Սիրտը Լեհաստանում

12/05/2005

Հովհաննես-Պողոս Երկրորդի մահը Լեհաստանի համար ազգային ողբերգություն է։
Առաջացած դատարկությունը լցնելու համար լեհերն առաջ են քաշում Պապի սիրտը
Կրակով տեղափոխելու գաղափարը։ Պապի մարմնի գլխավոր կենսական օրգանը
հավատացյալ լեհերի համար կարող է դառնալ ձգողության կենտրոն։ Լեհ
հոգեւորականությունն այս հարցը պաշտոնապես դեռ չի մեկնաբանում, սակայն
խոսակցություններ կան, թե արդեն գաղտնի պայմանավորվածություն կա Վատիկանի
հետ։ Ասում են, որ Վատիկանը համաձայն է սրտի առանձին թաղմանը, բայց ամեն
ինչ կախված է Պապի կտակից։ Եթե նա այդ մասին գրել է, ուրեմն սգո
արարողությունների ավարտից մի քանի օր անց Պապի սիրտը կտեղափոխվի Կրակով։

Կաթոլիկները սրտին հատուկ նշանակություն են տալիս։ Օրինակ՝ ճիզվիտների
համար Հիսուսի սիրտը համարվում է նրա ոգեղենության անբաժանելի մասը։
Եկեղեցում սրտի միստիկան հին ավանդույթներ ունի, իսկ Լեհաստանում՝
հատկապես։ Լեհերն այն կարծիքին են, որ սիրտն ու Հայրենիքը պետք է միասին
լինեն։ Օրինակ՝ հանրահայտ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը կտակել էր, որ
մահվանից հետո իր սիրտը տեղափոխեն Լեհաստան։ Այդպես էլ եղավ, եւ Շոպենի
սիրտն իր վերջին հանգրվանը գտավ Վարշավայում։

Պապի սրտի վերադարձը Լեհաստան մխիթարություն կլինի լեհերի համար։ Շատերն
ասում են, որ իրենց համար Պապն անմահ է եւ հավերժ երիտասարդ։ Նրանք
կենդանության օրոք Պապին արդեն սուրբ էին համարում։

Քահանայապետի մահվանից մի քանի ժամ անց Լեհաստանի նախագահ Ալեքսանդր
Կվասնեւսկին եւ երկրի կառավարությունը հայտարարել են սուգ, որը կտեւի
մինչեւ թաղման օրը։ Բոլոր դրոշներն իջեցված են, դպրոցներում դասեր չկան,
հանված են բոլոր մշակութային եւ քաղաքական միջոցառումները։

Վադովիցայում (Պապի ծննդավայրն է) մի կին խոսում է այն մասին, ինչը զգում
են շատերը. «Ես աշխատանքի չեմ գնացել, որովհետեւ չեմ կարող մտածել այլ
բանի մասին, բացի մահացած Պապից»։