ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոս Հարաշտին երեկ իր անհանգստությունն է հայտնել, որ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը կարող է փակվել իշխանությունների ճնշումների արդյունքում: Նա նաեւ անհանգստացած է ընդդիմադիր թերթերից մեկի՝ «Չորրորդ իշխանության» գրասենյակի դռան պայթեցմամբ: «Անկախ եւ ընդդիմադիր ԶԼՄ-ների դեմ վերջին ոտնձգություններն ու բռնությունները նպաստում են հայաստանյան լրատվության ոլորտում վախի մթնոլորտի ստեղծմանը»,- ասել է նա՝ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին ուղղված նամակում: «Ես համոզված եմ, որ տեղական իշխանություններն անխոհեմ որոշումներ չեն կայացնի եւ կդրսեւորեն կամք փոխզիջումային լուծում գտնելու համար»,- գրել է Հարաշտին: