Դալլաքյանը կրկին փորձում է

25/12/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նոյեմբեր ամսին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` աղետի գոտուն վերաբերող գրավոր հարցին (2000թ. ընդունված «Աղետի գոտու վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծում` երկարաձգելու համար օրենքում ամրագրված ժամկետներն ու ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով` ուսումնասիրելու 1989 թվականից մինչ օրս աղետի գոտուն տրամադրված գումարների օգտակար գործողության գործակիցը), ասել էր, որ ինքը դեմ է նման հանձնաժողովներ ստեղծելուն, եւ «վերադառնալուն՝ 1989 թվականից ստուգումներ կատարելուն: Ես ավելի կողմ կլինեմ, խնդրեմ, վերջին 3-4 տարիները ստուգենք, բայց 1989-ին վերադառնալը դա նշանակում է՝ բոլորովին այլ բան եւ ապարդյուն աշխատանք»:

Սակայն Ս. Սարգսյանի բանավոր պատասխանից առաջ ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը Վ. Դալլաքյանի առաջարկներին գրավոր պատասխանել էր` նշելով, որ աղետի գոտու վերականգնման վերաբերյալ Դալլաքյանի նշած ժամկետների շուրջ անհրաժեշտ է քննարկումներ կազմակերպել, իսկ հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ էլ նշել էր, որ դա բացառապես ԱԺ լիազորությունների շրջանակում է:

Հիշեցնենք, որ 2000թ. հոկտեմբերի 11-ին ԱԺ-ն ընդունել է «Աղետի գոտու վերականգնման մասին» օրենք (Վ. Դալլաքյանը այդ օրենքի համահեղինակ է): Այս օրենքի ընդունման արդյունքում 2001թ. հուլիսի 27-ին ընդունվել է «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, համաձայն որի` աղետի գոտում պետք է իրականացվեին լայնածավալ վերականգնողական աշխատանքներ: Այս համալիր ծրագրի կետերից մեկով` իշխանությունները պարտավորվել էին 2003թ. ավարտել աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծումը: Այսինքն` 2003թ. աղետի գոտում ոչ մի ընտանիք չպետք է մնար առանց բնակարանի: Վ. Դալլաքյանն իր հարցադրման անհրաժեշտությունը բացատրում է հետեւյալ կերպ. «Իմաստն այն է, որ օրենքով 4 տարի առաջ պետք է մենք այլեւս նման խնդիր չունենայինք, բայց ունենք: Եվ ես անթույլատրելի եմ համարում այն մոտեցումը, որ աղետից անցել է ավելի քան 19 տարի, բայց այնտեղ մինչ օրս բնակարանային խնդիրը չի լուծվել: ՀՀ քաղաքաշինության նախարարը գրավոր պատասխանել է, որ 2007թ. մարտի 1-ի դրությամբ դեռեւս լուծված չեն սահմանված կարգով հաշվառված 6190 ընտանիքների բնակարանային խնդիրները, որոնցից Գյումրի քաղաքում՝ 4100-ը: Նաեւ նշված է. «Ինչ վերաբերում է ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած, մշտական բնակության վայր չունեցող եւ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային ապահովման խնդրին, ապա, ըստ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի»` Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում նշված ընտանիքների թիվը կազմում է 1220»: Այսինքն` ստացվում է, որ 7410 ընտանիք աղետի գոտում բնակարանով ապահովված չէ: Մոտավոր հաշվարկներով խոսքը վերաբերում է 30.000 մարդու: Իսկ իմ գնահատմամբ` աղետի գոտու վերականգնումը, մասնավորապես աղետի հետեւանքով բնակարանից զրկված մարդկանց բնակարանով ապահովելը պետության արժանապատվության խնդիրն է: Փաստորեն, այսօրվա իշխանությունները խախտել են համալիր ծրագիրը, որտեղ գրված է, որ 2003թ. նման պրոբլեմ պետք է այլեւս գոյություն չունենա: Ելնելով ստեղծված իրավիճակից, ես հանդես եմ եկել 2 օրենսդրական նախաձեռնությամբ եւ դեռեւս 2007թ. հուլիսին ԱԺ-ին եմ ներկայացրել «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծ»: Վ. Դալլաքյանն այդ օրինագծով առաջարկում է 2000թ. ընդունված օրենքում երկու փոփոխություն կատարել. աղետի հետեւանքով բնակարաններից զրկված մարդկանց բնակարանային հարցերը լուծել մինչեւ 2010թ., իսկ ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացածների խնդիրները` մինչեւ 2011թ.: «Եթե 2003թ. չի կատարվել, գոնե առաջիկա 3-4 տարիների ընթացքում լուծենք, այսինքն` ժամկետ ֆիքսենք: Ես պատրաստ եմ իրենց հետ քննարկել ժամկետների հարցը»,- ասում է Վ. Դալլաքյանը: Մեր դիտարկմանը, թե միեւնույն է` իշխանությունները չեն կատարում օրենքները, ինչի վկայությունը հենց իր կողմից 2000թ. ներկայացրած օրենքն է, եւ ինչո՞ւ է ինքն օգնում իշխանություններին օրենքով երկարաձգել այդ գործընթացը, երբ նրանք դեռեւս պետք է պատասխան տան, թե ինչու չեն կատարել այն, Վ. Դալլաքյանը պատասխանեց. «2000թ. ես եմ ներկայացրել ԱԺ-ին այդ օրենքը եւ ես հետեւողական եմ այդ խնդիրը մինչեւ վերջ լուծելուն: Ես բարոյական պարտավորություն ունեմ, քանի որ ես եմ այդ օրենքի հեղինակը, եւ որպես պատգամավոր` ընտրված լինելով Վանաձորից, պարտավոր եմ աղետի գոտու ժողովրդին քաղաքականությամբ զբաղվելու համար»:

Ինչ վերաբերում է Վ. Դալլաքյանի երկրորդ օրենսդրական նախաձեռնությանը` ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու մասին, որին ՀՀ քաղաքաշինության նախարարը պատասխանել է, թե այն գտնվում է ԱԺ լիազորությունների շրջանակներում, եւ կառավարությունն իր լիազորությունների շրջանակներում կմասնակցի ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին, ապա Վ. Դալլաքյանն ասաց. «Այսինքն` կառավարությունը դեմ չէ այդ հանձնաժողովի ստեղծմանը: Վարչապետն էլ ասաց` ես համաձայն եմ, վերջին 3-4 տարվա կտրվածքով ուսումնասիրենք: Այսինքն` քանի որ 2003թ. պետք է համալիր ծրագրով բնակարանային խնդիրները լուծված լինեին, բայց չի ավարտվել, վարչապետն ասում է` 2003-2007թթ. ուսումնասիրենք: Ես պրոբլեմ չունեմ, համաձայն եմ, որովհետեւ, եթե սկսեցինք 2003-2007թթ. կատարված աշխատանքներն ուսումնասիրել, բնականաբար, հետ էլ ենք գնալու, եւ ոչ մեկը չի կարող ասել` մի ստուգեք, որովհետեւ 2003-ի հետքը կարող է գնալ, ասենք, 1995թ. կամ 1996թ.: Այսինքն` այդ հանձնաժողովը կարող է լուրջ գործառույթներ իրականացնել եւ ԱԺ-ին ներկայացնել համապատասխան տեղեկանք: Ըստ էության, նրանք դեմ չեն այս առաջարկներին: Բացի այդ` քանի որ այս փաստաթուղթը վարչապետը չի ունեցել, կարելի է բանակցել կառավարության հետ եւ այս ամբողջ ընթացքն ուսումնասիրել»: Հարցին էլ, թե` հավատո՞ւմ եք, որ ժամկետները երկարաձգելու դեպքում 2010թ. աղետի գոտում անօթեւան ընտանիք չի մնա, Վ. Դալլաքյանը պատասխանեց. «Ես հավատում եմ օրենքին, եթե այս օրենքն ԱԺ-ն ընդունեց, ուրեմն` միանշանակ կատարվելու է: Նախկինը թերակատարել են, եւ հիմա իմ լավատեսության հիմքն այն է, որ կոնկրետ երկրի վարչապետը աղետի գոտում հայտարարել է, որ 6000 ընտանիք այսօր անօթեւան է: Այդ հայտարարությանն արդեն իսկ հետեւել են կոնկրետ քայլեր, մենք նիստ ենք արել, առաջարկություններ ենք ներկայացրել եւ պետք է հետեւողական լինենք: Հետաձգելու բոլոր լիմիտներն ավարտվել են»: Նշենք, որ խոսքը «Երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման» պետական հանձնաժողովի մասին է, որին Վ. Դալլաքյանն արդեն 60 առաջարկություն է ներկայացրել:

Ի դեպ, Վ. Դալլաքյանը համաձայն չէ նաեւ մեր այն նկատառման հետ, որ նախընտրական փուլում նման հայտարարություններն ու նման օրինագիծ ընդունելը պոպուլիստական բնույթ ունեն եւ կարող են դիտվել որպես ընտրակաշառքի անուղղակի դրսեւորումներ: «Ես պատահական չասացի, որ ես այդ օրենքի համահեղինակն եմ եղել: Մենք հետեւողականորեն աղետի գոտու խնդիրները դարձրել ենք քննարկման առարկա: Ես անընդհատ այդ պրոբլեմները բարձրացրել եմ, եւ այս անգամ այն զուգադիպեց նախագահական ընտրությունների հետ: Կոնկրետ ինձ համար բացարձակապես կարեւոր չէ՝ նախընտրական փո՞ւլ է, թե՞ հետընտրական: 20 տարի է անցել երկրաշարժից, եւ այս տարելիցը լուրջ խթան կհանդիսանա, որ աղետի գոտու հիմնախնդիրները վերջնականապես լուծվեն: Ինձ համար ավելի կարեւոր է 30.000 մարդու բնակարանով ապահովելը, քան քաղաքական ենթատեքստերը, որոնք իմ գործունեության մեջ ընդհանրապես բացակայում են»: