Ինչպես Նոր տարին դիմավորես, այնպես էլ կանցնի: Այս նախանշանին հետեւելով` մենք փորձում ենք տարեմուտին հնարավորինս ճոխ ու հարուստ սեղաններ բացել, առավել ուրախ ու աղմկոտ կերուխումեր կազմակերպել, մոռանալով` որ հունվարի 1-ին կարող ենք փորացավեր ու աղեստամոքսային տրակտի խանգարումներ ունենալ: Ինչպես կարելի է նախապատրաստվել տոնական խնջույքին
Երկու շաբաթ առաջ…
Տոներին նախապատրաստվելու առաջին խորհուրդը դեռեւս տալիս է մեզ ամենահին «դասագիրքը»` Աստվածաշունչը: Դա պահքին հետեւելն է: Ժամանակակից գիտությունը հաստատում եւ հիմնավորում է կենդանական ծագում ունեցող ճարպերից ու սպիտակուցներից ժամանակավոր հրաժարվելը` հօգուտ բուսական մթերքի: Բջջանյութը նպաստում է աղեստամոքսային տրակտի մաքրմանն ու կարգավորում է աղիների գործունեությունը, իսկ լյարդի, ենթաստամոքսային գեղձի ու երիկամների վրա կենդանական ճարպի ու սպիտակուցների մարսողության ծանրաբեռնվածություն չի ընկնում: Օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ գործում է թեթեւացված ռեժիմով, որի շնորհիվ լավանում է նյութափոխանակությունը: Արդյունքը՝ օրգանիզմում թեթեւության զգացում է: Ի դեպ, նման ազդեցություն կարելի է ստանալ, եթե օգտագործենք աղիները մաքրելու ժողովրդական միջոցը: Տարայի մեջ լցնել բրինձ (կլոր), իսկ չափաբաժինը ճաշի գդալով՝ տվյալ մարդու տարիքին համապատասխան, օրինակ 40 տարեկանին՝ 40 ճաշի գդալ բրինձ: Հետո բրնձի վրա լցնել սառը ջուր, այնքան, որ այն ծածկվի, ու դնել սառնարանում: Ամեն օր առավոտյան 1 ճաշի գդալ բրինձը եփել 5 րոպե, առանց աղի, եւ ուտել ճաշից կես ժամ առաջ: Չպետք է մոռանալ, որ տարայի ջուրն ամեն օր պետք է փոխել ու պահել սառնարանում: Այս մեթոդը շատ լավ օգնում է՝ օրգանիզմը ազատել տարբեր տեսակի տոքսիններից: Տոնական սեղանի մոտ աշխատեք, որ ստամոքսը ենթարկվի բանականությանը եւ ոչ թե հակառակը: Կերեք եւ խմեք ինչ ուզում եք (իհարկե, եթե չկան հակացուցումներ), բայց ամեն ինչից չափավոր ու քիչ: Այդ օրերին պետք է աշխատել հնարավորինս քիչ օգտագործել ճարպոտ ու տապակած կերակրատեսակներ, փոխարենը կերակրացանկ պետք է մտցնել միրգ ու բանջարեղեն, աղցաններ ու ձկնեղեն: Միրգը ցանկալի է ուտել 1 ժամ առաջ այն պահից, քանի դեռ ճաշի չեք նստել: Այն օգնում է ստամոքսին նախապատրաստվելու հիմնական ուտելիքին: Եվ հետո պետք է միշտ սեղանի մոտից վեր կենալ մի քիչ քաղցի զգացումով:
Չմոռանանք նաեւ ալկոհոլի մասին: 1գ. ալկոհոլը պարունակում է 2 անգամ ավելի կալորիա, քան նույն քանակությամբ ածխաջրերն ու սպիտակուցները: Բայց, որպեսզի խմիչքից չվնասվի ստամոքսի լորձաթաղանթը, պետք է սկզբից ուտել: Խմիչքի վրա չի կարելի հեղուկ օգտագործել, իսկ եթե ցանկություն կա ինչ-որ բան խմելու, ապա միայն ոչ գազացված ու քաղցր ըմպելիք՝ եւ մեկը, եւ մյուսը նպաստում են ալկոհոլի ավելի արագ յուրացմանը: Հատկապես վտանգավոր է ալկոհոլային տարբեր խմիչքներն իրար խառնելը: Ոչ մի դեպքում մի զրկեք ձեզ պարելու հաճույքից: Ակտիվ ֆիզիկական վարժությունները արագացնում են նյութափոխանակությունը: Տարեմուտի գիշերը աշխատեք շատ քիչ ծխել: Նիկոտինը նպաստում է անոթների նեղացմանը, թթվածինը չի կարողանում անհրաժեշտ քանակությամբ մատակարարվել, ստեղծվում է լրացուցիչ թունավորման վտանգ: Եթե դեկտեմբերի 31-ին չափից ավելի եք համտեսել տեսակ-տեսակ ուտելիքներ, ապա գոնե հաջորդ օրը անհրաժեշտ է սնվել եփած կամ շոգեխաշած բանջարեղեններով: Փքվածությանն ու այրոցին շատ լավ օգնում է երիցուկի, կալենդուլայի ու դաղձի տերեւներից պատրաստված թուրմը: Տարեմուտյան տոների շարանը կարելի է փոխարինել պահքային սննդակարգով, օգտագործել միայն միրգ, բանջարեղեն ու տարբեր տեսակի հյութեր: Կարելի է շաբաթվա 2 օրը դարձնել բեռնաթափման օր:
Աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքի համար խորհուրդ է տրվում նախապես գազը հանած հանքային ջրին ավելացնել 15-20 կաթիլ կիտրոնի հյութ եւ խմել նախաճաշից 30 րոպե առաջ:
Երեկոյան` ընթրիքից առաջ, հանքային ջուրը տաքացնել, ավելացնել 1 ճաշի գդալ սուսամբար կամ անանուխ, ապա 1 ժամ հետո ավելացնել մեղր ու դանդաղ խմել: Շարունակել 2 ամիս:
Ստամոքսի լորձաթաղանթի պաշտպանության համար օգտագործում են կտավհատի սերմերից պատրաստված լորձունքը: Կտավհատի վրա ավելացնել եռացրած ջուր (10 գրամին 300 գրամ ջուր), թողնել 1 ժամ, թափահարել 15 րոպե ու քամել: Ընդունել ուտելուց 30 րոպե առաջ` օրը 1 անգամ: Աղեստամոքսային հիվանդությունների սրման փուլում գրգռված ստամոքսի ու աղիների ախտանշաններն են` այրոցը, սրտխառնոցը, որովայնի շրջանում ցավերն, ախորժակի կորուստն ու վատ մարսողությունը: Ընդունել 100-200գ եփած դդում`օրը 1-2 անգամ: Նման դեպքերում շատ լավ օգնում է հում կարտոֆիլի թարմ հյութը: Այն լավ մաքրում է օրգանիզմը եւ կարգավորում մարսողությունը:
Կոսմետիկական սրահ` տնային պայմաններում
Ցանկացած տոն խառնաշփոթ է առաջացնում, իսկ Ամանորը, կարելի է ասել, իսկական աղետ է` խառնաշփոթի առումով: Աղետի կենտրոնում ընկած է, իհարկե, կինը: Մինչեւ Նոր տարին մնացել են հաշված ժամեր, իսկ տան տիկինը դեռ ջեռոցի մոտ է ու իրեն կարգի էլ չի բերել: Սթրեսի ու հոգնածության սինդրոմից շատ լավ կարելի է ազատվել գրեյպֆրուտի օգնությամբ` շարելով այն դեմքին ու պարանոցին: Դեկտեմբերի 31-ին չարժե մինչեւ կեսօր թավալվել անկողնում: Ցնցուղից ու 1 գավաթ սուրճ ճաշակելուց հետո դեմքը փորձում ենք մաքրել մեկ կտոր սառույցով: Այս պրոցեդուրան գերազանց թարմացնում է մաշկը: Օրվա ընթացքում փորձեք մեկ ժամի չափ քնել կամ ընդունել փշատերեւով լոգանք: Հանգստանալուց հետո դեմքը մաքրել թթվասերով, կեֆիրով կամ տոնիկով:
Յուղոտ մաշկը շատ լավ թարմացնում է կիտրոնով դիմակը: 1 հատ ձվի սպիտակուցը խառնել կես կիտրոնի հյութի հետ եւ քսել դեմքին: 15-20 րոպե հետո դեմքը լվանալ սառը ջրով: Այն մաքրում է յուղոտ մաշկը ավելորդ փայլից:
Չոր եւ նորմալ մաշկի համար խորհուրդ է տրվում մանդարինից պատրաստված դիմակ: Մանդարինը կեղեւով հարիչի օգնությամբ մանրացնել, ավելացնել 1 ճաշի գդալ թանձր թթվասեր: Դիմակը քսել դեմքին, ապա 15-20 րոպե հետո լվանալ սառը ջրով: Իսկ ահա բոլոր տիպերի մաշկերի համար հարմար է նարնջից պատրաստված դիմակը: Կես նարինջը քամել, հյութին ավելացնել վարսակաձավարի (օվսյանկա) փաթիլներ եւ 1 ճաշի գդալ կաթ: Ստացված խառնուրդը պահել դեմքին 15-20 րոպե, այնուհետեւ լվանալ գոլ ջրով:
Աստղագուշակի խորհուրդը
Տարբեր կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում հագնվել յուրովի: Խոյերին շատ կհամապատասխանի կարմիր գույնի փայլուն զգեստը, վառ շրթներկն ու երկար եղունգները: Ցուլերն այս տարի իրենց լավ կզգան կանաչ հագուստով: Երկվորյակները ցանկալի է՝ լինեն դեղին հագուստով: Խեցգետիններն իրենց լավ կզգան զմրուխտե կանաչի մեջ: Առյուծների հագուստը համապատասխանում է նարնջագույնին: Կույսերին կսազի մոխրագույն հագուստ: Կշեռքներին խորհուրդ է տրվում հագնել բաց կիտրոնագույն: Իսկ Կարիճներին խորհուրդ է տրվում Ամանորը դիմավորել նռան գույնի զգեստով: Աղեղնավորներն իրենց լավ կզգան կապույտ գույնով: Ճիշտ կլինի, եթե Այծեղջյուրները լինեն սեւ ու շագանակագույն հագուստով: Ջրհոսներին կսազի երկնագույնը, իսկ Ձկներին` մանուշակագույնը: