Հեռացումի խոսքեր կամ՝ բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ

25/12/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվ այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է մեր տնտեսության հերթական ցնցող աճը. այս տարվա հունվար-նոյեմբերին մեր ՀՆԱ-ն աճել է 13.6%-ով։ Կասկած չկա, որ այս մասին արդեն գիտեք, քանի որ նման լուրերը մեր հեռուստաընկերությունները ցուցադրում են ոչ պակաս հաճախ, քան գովազդները։ Ասենք, սա էլ է գովազդ՝ ի օգուտ իշխանությունների։

Երբ տնտեսությունն արձանագրում է 13.6 տոկոսանոց աճ, միջին ամսական աշխատավարձը բարձրանում է 20%-ով, նվազում է գործազրկությունը, մեծանում է արտաքին առեւտրաշրջանառությունը, սա լավագույն գովազդն է գործող իշխանության համար։ Նորմալ երկրներում այսպիսի ցուցանիշներ ունեցող իշխանություններին «գլխների վրա ման կտային» եւ ոչ մի դեպքում չէին ցանկանա այլ իշխանություն ունենալ։ Սակայն մեզանում այդպես չէ, եւ պատճառներից մեկն էլ այն է, որ այս դեպքում գործ ունենք անբարեխիղճ գովազդի հետ. ինֆորմացիան ամբողջական չէ՝ խոսում են միայն այն տեսանկյունից, որն իրենց ձեռնտու է։

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած «Սոցիալական պատկերը եւ աղքատությունը Հայաստանում» զեկույցի համաձայն, աղքատության մակարդակը 2004թ. 35%-ից նվազել է՝ հասնելով 27%-ի (2006թ.)։ Սա էլ հիանալի ցուցանիշ կհամարվեր, եթե աղքատությունը չափելու մեխանիզմներին ծանոթ չլինեինք։ Աղքատության մակարդակը որոշում են սպառողական զամբյուղի հիման վրա։ Որքան զամբյուղի մեջ տեղ գտած ապրանքների ծառայությունները թանկանում են, այնքան մեծ թվով մարդիկ են հայտնվում աղքատի կարգավիճակում։ Սակայն քանի որ մեր հայրենի վիճակագիրները սովորություն ունեն «մեղմել» գնաճի ցուցանիշները, ապա կարելի է վստահ ասել, որ աղքատության մակարդակն իրականում շատ ավելի բարձր է։

Սակայն անգամ ԱՎԾ պաշտոնական տվյալներով կարելի է տեսնել, որ կառավարությունը հակասել է ինքն իրեն եւ պարծենալու տեղ չունի։ Ապացուցելու համար բավական է հիշել անցյալ տարեվերջի՝ 2007թ. բյուջեի քննարկումները։ Բյուջեի նախագծում կար մի հետաքրքիր կանխատեսում. 2007թ. արտահանումն աճելու է 16%-ով, իսկ ներմուծումը՝ 13.5։ Այս կանխատեսումը ժամանակին զարմացրել էր անգամ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար (այժմ ԱԺ «Հանրապետական» կուսակցության խմբակցության ղեկավար) Կարեն Կարապետյանին։ Վերջինս հարցրել էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին, թե ինչո՞վ է հիմնավորված այդ կանխատեսումը, եթե դրամը շարունակում է արժեւորվել, ինչը չի նպաստում արտահանմանը։ Վ. Խաչատրյանը չէր համաձայնել այս տեսակետի հետ եւ պնդել էր, որ տեղի ունեցող գործընթացը, ընդհակառակը՝ դրական հետեւանքներ է ունենալու։ «Դրամի արժեւորումը հնարավորություն է տալիս նոր տեխնոլոգիաների ներդրման։ Դա մի լրացուցիչ խթան է, որ արտադրողները կիրառեն նոր տեխնոլոգիաներ»,- ասել էր նա։

Հիմա նայենք այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշներին, որոնք մինչեւ տարեվերջ էական փոփոխություններ չեն կրի։ Արտահանումն աճել է 21.1%-ով, իսկ ներմուծումը՝ 47.2%-ով։ Ցանկության դեպքում, այս ամենը կարելի է ներկայացնել այսպես՝ արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 39.1%-ով։ Սակայն ոչ մի խոսք չի գնում այն մասին, որ ներմուծումը խեղդել է արտահանողներին։ Սա բավարար է, որ ասենք՝ պարոնայք, դուք փաստորեն ձախողվել եք։ Սակայն մի քիչ էլ վերհիշենք ոչ հեռավոր անցյալը։ Նույն քննարկումների ժամանակ Վարդան Խաչատրյանն ասել էր. «Մեր ցուցանիշները վատը չեն։ Մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմում է ՀՆԱ-ի 5-6%-ը։ Շատ երկրներ կերազեին այդպիսի ցուցանիշ ունենալ»։ Հիմա նայենք այս տարվա (հունվար-նոյեմբերի) ցուցանիշներին. ՀՆԱ՝ 2711.4 միլիարդ դրամ, արտահանում՝ 365 միլիարդ դրամ, ներմուծում՝ 987.3 միլիարդ դրամ։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմում է 622.3 միլիարդ դրամ։ Իսկ դա կազմում է ՀՆԱ-ի մոտ 23%-ը։ Հետաքրքիր է՝ հիմա՞ ով պետք է մեզ նախանձի։ Նշենք նաեւ, որ նախարարի նշած 5-6%-ն էլ, ըստ էության, չէր համապատասխանում իրականությանը. այդ ցուցանիշն այն ժամանակ մոտ 18% էր։

Անցնենք առաջ։ Ասում էին՝ արտադրողները նոր տեխնոլոգիաներ կներդնեն, կզարգանան, կաճեն… Իսկ արդյունաբերությունն աճել է ընդամենը 2.7%-ով։ Ընդ որում, առանց էլեկտրաէներգիայի արտադրության՝ այդ ցուցանիշն ավելի փոքր է՝ 1.7%։ Սա ծիծաղելի թիվ է 13.6%-անոց աճ ունեցող տնտեսության համար։ Զարմանալի է նաեւ այն, որ աճող տնտեսությունն այս տարի ավելի քիչ էլեկտրաէներգիա է արտադրել, քան նախորդ տարի։ Դե լավ, համարենք, որ ազգովի դարձել ենք ավելի խնայող եւ էներգիայի փոխարեն գազ ենք օգտագործում։ Բայց սա ամենեւին չի փարատում այն մտահոգությունը, որ գնալով վերածվում ենք «անկապ» երկրի, որտեղ միայն շենքեր են սարքում քաղաքի կենտրոնում, պոմիդոր-վարունգ աճեցնում եւ վաճառում մեկը մյուսին։

Բայց սա էական չէ։ Տարեվերջին մենք երեւի կունենանք մոտ 3 տրիլիոն դրամի ՀՆԱ՝ այսինքն՝ 10 միլիարդ դոլար։ Սա քաղաքական կարիերայի ֆուրորային վերջաբանի եւ ֆուրորային սկզբի հիանալի խաղաքարտ է։ Այնպես որ, «10 միլիարդ» արտահայտությունը շատ շուտով կսկսենք լսել՝ գնալով ավելի ու ավելի հաճախ, բայց մեր կյանքը դրանից էականորեն չի փոխվի։