Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ընթացքում հանգամանալից ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2007թ. սոցիալ-տնտեսական գործունեության հաշվետվությունը:
Ըստ այդմ՝ քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2007թ. սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով նախատեսված 83717.4մլն դրամի աշխատանքներից փաստացի կատարվել են 94673.4մլն դրամի աշխատանքներ, կամ ծրագիրը կատարվել է 113.1%-ով: «2007թ. կատարված բոլոր աշխատանքները 100%-ով ֆինանսավորվել են ինչպես պետական բյուջեի միջոցների, այնպես էլ սեփական միջոցների, եկամուտների հաշվին, որոնք քաղաքապետարանում գոյացել են հողերի վաճառքից»,- նշեց Ե. Զախարյանը՝ վկայելով, որ համայնքային միջոցները նույնպես աճել են, հետեւաբար այս տարվա ծրագրերը համայնքները կատարել են 97%-ով: Քաղաքապետը վստահեցրեց, որ համայնքների սեփական եկամուտների նման ցուցանիշ վերջին տարիներին չի արձանագրվել: Անդրադառնալով ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտին՝ Ե. Զախարյանը կարեւորեց դեռեւս 2005-ին հաստատված քաղաքի գլխավոր հատակագիծը, որի շրջանակներում ներկայումս մայրաքաղաքի զարգացման աշխատանքներն ընթանում են մեծ թափով: «Գլխավոր հատակագծով նախատեսված լուրջ աշխատանքներ ունեինք 2007-ին եւ բավականին մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում: Այսօր մենք ունենք 5 համայնքների գոտիականացման ավարտված նախագծերը, որոնք համաձայնեցվել են բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ: Ամենամեծ աշխատանքներից եմ համարում այդ գոտիականացման նախագծերը, որոնք արդեն ներկայացվել են կառավարություն, որպեսզի կառավարությունում հաստատենք՝ հետագայում համայնքների ծրագրային զարգացման նպատակով, իսկ մյուս համայնքների գոտիականացման նախագծերը կավարտենք մոտակա տարիների՝ 2008-2009թթ. ընթացքում»,- ասաց Ե. Զախարյանը՝ ավելացնելով, որ գլխավոր հատակագծի իրացման միջոցառումների շրջանակներում իրականացվել են Երեւանի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի եւ առաջնահերթ շինարարության կառուցապատման էսքիզների մշակման, մայրուղիների կարմիր գծերի նախագծերի կազմման, պատմամշակութային հուշարձանների պահպանման հիմնավորման ծրագրերի եւ սխեմայի կատարման, քաղաքամերձ գոտու տարածքային հատակագծման նախագծի մշակման, սանիտարական գոտիների կարգավորման ծրագրի մշակման, գլխավոր հատակագծի մոնիտորինգի, ինչպես նաեւ՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն եւ Նորք-Մարաշ թաղային համայնքների տարածքների գոտիավորման նախագծերի մշակման աշխատանքները: Քաղաքապետը վստահեցրեց, որ գլխավոր հատակագծով նախատեսված միջոցառումները կավարտվեն նախատեսված ժամանակահատվածում եւ պատշաճ կերպով: Ինչ վերաբերում է շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության ոլորտին, ապա իրականացվել են Երեւանի երրորդ աստիճանի վնասվածության թվով 4 բազմաբնակարան շենքերի կառուցման եւ շահագործման հանձնման, թվով 74 փողոցների արտաքին լուսավորության ցանցերի վերակառուցման եւ հիմնանորոգման, ոռոգման ցանցի ընդլայնման եւ վերանորոգման, փողոցների, հենապատերի եւ ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման եւ ճաքալցման աշխատանքները: «Ընդհանուր առմամբ՝ 3-րդ կարգի վթարայնության 38 շենք արդեն ամրացվել է: 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչների տեղափոխման նպատակով օրերս շահագործման հանձնեցինք 4 նորակառույց շենքեր: 2008-ին մենք կավարտենք 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը»,- նշեց քաղաքապետն՝ ավելացնելով, որ թվով երեք 4-րդ կարգի վթարայնության հանրակացարանների վերաբերյալ առկա է ՀՀ վարչապետի հանձնարարականը, ըստ որի՝ պետք է գույքագրել բնակիչների թվաքանակը, կարգավիճակը, որպեսզի շենքերի հետագա ճակատագրի վերաբերյալ կառավարությանը համապատասխան առաջարկություն ներկայացվի: Համաքաղաքային ծրագրերի շրջանակներում իրականացվել են սքեյթբորդի հրապարակի կառուցման, ինչպես նաեւ՝ Հանրապետության հրապարակի շատրվանների վերանորոգման եւ ձայնալուսային շոու համակարգի տեղադրման աշխատանքները: Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի շինարարությանը՝ քաղաքապետ Ե. Զախարյանն ասաց. «Այսօր արդեն պողոտան շահագործվում է, ընդ որում՝ այն ժամկետում, ինչ ժամկետ հայտարարվել էր դեռեւս 2003-ին, այսինքն՝ պողոտան նշված ժամկետում հանձնվեց շահագործման»: Պրն Զախարյանը նաեւ խոստացավ, որ մյուս տարի Երեւան քաղաքի լուսավորման ցանցի խնդիրը 100%-ով կլուծվի: Հաշվետու ժամանակաշրջանում սկսվել եւ իրականացվել են նաեւ Խանջյան եւ Տիգրան Մեծ փողոցներում, խաչմերուկներում ստորգետնյա տրանսպորտային անցուղու, Հերացի փողոցից մինչեւ Խորենացու փողոց մայրուղու կառուցման եւ Հերացի, Կորյուն, Նալբանդյան, Չարենց փողոցները հատող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները, որոնք վերջնականապես կավարտվեն 2008-ին: Երեւանի քաղաքապետարանը կառուցապատման աշխատանքներ է կատարել նաեւ Խանջյան, Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկներում, Կենդանաբանական այգու հատվածում: Ազատության եւ Իսակովի պողոտաներում թվով 8 ստորգետնյա եւ վերգետնյա հետիոտն անցումներ է կառուցել, ինչպես նաեւ Երեւան-Սոչի ավիավթարի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողի եւ Շուշիի ազատագրման 15-ամյակին նվիրված հուշարձանի կառուցման աշխատանքներն է իրականացրել: Ե. Զախարյանը խոստացավ Գետառի եւ Չարենց-Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկի վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնել 2008թ. երրորդ եռամսյակում: «Դեկտեմբերի 29-ից հետո Տիգրան Մեծ փողոցի տրանսպորտային երթեւեկությունն ամբողջությամբ բաց կլինի: Ազատության պողոտայի աշխատանքներն ամբողջությամբ ավարտել եւ հանձնել ենք շահագործման: Դեկտեմբերի 25-ին կկայանա Բաղրամյան-Կիեւյան եւ Օրբելի-Բաղրամյան խաչմերուկների հանձնման արարողությունը: Վարդանանց-Խանջյան փողոցների խաչմերուկի աշխատանքներն ավարտական փուլում են, եւ մոտակա մի քանի օրերի ընթացքում տրանսպորտային երթեւեկությունը կբացվի»,- հավաստիացրեց նա՝ ասելով, որ դեկտեմբերի 29-ին նաեւ կբացվի Նալբանդյան փողոցը:
Քաղաքապետը երեկ նաեւ անդրադարձավ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտին՝ տեղեկացնելով, որ նախատեսված 4050.6մլն դրամի աշխատանքներից փաստացի իրականացվել են 4638.4մլն դրամի աշխատանքներ: Բացի Երեւանի մետրոպոլիտենի եւ էլեկտրատրանսպորտի հիմնանորոգման եւ շահագործման կատարված աշխատանքներից, ուղեւորափոխադրումների խնդիրը կարգավորելու նպատակով ձեռք են բերվել 140 ներքաղաքային միջին տեղատարողության ավտոբուսներ, ինչպես նաեւ՝ թվով 20 նոր տրոլեյբուսներ: «Հունվարի 1-ից մենք Երեւանում կունենանք 107 նոր «Բոգդան» եւ «Պազ» տիպի ավտոբուսներ: 2 ավտոբուս եւ 1 տրոլեյբուս կահավորվել են հատուկ հաշմանդամների համար, որպեսզի նման խնդիր ունեցող մարդիկ կարողանան օգտվել ավտոբուսային ծառայությունից»,- վստահեցրեց քաղաքապետն՝ ասելով, որ առաջիկայում ներկրվող յուրաքանչյուր խմբաքանակից մեկը հատուկ կկահավորվի հաշմանդամների համար: Քաղաքապետի տեղեկացմամբ` մինչեւ 2020թ. Երեւանի կանաչ տարածքները կավելացվեն 1400 հա-ով: Աշխատանքների արդյունքում մայրաքաղաքում մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքները կկազմեն 16 քմ` ներկայիս 6,2 քմ-ի փոխարեն: