Էլեկտրոնային «հանրահավաք»

25/12/2007

Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման առաջին վարկային ծրագրում տեղի ունեցած չարաշահումների հետ կապված ԱՄՆ կառավարությանը հաշվետու Մարդու իրավունքների եւ խոսքի ազատության GAP կազմակերպությունը ինտերնետով եւ ամբողջ աշխարհով հանրագիր՝ պետիցիա (petition) է տարածել:

Այդպիսով կազմակերպությունն առաջին հերթին՝ այն երկրներում, որտեղ Համաշխարհային բանկը (ՀԲ) վարկային ծրագրեր է իրականացնում, տեղյակ է պահում, թե ՀՀ-ում ի՞նչ չարաշահումներ են տեղի ունեցել: Այդ պետիցիան ստանում են եւ իրենց հերթին տարբեր հասցեներով են ուղարկում հազարավոր մարդիկ: Դա մի յուրօրինակ ակցիա է, որով մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտում ՀԲ վարկային ծրագրում տեղ գտած չարաշահումների վերաբերյալ: Դա, ըստ էության, բողոքի արտահայտության էլեկտրոնային ստորագրահավաք է: GAP-ն այդ ակցիայի արդյունքները փետրվարի 15-ին ներկայացնելու է ՀԲ նախագահ Ռոբերտ Զոելլիքին: Ներկայացնում ենք պետիցիայի տեքստից մի հատված:

«- Բողոքը լիազորված, հաստատված, հիմնավորված լիարժեք փաստաթուղթ է:

– Իրավապաշտպանը համոզված է եւ չտատանվող:

– Ինստիտուցիոնալ անաչառության վարչությունը՝ մեկուսացված, չշփվող, իրավազուրկ է:

– Տասնյակ միլիոն դոլարների կեղծարարությունը, կոռուպցիան եւ շորթումը ՀԲ-ի ջրի ծրագրում հայտնաբերվել է ՀՀ խորհրդարանական հանձնաժողովի 2004թ. ուսումնասիրություններով:

– Հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստաթղթային տեսք են ստացել եւ ուղարկվել են ՀԲ-ի INT-ն:

– Հանձնաժողովի մասնագետն անքաղաքավարի կերպով անուշադրության է մատնվել INT-ի կողմից եւ դրանից ի վեր ենթարկվել է ՀԲ ճնշումներին:

– Բողոքը ծրագրի միջազգային Խորհրդատուին (Ռիչարդ Վոլքլինգին) ներկայացնում է որպես խախտումների կենտրոնական մասնակից, եւ GAP-ը դրա հետ մեկտեղ ՀԲ-ի հայաստանյան ղեկավարին (2002-2006) ներկայացրել է որպես համագործակցող»:

Բացի այդ, GAP-ը ՀԲ նախագահին է ներկայացնելու Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագրում տեղի ունեցած չարաշահումների պատմությունը եւ ապացուցող փաստաթղթերը, որոնց համաձայն, այդ չարաշահումներից տեղյակ է եղել, սակայն ոչինչ չի ձեռնարկել ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Նաեւ այն, որ GAP-ը ՀԲ Ինստիտուցիոնալ անաչառության վարչությանը՝ INT-ին է ներկայացրել չարաշահումների մասին ողջ պահանջը, սակայն այդ կառույցը դեռեւս չի պատրաստվում այդ գործն ուսումնասիրել: Տեղեկացնենք, որ GAP-ն այս տարի INT-ին է ուղարկել ՀԲ ծրագրերում կոռուպցիայի վերաբերյալ չորս բողոք: Հայաստանին վերաբերող բողոքն այդ ծրագրերից մեկն է, եւ կոռուպցիայի լայնաբովանդակ բնույթի պատճառով GAP-ն այն առանձնացրել է եւ INT-ին ներկայացրել է ամբողջական հետաքննություն անցկացնելու հատուկ պահանջով: Հիշեցնենք, որ նոյեմբերին GAP-ի միջազգային ծրագրերի տնօրեն Բեատրիս Էդվարդսն այցելել էր Հայաստան` հանդիպելու ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարի եւ այլ շահագրգիռ կողմերի հետ: Նրա հետ «հանդիպելու ժամանակ չէր ունեցել» Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, ով ժամանակին եղել է այդ վարկային ծրագրի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահը: Նա «168 Ժամին» ասել էր, որ այդ ծրագրում կատարած ուսումնասիրություններից հանձնաժողովի փորձագետ Բրյուս Թասկերը չարաշահումների այնպիսի փաստեր էր հայտնաբերել, որոնց հիման վրա կարելի էր քրեական գործ հարուցել: Սակայն Վ.Հովհաննիսյանն այդ մասին քննարկելու ժամանակ չէր ունեցել: Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերին Ազգային ժողովում ասել էր, որ կառավարությունը մեկ անգամ եւս կանդրադառնա այդ ծրագրին: Բ.Թասկերը կարծում է, որ վարչապետը լավ տեղեկացված չէ Երեւանի ջրամատակարարման համակարգում տեղի ունեցած չարաշահումների մասին: Իսկ GAP-ը մտադիր է հետեւողական լինել եւ այդ չարաշահումների մասին տեղյակ պահել նաեւ ԱՄՆ Կոնգրեսին ու Սենատին, եթե խնդիրը ՀՀ-ում լուծում չստանա: