«Ես կոչ կանեի երկու կողմերին դադարեցնել այդ արշավը միմյանց նկատմամբ: Ես չեմ ողջունում նման նյութ տպագրելը»,- անդրադառնալով վերջերս «ՀԺ»-ում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի մասին տպագրված հոդվածին, երեկ ասել է Հրանտ Բագրատյանը: Վերջինիս հավաստմամբ` ընդդիմադիր թեկնածուները պետք է խոսեն ոչ թե միմյանց, այլ միայն Սերժ Սարգսյանի մասին: «Առաջին անգամ եմ տեսնում, որ ընդդիմադիր թեկնածուները սկսեն խոսել միմյանց մասին: Նորմալ երկրներում, նման դեպքերում այդ մարդուն անմիջապես հանում են ընտրապայքարից, որովհետեւ, եթե դուք հայտարարել եք, որ ընդդիմություն եք, ձեր նպատակը իշխանության դեմ հանդես գալն է եւ նշելը, թե ինչ պետք է անեք, որ այս իշխանությունը չի անում»,- ասաց նա` կոչ անելով դադարեցնել այդ «արշավը»: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Վազգեն Մանուկյանի կողմից թերթին դատի տալու փաստը եւ արդյոք ինքը նման դեպքում կդիմե՞ր այդ քայլին, Հ. Բագրատյանը պատասխանել է. «Ես չգիտեմ: Նախ՝ ես Վազգեն Մանուկյանի փոխարեն լինել չէի կարող, որովհետեւ թեեւ ես պակաս իրավունք չունեի իմ թեկնածությունը դնելու` պետության մեջ իմ ներդրած լումայով, այնուամենայնիվ, ես ետ քաշվեցի, երբ տեսա թեկնածու, ով գերազանցում է մեզ: Նա, իհարկե, իրավունք ունի դնելու իր թեկնածությունը, բայց ի՞նչ գործ ունի խոսել Լ. Տեր-Պետրոսյանից, երբ պայմանավորվել են իրար դեմ չխոսել»: