Խոշորագույն ճարտարապետ Օսկար Նիմեերն օրերս տոնեց իր 100-ամյա հոբելյանը։
Օսկար Նիմեերը մեր մոլորակի միակ ճարտարապետն է, ով մի ողջ քաղաք է նախագծել ու դարձել է իր ծննդավայր Բրազիլիայի խորհրդանիշը։ Նա զրոյից կառուցել է իր երազած «ապագայի քաղաքը»՝ Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն անցած դարի մշակութային ժառանգություն է ճանաչել։ Նա իր առջեւ նպատակ էր դրել՝ հինգ տարվա ընթացքում կառուցել իր պետության նոր մայրաքաղաքն, ու արել է դա։ Օսկար Նիմեերը կենդանի դասական է, տարածության հեղափոխական, ով մինչ այսօր էլ առույգ աշխատում է, ամեն օր առավոտյան 10-ին գնում է Ռիո դը Ժանեյրոյում գտնվող իր արվեստանոցն ու նոր հանդուգն կառույցներ է նախագծում։ Oսկար Նիմեերը գրեթե երբեք իր շենքերում պատուհաններ չի նախագծում՝ կամ թաքցնում է պատուհաններն արեւի ճառագայթները կլանող էկրանների մեջ, կամ էլ ամբողջովին ապակուց պատրաստված պատեր է նախագծում։ Չի սիրում նաեւ հատուկ ընդգծված դռները՝ նախընտրելով մուտքի ու ելքի վրա շեշտադրումներ չանել։ Նրա կառույցները շատ ամբողջական են եւ հաճախ սրբազան շինությունների են նմանվում։ Հիշեցնում են եգիպտական բուրգերի պարզությունն ու մասշտաբը։ Մարդը ոչ միայն փակվում է իր տանը, մտածում նախաճաշելու կամ հանգստանալու մասին, այլ կարծես ինքն իրեն տիեզերքի անբաժանելի մի մասնիկն է զգում։ «Շինությունը չի կարող ապրելու համար հարմարեցված «մեքենա» լինել, որտեղ հստակ ստանդարտներ ու կանոններ են գործում։ Ճարտարապետությունն ազատ ու համարձակ պետք է լինի։ Իրար նման կառույցներ նախագծելն անիմաստ է»,- ասում է Օսկար Նիմեերը, ով միշտ ֆունկցիոնալը հարմարեցնում է գեղեցիկ ֆորմային ու բնության պարզությանը։ «Ես դեմ եմ մարդկանց նեղ մասնագիտացմանը։ Հիմա ուսանողներն ինստիտուտներում որեւէ մի ճյուղին վերաբերող գիտելիքներ են ստանում, բայց նրանք ոչինչ չեն իմանում կյանքի մասին։ Մեկը խոսում է միայն ճարտարապետության, իսկ մյուսը՝ միայն բժշկության մասին։ Նրանք սահմանափակվում են իրենց մասնագիտության մեջ ու երջանիկ են իրենց զգում։ Բայց այդ դեպքում ի՞նչ կարող են նրանք տալ մարդկությանը։ Գրեթե ոչինչ»,- ասում է հարյուրամյա ճարտարապետը, ով այժմ Իսպանիայի համար նախագծում է թանգարանային ու թատերային համալիր։ «Կարծում եմ՝ այն օգուտ կբերի մարդկանց։ Պետք է կարողանալ օգուտ բերել, լավացնել կյանքը, օգուտ բերելուց հաճույք ստանալ, իսկ պարզապես ճարտարապետության մասին խոսելն ինձ համար իմաստից զրկված զբաղմունք է»,- ասում է նա։ Լինելով կոմունիստական գաղափարների կրող՝ Օսկար Նիմեերը համոզված է, որ կյանքը լի է անարդարությամբ, եւ, որքան էլ զարմանալի թվա, նա վստահ է, որ ճարտարապետությունն ունակ է հարթել այդ անարդարությունը։ «Նույնիսկ ամենաաղքատ ու անկիրթ մարդիկ էլ՝ տեսնելով անսովորն ու նորը, կանգ են առնում զարմանքով պարուրված։ Իսկ դա իսկական արվեստի նախապայմանն է։ Արվեստը իսկական է դառնում միայն այն ժամանակ, երբ մարդկանց մոտ հույզեր է առաջացնում»,- ասում է նա։