Հրաժեշտ զենքին

25/12/2007

«Հետք» էլեկտրոնային պարբերականի կողմից կազմակերպվող ՀՀ նախագահի թեկնածուների հետ on-line հարցուպատասխանի հերթական հյուրն «Օրինաց երկիր» կուսակցության նախագահն է, որն ընթերցողների որոշ հարցերի պատասխանել է բավական ինքնատիպ ձեւով: Մասնավորապես կայքի ընթերցողներից մեկի այն հարցին` արդյոք Արթուր Բաղդասարյանը ծառայե՞լ է բանակում, վերջինս ուղարկել է իր` զինվորական համազգեստով լուսանկարը: Ինչպես տեսնում եք, սա հարցերին պատասխանելու բավական առարկայական եւ գրեթե համոզիչ ձեւ է: Կարելի է պատկերացնել, թե որքան դիտարժան տեսարան կլիներ, եթե Արթուր Բաղդասարյանն իրեն ուղղված բոլոր հարցերին (հաճախե՞լ եք մանկապարտեզ, պատվաստվե՞լ եք կարմրուկի դեմ, ամուսնացա՞ծ եք) պատասխաներ լուսանկարներով: Իսկ եթե ՕԵԿ նախագահը նույն կերպ պատասխաներ այն հարցին, թե ովքեր են եղել իր քաղաքական իդեալները` մենք կունենայինք միանգամից մի քանի ժամանակաշրջաններ ներկայացնող գործիչների լուսանկարներ` Կարեն Դեմիրճյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան…

«Հետք» ինտերնետային կայքի ընթերցողների հարցերին այս անգամ պետք է պատասխաներ ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Սակայն վերջինիս փոխարեն դրանց պատասխանել է Արթուր Բաղդասարյանի առաջադրման գրասենյակը: Համենայնդեպս, «Հետք» կայքէջում տեղադրված նրա հարցուպատասխանի վերջում գրված է՝ «Արթուր Բաղդասարյանի առաջադրման գրասենյակ»: Մենք այդպես էլ չկարողացանք հասկանալ, թե ով է իրականում պատասխանել Ա. Բաղդասարյանին ուղղված հարցերին, սակայն` դատելով պատասխաններից, կարելի է ենթադրել, որ` կամ Ա. Բաղդասարյանն իր մասին խոսում է «երրորդ դեմքով», կամ, այնուամենայնիվ, ինքը չի պատասխանել ընթերցողների հարցերին: Ինչեւէ, «Ա. Բաղդասարյանի առաջադրման գրասենյակը» հրաժարվել է պատասխանել իր ղեկավարին ուղղված «ոչ հաճելի» հարցերին` դրանք համարելով «սադրիչ», կամ էլ «պատվիրված»: Իսկ ամենաուշագրավն այն է, որ ընթերցողներից մեկի հարցին, թե արդյոք Ա. Բաղդասարյանը ծառայե՞լ է բանակում, գրասենյակն ի պատասխան ուղարկել է Ա. Բաղդասարյանի լուսանկարը` զինվորական համազգեստով: ՕԵԿ գրասենյակի պատասխանները ներկայացնում ենք` կրճատումներով:

– Պրն Բաղդասարյան, եթե, այնուամենայնիվ, երկրորդ փուլ դուրս գան Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը, ո՞ւմ կհորդորեք, որ ձայները տան ձեր ընտրողները:

– Նշենք, որ Արթուր Բաղդասարյանը ընտրություններին մասնակցում է հաղթելու համար, ոչ թե «եթե»-ներով: Բնականաբար, այն տեսակետը, որ մենք քննության չենք առնում, պատասխանելը եւս ճիշտ չէ, նաեւ մեր համախոհների համար: Նաեւ նշենք, որ քանիցս արտահայտվել ենք ընդդիմության համախմբման օգտին եւ կարծում ենք, որ դա տեղի կունենա վաղ թե ուշ, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլում:

– Պրն Բաղդասարյան, արդյոք համաձա՞յն եք, որ 1995թ. մինչ օրս բոլոր պետական նշանակության ընտրությունները կեղծվել են: Եթե այո, ապա չե՞ք կարծում, որ այսօր մենք արդեն այլընտրանք չունենք լեգիտիմ իշխանություն ձեւավորելու հարցում, կամ չե՞ք գտնում, որ առաջնային է պայքարել միասնաբար արդար ընտրություններ ապահովելու համար, քան անհատապես պայքարել նախագահ դառնալու համար: Իմանալով, որ ոչ ոք, բացի իշխանության թեկնածուից, պարտություն է կրելու հենց առաջին փուլում: Հայաստանի ապագան պայմանավորված է օրինական ընտրությունների նախապայմանով:

– Այսօր փաստ է, որ 1995թ. մինչեւ օրս տեղի ունեցած բոլոր ընտրություններն էլ ուղեկցվել են կեղծիքներով եւ միջազգային կոշտ գնահատականներով: Այո, մենք ի սկզբանե կարեւորել ենք միասնաբար հանդես գալը եւ այդ մասին խոսել ենք հրապարակային: Ներկայումս նույնպես Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել նախաձեռնությամբ, համադրել ընդդիմադիր դաշտի հնարավորությունները` պայքարելու ընտրակեղծիքների եւ խախտումների դեմ: Գիտեք, միասնական ընդդիմադիր թեկնածուն կձեւավորվի քարոզարշավի ընթացքում, եւ ես համոզված եմ, որ դեռեւս առողջ համախմբումներ կլինեն: Այսօր արդեն մեծ թվով հասարակական կազմակերպություններ եւ որոշ քաղաքական կառույցներ հայտարարել են մեզ պաշտպանելու, մեզ հետ համատեղ ճանապարհ գնալու պատրաստակամության մասին: Մոտ 20 քաղաքական կառույցներ եւ բազմաթիվ ՀԿ-ներ հայտարարել են ՀՀ առաջին նախագահին աջակցելու մասին: Այսինքն` ընդդիմադիր երկու հիմնական բեւեռներում համախմբման գործընթաց արդեն տեղի է ունենում, վստահ եմ, որ մյուս թեկնածուները եւս ինչ-որ քայլեր այս ուղղությամբ կատարում են: գՏարբեր միավորումներ կարող են լինել ինչպես մինչեւ առաջին փուլը, այնպես էլ առաջին փուլից հետո:

– Ընտրակեղծիքների եւ ընտրակաշառքների դեմ ինչպե՞ս եք պայքարելու:

– Բոլոր հնարավոր եւ անհնարին մեթոդներով անելու ենք ամեն ինչ` ձայներին տեր կանգնելու համար, պատրաստ ենք նաեւ համագործակցել ընդդիմության մյուս թեւերի հետ:

– Անկախ բոլոր սոցիոլոգիական հարցումների տվյալներից` դուք անձամբ ինչպե՞ս եք գնահատում 2008թ. նախագահական ընտրություններում ձեր հաղթելու հնարավորություններն այսօրվա դրությամբ:

– Հաղթելու հնարավորությունները համարում ենք խիստ իրական, եւ առաջին օգնությունը, որի կարիքն ունենք, դա ժողովրդի աջակցությունն է: Ա.Բաղդասարյանի գնահատմամբ` այս ընտրությունները չի կարելի համեմատել ո՛չ թաղային, եւ ո՛չ էլ պատգամավորական ընտրությունների հետ: Սա ազգի, յուրաքանչյուր ընտանիքի ընտրությունն է:

– Դուք ներկայացնում եք նորանկախ Հայաստանի քաղաքական երիտասարդ, նոր սերունդը: Թերեւս դուք եւ ձեր կուսակցությունը եւս պետք է լինեք Հայոց Համազգային ու Ղարաբաղյան շարժման առաջնորդների եւ նոր սերնդի միջեւ կապող օղակը: Լեւոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան. սրանք այն լիդերներն են, որոնք սերնդափոխության բնական ճանապարհով առաջ են տանում հայ հավաքականությանը: Դուք բավական երիտասարդ տարիքից քաղաքականության մեջ եք, աշխատել ու շփվել եք վերոհիշյալ քաղաքական գործիչների հետ: Ի՞նչ կարծիքի եք նրանց մասին (առանձին-առանձին):

– Թեկնածուների առաջադրման այս փուլում կոռեկտ չենք համարում բնութագրել քաղաքական գործիչներին, նրանց անձը: Յուրաքանչյուրի գնահատականը տալիս է ժողովուրդը: Ի վերջո, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է ընտրում պայքարի իր ձեւը եւ ճանապարհը: Արթուր Բաղդասարյանը մասնակցում է ընտրություններին հաղթելու վճռականությամբ եւ գտնում է, որ ունի բավարար ներուժ` գնալու այդ ճանապարհով, նրա կարծիքով` մեր երկրում պետք է ունենալ ընտրված, լեգիտիմ նախագահ, որը չի լինի ո՛չ պիտակներով, ո՛չ էլ փշալարերով:

– Չե՞ք կարծում, արդյոք, որ եթե այսօր պաշտպանեք Լ. Տեր-Պետրոսյանին, 5 տարի հետո կլինեք նախագահի լավագույն թեկնածուն: Իսկ եթե պաշտպանեք Սերժ Սարգսյանին, մինչեւ թոշակի անցնելն էլ, իհարկե, հնարավոր է` լինեք հարուստ մարդ, սակայն քաղաքական կարիերա չեք ունենա:

– ՕԵԿ-ը դեռեւս 2007թ. սեպտեմբերին իր վարչության որոշմամբ 2008-ի նախագահական ընտրություններում առաջադրել է Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը այն ժամանակ, երբ դեռ հայտնի չէր, թե ով է մասնակցելու ընտրություններին: Եվ մենք մասնակցում ենք ոչ թե զուտ մասնակցելու, այլ հաղթելու համարգ Բացի այդ` մենք պաշտպանում ենք առողջ համագործակցությունը ընդդիմադիր դաշտում: Ի վերջո, ժամանակն արդար դատավոր է:

– Ճի՞շտ է, արդյոք, այն միտքը, որ դուք չմիացաք Լ. Տեր-Պետրոսյանին, քանի որ իշխանությունը ձեր վրա հսկայական կոմպրոմատներ ունի: Գուցե կարողանա՞ք համոզիչ կերպով հերքել:

– Դրանք անհիմն ու դատարկ խոսակցություններ են: Եթե իշխանություններն ունենային ձեր մատնանշած կոմպրոմատները, ապա դրանք վաղուց արդեն օգտագործվել էին` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մի մոռացեք նաեւ, որ դեռեւս ԱԺ ընտրությունների ժամանակ իշխանությունների ողջ հակաքարոզչության թիրախը հանդիսանում էր ՕԵԿ-ը: Ընդ որում` այն ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանի` ՀՀ նախագահ առաջադրվելու մասին խոսք անգամ չկար:

– Դուք համարում եք, որ Քոչարյան-Սարգսյան երկվորյակի իշխանությունը լեգա՞լ է: Եթե ոչ, ապա ինչո՞ւ եք այդքան հուզվել «ավազակապետություն» բառից:

– Նախ` ոչ թե հուզմունք, այլ անհամաձայնություն, ինչը պայմանավորված է «ավազակապետություն» բառի ոչ տեղին օգտագործմամբ, քանի որ պետությունը ոչ թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, այլ ժողովուրդը:

– Եթե ասեմ, որ Ձեր կուսակցությունն իշխանության եղած ժամանակ, ՀՀԿ-ի նման, համատարած ձեւով կատարում էր անդամների ցուցակագրում, որի մի քանի օրինակներ ինքս էլ գիտեմ (օրինակ` շրջանների դպրոցներում), պիտի հերքե՞ք ասածս:

– Մենք երբեք ցուցակագրմամբ կամ պարտադրանքով անդամագրում չենք անցկացրել: Հիշե՛ք, պարտադրանքը ծնում է ատելություն:

– Խնդրում եմ պատասխանեք առանց խուսանավելու. Արտաշես Գեղամյանին ընդդիմություն համարո՞ւմ եք:

– Յուրաքանչյուր քաղաքական գործչի, այդ թվում եւ՝ Ա. Գեղամյանի գնահատականները տալիս է ժողովուրդը:

– Քանի՞ անդամ ունի ձեր կուսակցությունը:

– 100.000:

– Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու` ազատելու համար Հայաստանի գրեթե ստրկական կախվածությունը Ռուսաստանից: Եվ պատրաստվո՞ւմ եք, արդյոք, կառուցել Իրան-Հայաստան գազատար ավելի մեծ չափսերով:

– Մենք գտնում ենք, որ ՀՀ հարաբերությունները ցանկացած երկրի, այդ թվում՝ նաեւ ՌԴ-ի հետ, պետք է կառուցվեն գործընկերության եւ հավասարության սկզբունքի վրա` ելնելով եւ՛ ազգային շահերի, եւ՛ ազգային արժանապատվության գերակայությունից: Ա. Բաղդասարյանն այդ մասին բազմիցս եւ հրապարակային հայտարարել է: Միաժամանակ չենք կարող համաձայնել ձեր կողմից կիրառվող «ստրկական» արտահայտության հետ եւ, կարծում ենք, որ հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները կարեւոր են մեր երկրի համար: Իսկ Իրան-Հայաստան երկրորդ ավելի մեծ եւ տարանցիկ գազամուղի կառուցման հրամայականի վերաբերյալ մենք բազմիցս հայտարարել ենք:

– Ձեր կուսակցությունը լքել են օլիգարխները, այժմ ովքե՞ր են ֆինանսավորում ՕԵԿ-ը: Ճի՞շտ է, արդյոք, որ ձեզ Սերգո Երիցյանի միջոցով ֆինանսավորում են իշխանությունները:

– ՕԵԿ-ը մշտապես ներքին աղբյուրներից ֆինանսավորվող կուսակցություն է եղել եւ կա: Յուրաքանչյուր անդամ իր հնարավոր ներդրումն է կատարում: Եվ այսօր նույնպես կուսակցության շարքերում կան սկզբունքային բազմաթիվ մարդիկ, որոնք մանր եւ միջին գործարարներ են եւ հստակորեն կանգնած են իրենց գաղափարների եւ արժեքների պաշտպանության համար: Մեր կուսակցությունը ֆինանսավորում են նրա 100.000 անդամները եւ մեր նվիրյալները, իսկ անհեթեթ լուրերը չենք մեկնաբանում:

– Եթե երկրորդ փուլ անցնեն Սերժ Սարգսյանը եւ Վազգեն Մանուկյանը, ո՞ւմ եք դուք տալու ձեր կուսակցության ձայները:

– Մենք մասնակցում ենք ընտրություններին հաղթելու համար եւ «եթե/ապա»-ներով չենք առաջնորդվում: Հարցը ճիշտ չէ ոչ միայն մեր քաղաքական թիմի, այլ ընդհանրապես քարոզարշավին մասնակցող յուրաքանչյուր թեկնածուի համար: Բայց կրկնում ենք, որ կողմ ենք համախմբմանը ընդդիմադիր թեկնածուների շուրջ:

– Դուք ծառայե՞լ եք բանակում:

– Ա.Բաղդասարյանը ծառայել է բանակում: Կցում ենք նաեւ զինծառայության տարիների նրա լուսանկարը, քանի որ հարցը շատ է շահարկվում:

– Խնդրում եմ, վերջապես պարզաբանեք Արցախյան հարցի կարգավորման ձեր տեսակետը: Ես հետեւում եմ, որ դեռ ոչ մի անգամ դուք չեք պատասխանում այս հարցին: Ինչո՞ւ եք խուսափում: Կո՞ղմ եք Արցախի անկախությանը եւ տարածքների վերադարձին:

– Ա.Բաղդասարյանը բազմիցս պատասխանել է այդ հարցերին եւ՛ մամուլով, եւ՛ հեռուստատեսությամբ: Արցախյան խնդրում մենք պաշտպանում ենք հետեւյալ հիմնարար մոտեցումները. Արցախը տեւական ժամանակ կերտում է անկախ պետականություն, եւ ԼՂՀ անկախության կամ ՀՀ-ի հետ վերամիավորման հարցը սակարկման առարկա լինել չի կարող: Մենք պաշտպանում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքը եւ համոզված ենք, որ անհրաժեշտ է գործադրել նոր մոտեցումներ նաեւ միջազգային ատյաններում արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Մեզ համար գերխնդիր է Արցախի ժողովրդի անվտանգության եւ Հայաստանի հետ ուղիղ սահմանային կապի անվերապահ պահպանման մոտեցումը: Մենք կողմնակից ենք բանակցային գործընթացի շարունակությանը եւ փոխընդունելի փոխզիջումներին, որը, սակայն, չի կարող վերաբերվել ԼՂՀ կարգավիճակին: Մենք դեմ ենք որեւէ տարածքի վերադարձին, եթե դա իր մեջ չի ներառելու խնդրի ամբողջական լուծում, որը կարող է երաշխավորել ԼՂՀ լիակատար անկախության ճանաչումը եւ Հայաստանի հետ վերամիավորումը, ինչն արդեն նշանակում է բնակչության անվտանգություն եւ ազատ զարգացում: