների միջամտության, միայն հրեշտակների օգնությամբ, դժվար թե հիվանդը փրկվի, բայց շատ կարեւոր է ներշնչանքը:

– Դուք Աստծուն հավատո՞ւմ եք:

– Իհարկե:

– Ի՞նչ եք կարծում, բժշկի մասնագիտության դեպքում հավատի գործոնն էակա՞ն է:

– Գտնում եմ, որ` այո: Գտնում եմ, որ բժիշկը պետք է հավատ ունենա թե՛ Աստծո, թե՛ իր գործի հանդեպ: Հավատացեք, լավ բժիշկներն անձնազոհ մարդիկ են, նրանք, առանց որեւէ ակնկալիքի, պատրաստ են ժամերով նստել իրենց հիվանդի մոտ:

– Դուք, ենթադրում եմ, տիրապետում եք առողջ ապրելակերպի կանոններին: Կուսակցական լինելը, կուսակցական ժողովները, ակտիվի հավաքները եւ նմանատիպ կուսակցական միջոցառումները որքանո՞վ են վտանգավոր առողջության համար:

– Կարող եմ ասել, որ կուսակցական լինելը նույնիսկ ոգեւորում է: Դա «ադրենալին» է: Կուսակցությունը քաղաքական ուժ է, ուր դու մասնակցում ես քո երկրի կայացմանը: Ի դեպ, օգտվելով առիթից, թույլ տվեք շնորհավորել բոլորին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ՝ ցանկանալով քաջ առողջություն եւ նորանոր հաջողություններ գալիք 2008-ին:

– Պարոն նախարար, Ամանորից մի քանի օր առաջ, գոնե մինչեւ փետրվարի 19-ը, եկեք իրո՛ք հավատանք, որ մեր երկրում կուսակցությունների այս քանակը պայմանավորված է մարդկանց` առողջ ապրելու ձգտմամբ: Շնորհակալություն: