Որպեսզի նախագահական կենաց-մահու կռվում հաղթանակի հասարակությունը

25/12/2007

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հանրահավաքներից մեկում կարդաց իր թիմակից պաշտոնյաների ցուցակը, ովքեր իր հրաժարականից հետո նույնպես հրաժարական են տվել: Նրանց թվում էի նաեւ ես` ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանս:

Ես, արդեն բավական ժամանակ է, հանգամանքների բերումով գտնվում եմ Մոսկվայում` իմ ամենօրյա հոգսերի, իսկ ավելի ստույգ` դրանք հոգալու համեստ հնարավորությունների կողքին: Եվ այդ պատճառով է, որ այսօր ես Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին չեմ: Սակայն ինտերնետի միջոցով` հայկական տարաբնույթ մամուլին ծանոթանալով գրեթե ամենօրյա ռեժիմում, ակտիվորեն հետեւում եմ ՀՀ քաղաքական անցուդարձերին: Տպավորություն ունեմ, որ ստեղծվել է բավական հետաքրքիր սյուժեով, իր բովանդակությամբ բարդ ու լարված եւ, իր հնարավոր հետեւանքներով, ցավոք, պայթյունավտանգ իրավիճակ: Բարեբախտաբար, ինչպես գիտենք, յուրաքանչյուր անելանելի իրավիճակից կա առնվազն երկու ելք … Իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է եւ այն տեղի կունենա 2008թ. փետրվարի 19-ին, իսկ դրա համար հարկավոր է միայն ընտրողների բավարար մասնակցություն, որպեսզի նախագահական ընտրությունները վավեր ճանաչվեն: Իշխանափոխություն տեղի է ունենալու անկախ այն բանից, թե ով կհաղթի ընտրություններում` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը: Փորձենք հասկանալ` ի՞նչ ասել է իշխանափոխություն այսօրվա Հայաստանի պայմաններում եւ գործող սահմանադրության շրջանակներում, իսկ այն ոտնահարելու ցանկություն թեկնածուներից ոչ ոք, բարեբախտաբար, չի հայտնում: Հանրապետության նախագահի ենթադրությամբ փոխվել կարող է միայն գործադիր իշխանությունը, քանզի ԱԺ-ն եւ ՏԻՄ-երն արդեն ձեւավորված են, իսկ դատական իշխանությունը պետք է որ անկախ լինի քաղաքականությունից: Այսինքն` խոսքը գնում է միայն նախագահի աշխատակազմի (որը քաղաքական մարմին չէ, այլ նախագահի գործունեությունն ապահովող սպասարկող անձնակազմ), կառավարության կազմի եւ մարզպետերի մասին: Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ նշված երկու թեկնածուներից ով էլ ընտրվի նախագահ, փոխվելու է թե՛ նախագահի աշխատակազմի վերնախավը, թե՛ կառավարության կազմը, թե՛ մարզպետերի մեծ մասը: Բաց է մնում միայն Երեւանի քաղաքապետի փոփոխության հարցը: Ասվածին իբրեւ հակափաստարկ կարող է բերվել միայն այն թեզը, թե Սերժ Սարգսյանի ընտրությամբ իշխանությունը վերարտադրվելու է: Այս մտքին համաձայն չեմ ոչ այն պատճառով, որ ինֆորմացիայի պակաս ունեմ, պարզապես Ս. Սարգսյանին չեմ դիտարկում իբրեւ Ռ. Քոչարյանի շարունակություն: Ավելին` կարծում եմ, որ հենց Ս. Սարգսյանն ու Լ. Տեր-Պետրոսյանն են այն բացառիկ անձինք, ում դեմ Ռ. Քոչարյանը չի կարող առճակատման գնալ այլեւս: Հակառակ պարագայում ո՞վ կարող է երաշխավորել, որ Քոչարյանը չի փորձի հերթական հնարքը բանեցնել եւ երկարաձգել իր իշխանությունը: Լ. Տեր-Պետրոսյանի հաղթանակի պարագայում կարծես Քոչարյանի հետագա ճակատագրի մեկնաբանություններն ավելորդ են: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի հաղթանակի պարագայում իբր ռուսական տարբերակով դերակատարների փոփոխությանը նույն համակարգում` համոզիչ չէ: Բանն այն է, որ եթե նույնիսկ մի կողմ դնենք Պուտինի ահռելի վարկանիշը, Դումայում նա ունի մեծամասնություն, որը լուրջ փաստարկ է, բայց, կարծում եմ, այդուհանդերձ, դա ժամանակավոր է: Իսկ Հայաստանի պարագայում ԱԺ-ն գործող վարչապետինն է: Թվարկեք թեկուզ մեկ պատճառ, որի համաձայն՝ նախագահ ընտրված եւ ԱԺ մեծամասնություն ունեցող, ավելի լայնախոհ եւ ուժեղ անհատականությունը պետք է համաձայն լինի երկրորդ ջութակի դերում: Համոզիչ չէ: Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ վարչապետի պաշտոնում երկրորդ ջութակ լինելու հավանականությանը, սա թերեւս ավելի անհավանական է, քան նույնիսկ առաջին դեպքը: Ռ. Քոչարյանի հայտնի եսակենտրոնությունը թույլ չի տալու նրան համակերպվել առաջինի դերակատարության կորստի` իր համար ողբերգական փաստի հետ: Կարծում եք` Ս. Սարգսյանն անտեղյա՞կ է քոչարյանական անէլեկտորատ հավակնություններից: Եթե ոչ, ուրեմն Ռ.Քոչարյանը չի հայտնվի վարչապետի աթոռին, ասել է թե` Ս. Սարգսյանի հաղթանակի դեպքում էլ այսօր միակ հնարավոր սահմանադրական ձեւաչափով իշխանությունը երաշխավորված է: Ի դեպ, ՌԴ-ի պարագայում եւս ավելի հակված եմ այն տարբերակին, որ Պուտինը կզբաղեցնի ոչ թե կառավարության ղեկավարի, այլ Բելառուսի հետ միավորված պետության ղեկավարի աթոռը: Ժամանակ դեռ կա, իսկ այսօրվա պրագմատիկ Ռուսաստանը հենց այնպես 1,5 մրդ-անոց վարկեր չի բաժանում:

Ես բախտ եմ ունեցել Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին պետական պաշտոններում աշխատել ու երբեմն նաեւ լինել նրա հետ անմիջական շփման մեջ: Հպարտ եմ դրանով, երբեք չեմ ամաչել եւ որեւէ մեկից ներողություն հայցելու խնդիր չունեմ: Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն, եթե մի պահ անտեսենք ժամանակի գործոնը, դրական երեւույթ է, քանզի այն որոշակի շունչ հաղորդեց Քոչարյանի ամլացրած քաղաքական դաշտին: Ուրեմն` կար դրա հասարակական պահանջը: Սա ինքնին արդեն նվաճում է: Բայց այստեղ մի բայց կա. Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտ իջավ մի ժամանակաշրջանում, երբ, անկախ նույնիսկ կողմերի կամքից, ընտրապայքարը նշանակում է՝ կենաց-մահու կռիվ, որում պարտվել չի կարելի ոչ մի դեպքում: Ընդ որում`երկու հակամարտող կողմերի համար էլ իրավիճակը նույնն է: Իմ կարծիքով, սա առաջին հերթին հասարակ ժողովրդի ողբերգությունն է, որովհետեւ կոմպրոմիս չենթադրող հակամարտությունն, իբրեւ կանոն, վերաճում է արյունահեղ բախման: Իրավունք ունի՞ արդյոք երկրի քաղաքական վերնախավը (դիմություն թե ընդդիմություն) սեփական ժողովրդին հասցնել քաոսի եզրին: Պարզ է, չէ՞, որ կողմերից ոչ մեկը չի ընդունելու մյուսի հաղթանակը, իսկ երկու հավակնորդների թիկունքում էլ ուժ կա կանգնած:

Հասկանալու համար, թե ինչ ելքեր կան, պարզենք, թե յուրաքանչյուր կողմի համար ի՞նչ ասել է՝ տանուլ տալ, եւ թե ի՞նչ հետեւանքներով է այն հղի: Ս. Սարգսյանի համար ոչ բավարար ձայներ հավաքելը նշանակելու է՝ դառնալ եւս մեկ կեղծված ընտրությունների անմիջական պատասխանատուն եւ կասկածելի լեգիտիմությամբ պայմանավորված` ունենալ ամրության անբավարար պաշար: Աստված մի արասցե, անգամ՝ ժողովրդի դեմ տանկեր հանելու պարտադրված անհրաժեշտություն:

Լ. Տեր-Պետրոսյանի պարտությունը նշանակելու է ժողովրդի մի մասի արթնացած հույսերի հուղարկավորում եւ թիմակիցների ու համակիրների նկատմամբ բռնությունների սանձազերծում: Այդ դեպքում, ի՞նչ կլինի. Ռ. Քոչարյանը կրքերը հանդարտեցնելու վեհանձն պատրվակով երկրում արտակարգ դրություն կհայտարարի եւ անորոշ ժամանակով կդադարեցնի ընտրություններն առհասարակ: Անհավանակա՞ն է: Իհարկե, ոչ: Եվ, իմ կարծիքով, առաջիկա ընտրությունները լուծելու են ոչ թե ժողովրդավարության, այլ մեղմ ասած, պարտվելու տհաճ հետեւանքներից խուսափելու խնդիրը: Գուցե պարադոքսալ հնչի, բայց բանաձեւը, որը հնարավորություն կտա կողմերին գոնե չպարտվել, կլինի ժողովրդավարության եւ ժողովրդի համեստ հաղթանակը: Իսկ դրան հասնել մի երկրում, ուր չկան ժողովրդավարական ավանդույթներ եւ քաղաքացիական հասարակություն, հնարավոր է միայն փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ դրանք հարգելու ճանապարհով: Բնական է` հարց կառաջանա, թե պայմանավորվածություններ ո՞ւմ միջեւ, ինչի՞ շուրջ: Դիտարկենք թեկնածուներից Լ. Տեր-Պետրոսյանի հնարավոր գործողությունները` «պարտվել չի կարելի ոչ մի պարագայում» կանխավարկածով: 1. Առաջին փուլում հաղթել ձայների այնպիսի ճնշող մեծամասնությամբ (60 եւ ավելի %-ներ), որը կեղծել ֆիզիկապես հնարավոր չէ: Առաջին նախագահի դեմ ծավալած ներկայիս տոտալ հակաքարոզչության եւ եւս 8 թեկնածուների առկայության պարագայում դա հնարավո՞ր է: Ո՞վ կարող է երաշխավորել, որ անգամ այդ տեսական հնարավորության դեպքում բացառված են պրովոկացիաները հետագա հետեւանքներով: Չմոռանանք` Ռ. Քոչարյանը մինչեւ գարուն դեռ նախագահ է: 2. Ընտրապայքարի վերջնամասում հանել թեկնածությունը` հայտարարելով, որ ընտրություններ՝ որպես այդպիսին, չկան, եւ չի կամենում մասնակցել ֆարսին: 3. Ընտրություններից հետո չճանաչել ընդդիմախոսի հաղթանակը եւ կոչ անել քաղաքացիական ընդվզման դրանից բխող բոլոր հետեւանքներով եւ կասկածելի հեռանկարով: Իմ պատկերացմամբ՝ այս 3 տարբերակներից ցանկացածի պարագայում էլ Սերժ Սարգսյանը կլինի նախագահի պաշտոնում, իսկ ընդդիմությունն էլ անդառնալիորեն կդառնա պառակտված, հասարակությունը՝ երկփեղկված, երկիրը՝ վարկաբեկված: Իսկ մարտահրավերները, ինչպես ասում են, ոչ ոք օրակարգից չի հանելգ

Այժմ Ս. Սարգսյանի հնարավոր գործողությունները: Ձեւակերպել այսպես. Ս. Սարգսյանի հաղթանակը Քոչարյանի հաղթանակը չէ, բայց երաշխավորում է նրա անձեռնմխելիությունը, իսկ պարտությունը Ռ. Քոչարյանի դատավճիռն է: Ուրեմն` Ս. Սարգսյանը կարող է անգամ չթաթախվել, Ռ. Քոչարյանն ինքը բոլոր քայլերը կձեռնարկի, հնարավոր է անգամ ինչ-որ տեղ՝ Ս. Սարգսյանի կամքից անկախ: Ստացվում է եւս մի պարադոքսալ իրավիճակ. որքան մեծ է Ս. Սարգսյանի դեմ հակազդեցությունը, այնքան ավելանում է Ռ. Քոչարյանի կշիռը: Սա, իհարկե, չի նշանակում, թե Ս. Սարգսյանի ընդդիմախոսները խաղում են Ռ. Քոչարյանի դաշտում. նման մեղադրանքն առնվազն անհիմն կլիներ, պարզապես հանգամանքներն են այդպես դասավորվել` չպատկերացնելով գուցե ստացվելիք ամբողջական պատկերը:

Ուրեմն պետք է փոխպայմանավորված բանաձեւ, որից կտուժեն միայն ամբիցիաները, իսկ կշահեն բոլոր կողմերը, եւ, որ ամենակարեւորն է` հասարակությունը: Երկրի նախագահի աթոռը մեկն է, եւ այն զբաղեցնելն իբրեւ հաղթանակ կարող է իր օգտին գրանցել միայն մեկը, բայց ակնհայտ է, որ հաղթանակը պետք է երկուստեք, որովհետեւ, ինչպես նշեցի`պարտությունն ընկալվում է հավասարազոր կործանման. հույսերի, գաղափարների, ապագայի նկատմամբ սպասելիքների եւ այլն:

Իմ կարծիքով` պետք է որ ընդունելի լինի, ասենք, հետեւյալ տարբերակը. Լ.Տեր-Պետրոսյանը եւ Ս. Սարգսյանը նախաձեռնում եւ ստորագրում են մի հուշագիր, որով` հաղթող նախագահը կպարտավորվի. 1. Դադարեցնել կամ չսանձազերծել որեւէ մեկի նկատմամբ որեւէ քաղաքական հալածանք (իրականում դադարեցնել՝ չփնտրելով տարբեր տնտեսական եւ այլ պատրվակներ): Խոսքն, իհարկե, իրական հանցագործությունների նկատմամբ աչք փակելու մասին չէ: 2. Ամեն կերպ նպաստել երկրում քաղաքական դաշտի վերակենդանացմանն ու իրապես կայացմանը, ապահովելով քաղաքական հայացքներ արտահայտելու հավասար ազատություններ եւ հնարավորություններ օրենքի շրջանակներում (նկատի ունեմ ֆաշիզմի եւ նմանօրինակ գաղափարախոսությունների տարածման սահմանափակումները): 3. Երաշխավորել հաջորդ ԱԺ ընտրությունների անբասիր կազմակերպումն ազատության, հավասարության եւ թափանցիկության սկզբունքների վրա խարսխված:

Չեմ կարծում, թե այս կետերից որեւէ մեկն անընդունելի է Լ. Տեր-Պետրոսյանի կամ Ս. Սարգսյանի համար, ավելին` վստահ եմ, որ հուշագրին սիրով կմիանան նախագահի մյուս թեկնածուները եւս: Հակառակ կեցվածքն ուղղակի քաղաքական ինքնասպանություն է, որովհետեւ հասարակությունը դա չի հասկանա:

Սրան կարող է հետեւել (կամ պետք է հետեւի) Տեր-Պետրոսյանի ընտրապայքարից դուրս գալը: Կրկնում եմ՝ ընտրապայքարից, ոչ թե քաղաքականությունից: Իմ հասկանալով՝ սա հաղթանակ է Ս. Սարգսյանի համար, որը ոչ միայն ինքնանպատակ դառնում է երկրի լեգիտիմ նախագահ, այլեւ հրաշալի հնարավորություն է ստանում իր անունը թողնել Հայաստանի ժողովրդավարացման պատմության մեջ՝ հետեւողականորեն հետամուտ լինելով հուշագրի կետերի իրագործմանը:

Սա ոչ պակաս լուրջ հաղթանակ է նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի համար. վերադառնալով քաղաքականություն՝ ընդամենը 3-4 ամսում հասնել այն բանին, որ երկիրը վերադառնա իրական ժողովրդավարացման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման հուն: Սա, անշուշտ, հաղթանակ է նաեւ մյուս քաղաքական թեկնածուների համար, որովհետեւ յուրաքանչյուրը ռեալ հնարավորություն է ստանում սեփական գաղափարախոսությունը քարոզելու եւ ապագա ԱԺ ընտրություններում հասարակության վստահության իր բաժին քվեներն արդար ճանապարհով ստանալու: Կարծում եմ` ավելորդ է փաստարկել, թե ինչու է սա ողջ հասարակության հաղթանակը: Իսկ պարտվողներ, ինչպես տեսնում եք` չկան:

Իբրեւ հետգրություն՝ կուզենայի ավելացնել հետեւյալը. Տեր-Պետրոսյանը հաղթող նախագահ է, եւ անձամբ ես պատրաստ չեմ ականատեսը լինելու այդ Գործչի պարտությանը (անկախ նույնիսկ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից): Տեր-Պետրոսյանի տրամաչափի քաղաքական գործիչը պետք է Հայաստանին ոչ միայն առաջիկա 3 տարում, այլ եւս մի քանի 3 տարի, անկախ զբաղեցրած դիրքից: Որովհետեւ Տեր-Պետրոսյանի պարագայում համարձակ կարելի է ասել. դիրքը սոսկ ֆորմալ կողմն է, առաջնային ու մեծագույն արժեքը միտքն է: Ըստ այդմ` Տեր-Պետրոսյանը կարող է եւ պետք է սկսի ժողովրդավարական շարժում՝ նպատակ դնելով ապագա ԱԺ-ում ապահովելու ընդդիմության պատկառելի ներկայություն (40-60%). Ընդամենը 4 տարի անց կունենանք ժողովրդավարական եւ ժողովրդավարությունը երաշխավորող ԱԺ, քանզի, որքան էլ բարձր է նախագահի աթոռը, ժողովրդավարության հիմքը, այդուհանդերձ, պառլամենտարիզմն է: Իսկ դրան հաջորդող նախագահական ընտրապայքարն արդեն չի ընկալվի իբրեւ կենաց-մահու կռիվ, որովհետեւ պարտվողն իր թիկունքում կունենա պառլամենտի մի մասի աջակցությունը եւ արտահայտվելու իր ամբիոնը, իսկ հաղթողը` այդ մասի հետ եւս սերտորեն համագործակցելու պարտադրված գիտակցությունը: Իսկ համագործակցության առջեւ տեղի է տալիս անգամ ամենակատաղի անհանդուրժողականությունը: Եվ այդպես՝ մի քանի ցիկլ, մինչեւ արմատանա գիտակցությունը, որ այսօրվա հաղթողը վաղվա պարտվողն է եւ՝ հակառակը:

Այդժամ կարձանագրվի, որ հասարակությունը կայացել է, եւ «աթոռակռիվ» ճղճիմ հասկացությունը կանցնի մեր հազարամյա պատմության գիրկը:

Լ. Տեր-Պետրոսյանն ու Ս. Սարգսյանն այսօր կարող են սկսել այդ գործընթացը, ինչպես եւ միասին սկսել են շատ այլ ձեռնարկումներ ու հաջողել: Ես այսպես կուզեի տեսնել, իսկ եթե իմ քաղաքական Ուսուցիչը արտահայտած մտքերս կգնահատի իբրեւ անհոդաբաշխ բարբաջանք, հայցում եմ նրա եւ միայն նրա ներողամտությունը ու մնում իմ այս կարծիքին:

Աշոտ ԱՆՏԻՆՅԱՆ
1995-98թթ. ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար
Մոսկվա