Ղարաբաղյա՞ն, թե՞ հայկական հարց

25/12/2007 Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ

Սովորաբար, երբ մոլորվում են, կանգ են առնում մի պահ, ետ են նայում եւ փորձում են հասկանալ, թե որտե՞ղ են շեղվել եւ ինչո՞ւ: Եթե, իհարկե, չեն կորցրել հիշողությունը…

Իսկ գուցե սխա՞լ էինք մենք բոլորս 1988 թվականին, երբ մեկ մարդու պես համախմբվեցինք Արցախը Հայաստանին միավորելու պահանջով, որից հետո միայն` Հայաստանի անկախացման գաղափարով: Հայրենիքի մեծագույն մասը կորցրած ժողովրդի համար դա պատմական արդարությունը վերականգնելու հնարավորություն էր, հայկական հարցի անբաժանելի մասը: Հիշո՞ւմ եք` «մի՛-ա՛-ցո՛ւմ», թնդում էր Օպերայի հրապարակը:

Հայոց Համազգային Շարժման, նույն ինքը՝ Ղարաբաղյան շարժման, ղեկավարները այդ նույն կարգախոսով եկան իշխանության:

Այսօր, այսքան տարի անց, երբ արդեն հայտնի է, որ Արցախի հարցի լուծումը հայտնվել է փակուղում եւ դարձել է շարունակական արարողակարգ, կարծում եմ, մենք իրավունք ունենք հարցնելու. ինչո՞ւ փոխվեց արցախյան հարցի լուծման քաղաքականությունը, ինչո՞ւ շեղեցին ուղին, ինչո՞ւ այդքան արագ մոռացան այն գաղափարները, որով իրենք եկել էին իշխանության, եւ, վերջապես, ինչո՞ւ այն ժամանակ ազգային այդպիսի մեծ կարեւորություն ունեցող հարցի վերաբերյալ որոշում է կայացվել գրեթե աննկատ: Եվ այնուհետեւ, աստիճանաբար մեզ մատուցել են ինչ-որ «փուլային» կամ «փաթեթային» լուծումների տարբերակներ` բովանդակությունը ձեւով փոխարինելով, եւ իրական խնդիրը` արհեստականով: Արցախի հարցը, որքան արտաքին, նույնքան եւ, գուցե ավելի` ներքին քաղաքականության հարց է:

Երբ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը վերջերս Երեւանում Արցախի անկախացման հիմնավորումները մեկ անգամ եւս լսելուց հետո ասում է, որ այդ ամենը համոզիչ չէ, մենք շարունակում ենք նույնը պնդել: Նա նորից է ասում, որ չի համոզում դա իրեն, եւ, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ ասել է՝ մարդու իրավունքների պաշտպանություն մեր օրերում, նա արցախյան մարդու իրավունքների պայքարը համեմատում է Եվրոպայում սեռական փոքրամասնությունների, դարձյալ մարդու իրավունքների, պայքարի հետ: Այնուհետեւ մենք, որ երբեք չենք սիրում կասկածել մեր արված քայլերի ճշմարտությանը ոչ անցյալի վերաբերյալ եւ ոչ էլ` ներկայի, Գլխավոր քարտուղարից վիրավորվում ենք, բողոքում եւ, իհարկե, չենք սթափվում այդ ապտակից եւ չենք փորձում հասկանալ, թե ինչո՞ւ է արցախյան խնդրի մեր հիմնավորումը` զուտ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այդպիսի զավեշտալի համեմատության առիթ տվել:

Ուզում եմ մեջբերել մի հատված վերջերս Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի գլխավոր ելույթից. «Ղարաբաղի հարցը սկզբից եւեթ ինձ համար եղել է ոչ թե հողի կամ տարածքի, այլ բացառապես մարդու իրավունքների հարց: Աշխարհից կտրված մի լեռնազանգվածում ապրում է 150 հազար մարդուց բաղկացած մի ժողովուրդ, որն ընդամենն ուզում է նույնքան ազատ, հպարտ, երջանիկ ու ապահով լինել, որքան ֆրանսիացին, գերմանացին, անգլիացին կամ ամերիկացին: Սակայն, բանից պարզվում է, որ դա չի հետաքրքրում միջազգային հանրությանը…»: Մեկ այլ մեջբերում «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում նոյեմբերի 3-ին երիտասարդության հետ հանդիպման սղագրությունից («Հայկական Ժամանակ» օրաթերթ). «Հետագայում եւս բանակցություններում եւ կարգավորման պրոցեսում ղարաբաղցիները պետք է առաջնորդվեն Ղարաբաղի շահերի տեսակետից: Հայաստանը` Հայաստանի շահերի, Ղարաբաղը` Ղարաբաղի շահերի, Ադրբեջանը` Ադրբեջանի շահերի տեսակետից: Սա է ձեւը, եւ եթե ուզես էլ փոխել, չի ստացվի, այդպես պիտի լինի: Բայց այսպիսի պարագայում ծագում են հակասություններ Ղարաբաղի շահերի եւ Հայաստանի շահերի միջեւ»: Եվ այնուհետեւ հանրահավաքի ելույթում` «Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի ոչ ղարաբաղցի, որպեսզի հնարավոր լինի գործընթացը ետ պտտեցնել: Պարզ, շատ պարզ, հստակ դիրք է: Ես լինեմ, թե մի ուրիշ ոչ ղարաբաղցի, վաղը չի կարող ասել` ես ներկայացնում եմ նաեւ Լեռնային Ղարաբաղի տեսակետը» (սղագրությունը`սեպտեմբերի 26, «Հայկական Ժամանակ» օրաթերթ): Հիմա ի՞նչ եք կարծում՝ արժե՞ վիրավորվել եվրոպացի բարձրաստիճան գործչից, երբ մեր քաղաքականությունն ի սկզբանե անհեթեթության վրա է հիմնված եղել: Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ Հայաստանը չպետք է ներկայացնի Արցախի տեսակետը` բնականաբար, նրա հետ համաձայնեցված կամ նրա մասնակցությամբ: Թե՞ Հայաստանն իր զավակներին պատերազմ ուղարկելու համար է միայն: 90-ական թվականների ամենասկզբին ձեւավորված քաղաքական այդ գիծը, ցավոք սրտի, չի վերանայվել եւ շարունակվում է ներկա իշխանությունների կողմից, բայց, բարեբախտաբար` պակաս ջանասիրությամբ եւ մի փոքր վերապահումով. ներկա իշխանությունները չեն փորձում ապացուցել, որ Արցախը Հայաստանից անկախ մի երրորդ կողմ է, չեն կարողանում պնդել մի բան, որին իրենք էլ չեն հավատում: Բայց միեւնույն ժամանակ չեն կարողանում առաջ գնալ, որովհետեւ դիվանագիտությունը թույլ է. իսկ թույլ է, որովհետեւ այսօրվա կադրային քաղաքականությամբ ուժեղ աշխատակազմ որեւէ ոլորտում հնարավոր չէ ունենալ:

Մենք մեծ նվաճումներ ունենք, անհավանական մեծ` դա Արցախի փաստացի ազատագրումն է եւ անջատումը Ադրբեջանից: Հաղթել ենք, որովհետեւ կար համաժողովրդական նպատակ` Արցախի ազատագրումը եւ միավորումը Հայաստանին, եւ պարտվում ենք խաղաղ պայմաններում դիվանագիտության մեջ, որովհետեւ չկա այլեւս որեւէ նպատակ: Արցախի հարցի լուծումը այսօր մեզ թվում է անհասանելի, որովհետեւ մենք մոլորվել ենք ստի եւ ինքնախաբեության մեջ: Ինչի՞ համար էր այդ պայքարը եւ այդքան մեծ զոհաբերությունները եւ կորուստները. որպեսզի Հայաստանը անհայտ ազգությամբ մի նոր հարեւան պետությո՞ւն ունենա: Իսկ, եթե դա, այսպես կոչված, փուլային լուծման առաջին փուլն է, ուրեմն Հայաստանի եւ Արցախի հայությունը պետք է դրա մասին իմանա` այլ կերպ չի կարող լինել:

Չկա այսօր Սովետական Միությունը՝ իր արհեստածին սահմաններով, եւ չկա, բնականաբար, նախկին Սովետական Ադրբեջանը, որպեսզի խոսվի նրա տարածքային ամբողջականության մասին, անիվը ետ չես պտտի: Ի՞նչ էր Ղարաբաղը, եթե ոչ Ադրբեջանի գաղութ, իսկ Նախիջեւա՞նը մինչեւ հայաթափումը: Չէ՞ որ սրանք փոխշաղկապված խնդիրներ են եւ, գուցե, նպատակահարմար է քննել միասին: Եվ, եթե այսօր զիջելու խնդիր կա, ուրեմն դժվարությամբ եւ ցավով, բայց զիջում ենք Նախիջեւանը: Ինչո՞ւ երբեք չենք նշում եւ չենք հենվում «Գաղութացված երկրներին անկախություն տալու» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Հռչակագրին` ընդունված դեռեւս 1960 թ.-ին, եւ դրան հետեւող մյուս միջազգային փաստաթղթերին: Փորձը ցույց է տալիս, որ աշխարհը հաշտվում է խնդիրների հետ ժամանակի ընթացքում, բայց դրա համար նախ անհրաժեշտ է ներկայացնել իրական խնդիրը եւ ոչ թե հորինված, արհեստական մի բան, որը, եթե լուծվի էլ, անհայտ է, թե ինչ ենք շահում:

Եվ այնուամենայնիվ, ինչպես բնորոշել 1988թ. սկզբնավորված համազգային պայքարը: Իհարկե, դա ազգային ազատագրական պայքար էր: Այսօր այս բազմագույն քարտեզի վրա բազմաթիվ պետություններ կան, որոնք ստեղծվել եմ կամ միավորվել են ազգային ազատագրական պայքարի շնորհիվ: Իսկ հետաքրքիր է՝ քանի՞ պետություն կա, որ ստեղծվել է մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանության նկատառումով: Գուցե եւ կան այդպիսի օրինակներ եւս, բայց արդյո՞ք ազնիվ է եւ հեռանկարային մեր պարագայում խնդիրը այդ տեսանկյունից ներկայացնելը:

Մեր ուժը մեր ճշմարտության մեջ է: Խաբելու, խորամանկելու ասպարեզում, եթե անգամ դա իմաստ ունենար, մենք չենք կարող հաղթել ոչ Ադրբեջանին եւ ոչ էլ Թուրքիային: Այդ հատկանիշները խոր արմատներ ունեն նրանց գենետիկ կոդում:

Երբեք չէի համարձակվի անդրադառնալ այս թեմային, եթե բաժակը չլցվեր, իսկ այդ սահմանը անցավ, երբ կարդացի նախագահի մեկ այլ թեկնածուի մամլո ասուլիսի ժամանակ հայտնած մտքերն այն մասին, որ պետք է չեղյալ համարել 1989 թ.-ի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու վերաբերյալ որոշումը, եւ, որ «տարածքները չհանձնելու լուրջ հիմքեր կան, հիմքեր, որոնք բխում են մարդու իրավունքի պաշտպանության հրամայականից: Ադրբեջանահայության տարածքներն են դրանք»: Ընդհանրապես մեզ թշնամիներ պետք չեն, մենք մեզ բավական ենք: Պարզվում է՝ արցախյան հարցը ազգային փոքրամասնության խնդիր է:

Այսօր, երբ դեռեւս չկան հարցի արդարացի լուծման նախադրյալները, խնդրի արագ կարգավորման մասին խոսելը նույնն է թե՝ խոսել արագ զիջման մասին: Թերեւս, «Ղարաբաղը ծախելու» մասին խոսակցությունները հենց այդտեղից են գալիս: Իսկ ի՞նչ է պետք, որպեսզի լուծման այդ նախադրյալները լինեն` նախեւառաջ պետք է արտաքին քաղաքական դաշտում ոչ թե սեթեւեթանքով զբաղվել` անվերջ պաշտպանվելով, հակադարձելով եւ պատասխան տալով, այլ անհրաժեշտ է քաղաքականություն վարել այդ հասկացության իրական եւ լայն իմաստով` միեւնույն ժամանակ լինելով խաղաղության ջատագովը եւ քարոզիչը տարածաշրջանում: Պատերազմի վերսկսման վտանգն այն ժամանակ չէ, երբ պահանջատեր ես, ուժեղ ես եւ արդար, այլ այն ժամանակ է, երբ խեղճ ես, բայց ցուցամոլ, երբ ստում ես, պաշտպանվում ես, երբ ինքդ չգիտես, թե ինչ ես ուզում, ուր մնաց՝ ուրիշներին համոզես քո ճշմարտությունը:

Արցախի հարցը, որքան արտաքին, նույնքան, եւ, գուցե ավելի ներքին քաղաքականության հարց է: Արագընթաց եւ արագ փոփոխվող այս ժամանակաշրջանում նոր լուծումներ անպայման կգտնվեն, երբ պահը գա: Բայց դրա համար պետք է ժամանակին համաքայլ գնալ, նույնն է թե` զարգացած երկիր լինել: Դժվա՞ր խնդիր է: Դժվար է: Բայց ուրիշ ճանապարհ չկա: Եվ Արցախի հարցի լուծումը նախեւառաջ կախված է Հայաստանի զարգացումից` ոչ թե հարստացումից, այլ զարգացումից` տարբերությունը մեծ է: Ոչ թե Հայաստանի զարգացումն է կախված Արցախի հարցի լուծումից, ինչպես ներկայացվում է երբեմն, այլ` հակառակը: Իսկ Հայաստանի զարգացման խոչընդոտն այսօր մասնակի շրջափակումը կամ ճանապարհների պակասը չէ, կամ Արցախի չլուծվող համարվող խնդիրը, այլ` առանց ազատ մրցակցության ինքն իրեն ոչնչացնող շուկայական տնտեսությունը, մի ոտքի վրա կաղացող եւ շահադիտորեն խեղաթյուրվող օրենսդրությունը, կառավարման համակարգի անկատարությունը, վերից վար եւ հորիզոնական կաշառակերությունը եւ, հեռուստատեսության օգնությամբ նաեւ, ամբողջ հանրապետությունով սփռվող անբարոյականությունը:

Եթե ղարաբաղյան հարցը չխեղաթյուրվեր դեռեւս իր ակունքներում, եթե այն մնար հայությանը համախմբող գաղափար, հայկական հարցի անբաժան մաս, այն ոչ թե խոչընդոտ էր, այլ խթան՝ Հայաստանի զարգացման եւ հզորացման համար: Որովհետեւ խարխափելով պետություն չեն կառուցում, այն կառուցում են՝ ունենալով իդեալ:

Բայց նաեւ` պետությունը թղթե նավակ չէ, որ, եթե սխալ ուղղությամբ են ծով նետել, այդպես էլ շարունակի գնալ: