Դեկտեմբերի 22-ին կառավարության Նիստերի դահլիճում կայացավ ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հանրապետական կոնգրեսը:
Ներկա էին առաջիկա ընտրություններում առաջին նախագահի թեկնածությունը սատարելու մասին արդեն որոշում կայացրած մոտ երկու տասնյակ կուսակցությունների, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների (ՀԿ), երիտասարդական կառույցների ղեկավարներ եւ այլք: Ու թեեւ հրավիրվել էր 580 պատվիրակ, սակայն դահլիճում անգամ կանգնելու տեղ գտնելը բարդ էր: Հավաքի ընթացքում հնչեցին մոտ 20 ելույթներ (վերոնշյալ քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ղեկավարների կողմից), իսկ վերջում մոտ 1,5 ժամանոց ելույթ ունեցավ Լ. Տեր-Պետրոսյանը, ով ամփոփեց մինչ օրս կատարված քարոզչական աշխատանքներն ու նախանշեց ապագա անելիքները: Սակայն ամեն ինչ ներկայացնենք՝ ըստ հերթականության: Սկզբում ելույթ ունեցավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նրա գնահատմամբ` ՀՀ ներկայիս վարչախմբից ազատվելու համար անհրաժեշտ է ուժերի համախմբում, եւ այդ պատճառով էլ առաջին նախագահին սատարող բոլոր քաղաքական ուժերը, մի կողմ դնելով առանձին տարաձայնությունները, միավորվել են նրա շուրջ: Ս. Դեմիրճյանի խոսքերով, այդ ուժերի նպատակն է` Հայաստանում վերականգնել սահմանադրական կարգը, լիովին բացահայտել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը, արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ, տարանջատել բիզնեսն ու իշխանությունը: «Նպատակաուղղված եւ ճիշտ, կազմակերպված աշխատանքի պարագայում մեր հաղթանակը կասկածից վեր է»,- նշեց ՀԺԿ առաջնորդը: ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանն էլ հայտարարեց, որ Լ. Տեր-Պետրոսյանի հաղթանակը հայ ժողովրդի հաղթանակն է, եւ հույս հայտնեց, որ փետրվարի 20-ին հասարակությունը տոնելու է ոչ միայն Հայոց համազգային շարժման 20-ամյակը, այլեւ ընտրություններում ՀՀ առաջին նախագահի հաղթանակը: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանի գնահատմամբ` նոր հազարամյակում Հայաստանի ամենամեծ մարտահրավերը ներկայիս իշխանությունն է: «Մենք պարտավոր ենք հաղթել հանուն ԼՂՀ խնդրի արժանապատիվ լուծման, հանուն «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության լիարժեք բացահայտման, հանուն ժողովրդավարության կայացման, հանուն ազատության,…. հանուն Հայաստանի Հանրապետության»,- ասաց նա` հավաստիացնելով, որ առաջիկա ընտրություններում բոլոր զինվորականները քվեարկելու են «իրենց հաղթանակների հրամանատարի օգտին»: Ելույթ ունեցավ նաեւ «Մարքսիստական կուսակցության» ղեկավար Դավիթ Հակոբյանը, ով հայտարարեց, թե հպարտ է, որ այսօր կանգնած է Լ. Տեր-Պետրոսյանի կողքին: Առաջին նախագահին սատարող ՀԿ-ների անունից ելույթ ունեցավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող Նիկոլ Փաշինյանը: Նշելով, որ Լ. Տեր-Պետրոսյանն առաջիկա ընտրություններում հաղթող թիվ մեկ թեկնածուն է, նա հավելեց, թե հաղթանակի մեծ շանսը, անգամ 100%-անոց շանսը դեռեւս հաղթանակ չէ, իսկ վերջնական հաղթանակը կախված է յուրաքանչյուր քաղաքացու արածից եւ չարածից: ԺՈՒԿ ղեկավար Մանուկ Գասպարյանն էլ իր խոսքում նախագահի մյուս թեկնածուներին կոչ արեց խոսել իրենց ծրագրերի ու անելիքի մասին, ոչ թե ցեխ շպրտել առաջին նախագահի հասցեին՝ ավելացնելով, թե հակառակ կերպ վարվողները գործ կունենան իր հետ: «Հայաստանն արժանի է ունենալ մտավորական, շրջահայաց եւ բարոյական նախագահ»,- իր ելույթում նկատեց «Պահպանողական կուսակցության» ղեկավար Միքայել Հայրապետյանը: Իսկ «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը հայտարարեց, որ ինքը ժամանակին շատ է քննադատել Լ. Տեր-Պետրոսյանին, եւ իր կազմակերպության անունն իսկ խոսում է դրա մասին, բայց նաեւ վկայում, թե ինչքան ժողովրդավար է ՀՀ առաջին նախագահը, որ այսօր իրենք նրա կողքին են: Նախկինում Էդվարդ Եգորյանի կուսակից ընկեր, այժմ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ նկատեց, որ «եթե Եգորյանի կյանքը կերած չլինեին՝ այսօր նա կլիներ Տեր-Պետրոսյանի կողքին»՝ թեեւ ժամանակին նրա ամենասուր քննադատներից է եղել:
Ռեժիմի գործելակերպի մասին
Բնականաբար կոնգրեսի առանցքը Լ. Տեր-Պետրոսյանի ելույթն էր: Առաջին նախագահը նախ նկատեց, որ ի տարբերություն իր գլխավորած շարժման, իշխող վարչախումբը տիրապետում է վարչական, տեղեկատվական, ֆինանսական, քրեական, ռեպրեսիվ, պառակտողական եւ ապատեղեկատվական ռեսուրսի. նա առանձին-առանձին անդրադարձավ դրանց: Այնուհետեւ նա փաստեց, որ բացի «Ազատություն» ռադիոկայանից ու «ԳԱԼԱ» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններից, Հայաստանի էլեկտրոնային մնացած բոլոր լրատվամիջոցները գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության տակ: Այս կապակցությամբ նա մեջբերեց «Երեւանի մամուլի ակումբի» անցկացրած մոնիտորինգի ամփոփ տվյալները, որոնց վերաբերյալ, հիշեցնենք, անհանգստություն էր հայտնել ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Լ. Տեր-Պետրոսյանը նշեց, թե հիմքեր կան պնդելու, որ առաջիկա ընտրություններում իշխանությունների՝ հաջողության հասնելու հիմնական գրավականը լինելու է ընտրակաշառքը: Նրա խոսքերով` վարչախումբը պատրաստ է այդ նպատակին հատկացնել թեկուզ կես միլիարդ դոլար՝ չխորշելով օգտագործել հարկային գերավճարները, անգամ պետական բյուջեի ու ԿԲ-ի պահուստները: Ըստ նրա, բավարար չհամարելով առկա ռեսուրսները, գործող ռեժիմն անցած ամիսներին վաղաժամկետ բանտերից ազատ է արձակել բազմաթիվ դատապարտյալների եւ մեղադրյալների, ովքեր այդ շնորհը պիտի հատուցեն առաջիկա ընտրությունները կեղծելու գործով՝ ահաբեկումներ, բռնարարքներ, պրովոկացիաներ, զանգվածային անկարգություններ եւ այլն: Նշելով, որ վարչախումբն այս ամենի հետ մեկտեղ փորձում է ջլատել ընդդիմության ուժերը՝ առաջին նախագահը փաստեց, որ այդ նպատակով առաջադրվել են մի քանի շինծու կամ դրածո թեկնածուներ: «Նախընտրական այս տեխնոլոգիան հետապնդում է երկու ակնհայտ նպատակ. 1-ին՝ պաշտոնական քարոզարշավի կանոնակարգով այդ թեկնածուներին հատկացված եթերաժամերն օգտագործել ի նպաստ իշխանության ներկայացուցչի, եւ 2-րդ՝ հնարավորության սահմաններում ցրել ընդդիմության ստացած ձայները` ընտրակեղծիքները թաքցնելու եւ հիմնական մրցակցի հաղթանակը թույլ չտալու համար,- նշեց Լ. Տեր-Պետրոսյանն ու հավելեց,- Դրածո թեկնածուների շարքում ես ամենեւին նկատի չունեմ ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչներին, որոնք, ունենալով իրենց կայուն ընտրազանգվածը, պայքարի են ելել հստակ գաղափարական նպատակներով: Խոսքն, ինքնըստինքյան հասկանալի է, վերաբերում է որոշ տխրահռչակ անձնավորությունների, ովքեր նույնպիսի չարաբաստիկ դերակատարություն են ունեցել մասնավորապես 1998 եւ 2003թթ. ընտրություններում, ակնհայտորեն գործելով հաղթող թեկնածուներ Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանների դեմ, եւ վերջին հաշվով, նպաստելով ՀՀ ներկա հանցավոր վարչախմբի կայացմանն ու ամրապնդմանը»: Լ. Տեր-Պետրոսյանի կարծիքով` հասարակությունը հաշվի կառնի այդ դառը փորձը եւ այլեւս չի խաբվի նման մարդկանց քաղաքական աճպարարություններից: Խոսելով տարատեսակ սոցհարցումների մասին, համաձայն որոնց, Ս. Սարգսյանն ունի՝ 30-35, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 2-6% վարկանիշ, առաջին նախագահը նկատեց, որ եթե այդ սոցհարցումները ճիշտ են, եւ ամեն ինչ այդքան հարթ է Ս. Սարգսյանի համար, ապա ինչո՞վ բացատրել այն խուճապը, որ իշխանությունը չի կարողանում թաքցնել եւ իր վերահսկած քարոզչական մեքենայի միջոցով լուտանքներ է թափում Լ. Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի հասցեին: «Մի՞թե պարզ չէ, որ հրապարակված վարկանիշների իսկության պարագայում նման ջղաձգությունների կարիք չպետք է զգացվեր, եւ Ս. Սարգսյանն ընտրությունների պիտի գնար դհոլ-զուռնայի ու փողային նվագախմբի ուղեկցությամբ,- նշեց Լ. Տեր-Պետրոսյանը եւ փաստեց,- Այս ամենից միանշանակորեն հետեւում է միայն մեկ բան, այն է՝ վարչախումբը չի հավատում իր իսկ պատվիրած սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, ինչից էլ, ահա, նրա նյարդային վիճակն ու խուճապահար պահվածքը»:
Շարժման ձեռքբերումների մասին
Այնուհետեւ ՀՀ առաջին նախագահը թվարկեց իր գլխավորած համաժողովրդական շարժման նվաճումները: Ամենամեծ նվաճումը նա համարեց բազմաթիվ կուսակցությունների ու ՀԿ-ների համախմբումը: Նրա խոսքերով՝ իրեն սատարող քաղաքական ուժերի կորիզը կազմում են Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն, Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետությունը» եւ Արարատ Զուրաբյանի գլխավորած ՀՀՇ-ն: Թվարկելով շարժմանը միացած մյուս բոլոր կուսակցությունների ու ՀԿ-ների անունները, նշելով, որ իրեն սատարելու մասին հայտարարել են նաեւ հազարավոր ազատամարտիկներ ու «Երկրապահ կամավորականների միության» տասնյակ տեղական կառույցներ, Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստեց. «Ոչ մի այլ թեկնածուի շուրջ այսքան բազմաքանակ եւ այսքան ազդեցիկ ուժեր չեն համախմբվել, ինչը թույլ է տալիս խոսել եթե ոչ անգամ ընդդիմության միասնական թեկնածուի, ապա առնվազն վարչախմբին հակադիր հստակ բեւեռի ձեւավորման մասին»: Նկատելով, որ արդեն բոլորի համար ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ, Լեւոն Տեր-Պետրոսյանը վարչախմբին հակադիր բեւեռի ձեւավորումը համարեց ընտրական գործընթացի անցած փուլի ամենանշանակալից քաղաքական արդյունքը: Ձեռքբերումների շարքում նշվեց նաեւ այն, որ հակառակ իշխանությունների գործադրած ջանքերի, հաջողվեց կազմակերպել երեք խոշոր հանրահավաք, որոնց, ըստ նրա, հաջորդաբար մասնակցել է 60, 80 եւ 90 հազար մարդ: Որպես ձեռքբերում՝ նշվեց նաեւ տեղեկատվական շրջափակման հաղթահարումը. հանրահավաքում նրա ունեցած ելույթների՝ 100 հազարից ավելի քանակով բազմացված տեսասկավառակների (DVD), թռուցիկների, ելույթների տեքստերի տարածման միջոցով: Համաժողովրդական շարժման հաջորդ ձեռքբերումն, ըստ առաջին նախագահի, ներկայիս ավազակապետական համակարգի մերկացումն էր, քանի որ մարդիկ մինչ այդ դժգոհ էին բոլոր ոլորտներում առկա անօրինականությունից, սակայն չէին ըմբռնում, թե որն է այդ արատավոր երեւույթների պատճառը: Շարժումը կարողացել է հանգամանորեն ներկայացնել այդ համակարգի ծագման ու գոյատեւման պատճառները: Ամփոփելով այս ամենը, Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընտրական գործընթացի առաջին փուլն ավարտվեց շարժման՝ վարչախմբի դեմ տարած փայլուն հաղթանակով:
Առաջիկա անելիքների մասին
Այնուհետեւ առաջին նախագահը խոսեց հետագա անելիքների մասին: Նա հաջորդ փուլի խնդիր համարեց նախընտրական կենտրոնական շտաբի եւ քաղաքական խորհրդի ձեւավորումը, որը կլինի խորհրդակցական մարմին, եւ դրա կազմում կլինեն իրեն սատարող բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները: Մյուս մարմինը գործադիրն է, որը զբաղվելու է տարածքային մարմինների, վստահված անձանց եւ դիտորդների խմբերի ձեւավորմամբ: Կլինեն նաեւ աշխատանքային բաժանմունքներ, որոնք կզբաղվեն կոնկրետ գործերով, եւ որոնցում կլինեն իրենց գործի գիտակ մասնագետներ. կլինի տեղեկատվական, լրատվական, քարոզչական, հրատարակչական, համակարգման եւ այլ խմբեր: Առաջին նախագահը նշեց նաեւ, որ շտաբի ստեղծումով իրենց շարժումը կդառնա առավել կազմակերպված, իսկ դրա բացակայության պատճառով առաջացող անհամաձայնությունները, որոնք արդեն եղել են, կվերանան շտաբի ձեւավորումից հետո: Լ. Տեր-Պետրոսյանը ծրագրում է առնվազն մեկական հանդիպում Երեւանի բոլոր համայնքներում եւ Հայաստանի բոլոր մարզերում, իսկ քարոզարշավը նախատեսում է ավարտել փետրվարին՝ Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպվելիք առնվազն երկու հանրահավաքներով: Հարկ եղած դեպքում ավելի շատ հանրահավաքներ կլինեն: Առաջին նախագահը նաեւ պատրաստվում է լինել հնարավորինս շատ գյուղերում ու բնակավայրերում եւ հանդիպել հնարավորինս շատ քաղաքացիների հետ: Իր ելույթում Լ. Տեր-Պետրոսյանը խոսեց նաեւ դրամի «արժեւորման» մասին, եւ, բացի այդ, ներկայացրեց կոռուպցիայի դրսեւորման մի քանի կոնկրետ փաստեր: Նրա բնորոշմամբ` գործող համակարգի վերարտադրությունը նշանակում է եւս 10 տարվա ստրկություն, թշվառություն եւ ազգային նվաստացում: «Մեր իշխանություններն ավելի անհաղթահարելի չեն, քան Խորհրդային Միության իշխանությունները: Եթե մենք կարողացանք հաղթել Գորբաչովին, ապա ի՞նչն է մեզ խանգարում հաղթել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին»,- նշեց նա ու հավելեց, որ ԽՍՀՄ-ի դեմ պայքարն ավելի հեշտ էր, քանի որ, լինելով ազգային-ազատագրական պայքար, միավորում է ողջ ժողովրդին: Ու թեեւ այժմ պատկերն արտաքուստ այլ է, սակայն, նրա դիտարկմամբ՝ նկատի ունենալով այն ակնհայտ իրողությունը, որ Հայաստանի ներկա իշխանությունները սեփական ժողովրդին վերաբերվում են օտարի պես, ոտնահարելով նրա բոլոր սրբություններն ու արժանապատվությունը, ապա այդպիսի իշխանությունների դեմ մղված պայքարը նույնպես ազգային-ազատագրական պայքարի բնույթ է ստանում: Եզրափակելով իր ելույթը՝ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Այս ամբիոնից է հռչակվել ՀՀ անկախությունը: Եվ այս ամբիոնին է վիճակված մեր նոր հաղթարշավի սկզբնավորման ազդարարումը»: