Հայաստանում ներկայումս հայտնի են շուրջ 60 տեսակի օգտակար հանածոների պաշարներով 667 հանքավայրեր, որոնց տնտեսական-համախառն արտադրանքն ընդերքում գնահատվել է ավելի քան 170 մլրդ դոլար: Դրանցից 92 մետաղական հանքավայրերում, պղնձից եւ մոլիբդենից բացի, արդյունահանվում են նաեւ ռենիում, սելեն, թելուր ու բիսմուտ: Ոսկի-բազմամետաղային պաշարներով առանձնանում են Սոթքի, Մեղրաձորի ոսկու եւ Շահումյանի հանքավայրերը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հավաստմամբ` ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներով բնութագրվում են քարաղի, բենտոնիտային կավերի, պեռլիտների, տուֆերի, բազալտների, գրանիտների եւ մարմարների 575 հանքավայրերը: Դրանց մեջ առկա բնական շինարարական քարերի հանքապաշարները գերազանցում են 2, 25 մլրդ խմ-ն, իսկ բազմանպատակային օգտագործման հումքի պաշարները` 2,04 մլրդ տոննան: Բացի դրանից, հանրապետությունում գործում են նաեւ շուրջ 11 հազ. 803 խմ/օր ընդհանուր պաշարով 43 քաղցրահամ եւ 23 ստորերկրյա ածխաթթվային ջրի հանքավայրեր, որոնցից ստացված ջրերի որակական եւ բուժիչ հատկությունները հայտնի են նաեւ արտերկրում: Ըստ նախարարի` վերջին երեք տարիներին երկրաբանահետախուզական աշխատանքներ են իրականացվել մետաղական եւ ոչ մետաղական 26 հանքավայրերում, որոնցից կորզվող նյութերի արժեքը կազմում է հանքահումքային հենքի ներուժի շուրջ 30 տոկոսը: Մետաղականից 24-ում հայտնաբերվել են նաեւ վոլֆրամ, նիկել կոբալտ, պղինձ: Ներկայումս հանքաերեւակման փուլում են կապարի, ծարիրի, բիսմուտի եւ մկնդեղի հանքավայրերը: Ոչ մետաղական արդյունաբերական հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նաեւ կվարցիդ, կրաքար, տարատեսակ տուֆեր, լիթոիդային պեմզաներ: Հայտնաբերվել են նաեւ հանքային ջրի նոր պաշարներ: