Բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար՝ 2.5% եւ 6.3% գնաճը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետության ոչ պարենային ապրանքների շուկայում հանգեցրել է 1.2% գնաճի:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության` 2007թ. նոյեմբերին 2006թ. նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար` 2.2 եւ 3.8%, իսկ 2006թ. դեկտեմբերի համեմատ` 7.3 եւ 5.7% գնաճ: Հեղուկ գազի եւ վառելափայտի գները 2007թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են, համապատասխանաբար, 12.6 եւ 1.2%-ով: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է գորգերի, դեղամիջոցների, կենցաղային էլեկտրաապրանքների, գեղահարդարման իրերի, շինանյութերի, անձնապիտո ապրանքների, խոհանոցային սպասքի, հագուստի եւ գործվածքի, կահույքի, տեքստիլեղենի, ոսկերչական ապրանքների 0.1-4.2% գնաճ: Այգեգործական եւ մշակույթի ապրանքների գները հոկտեմբերի համեմատ նվազել են 0.9-0.2%-ով, իսկ գրենական պիտույքների եւ լվացող միջոցների գները մնացել են անփոփոխ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2007թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.7-1.9% գնաճ (գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշ գրանցվել է ք. Թալինում): Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.3%-ով: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում նույն ժամանակաշրջանում սակագների 0.9% հավելաճին մեծապես նպաստել է տրանսպորտի`4.6% (պայմանավորված օդային տրանսպորտով ուղեւորափոխադրման տոմսերի 16.7% թանկացմամբ), մշակույթի` 9%, իրավական ու բանկային` 3%, կենցաղային բնույթի 2.1% ծառայությունների սակագների հավելաճը: Կրթության համակարգի, հանգստի կազմակերպման, բուժսպասարկման, հանրային սննդի ծառայությունների սակագները հոկտեմբերի համեմատ աճել են 0.1-0.6%-ով, իսկ բնակարանային, կոմունալ, կապի ծառայությունների սակագները մնացել են անփոփոխ: 2007թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետության դիտարկված 10 քաղաքներում արձանագրվել է սակագների 0.1-1.2% հավելաճ, իսկ Դիլիջանում պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը: