Ինչպես կարելի է խաբել սպառողին

12/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վերջերս շատ են խոսում արտադրվող քաղցրավենիքների մեջ չարաշահվող քիմիական
նյութերի մասին: Քաղցրավենիք արտադրող «Գրանդ քենդի», «Սուիթ լենդ»,
«Դարոինկ», «Շանթ» ֆիրմաները կտրականապես մերժեցին մեզ հետ զրուցել իրենց
արտադրած քաղցրավենիքի մասին: Իսկ «Շանթ» գործարանի գործադիր տնօրեն պրն
Սարիկյանը՝ պաշտոնապես տեղեկատվություն տալու փոխարեն, հրավիրեց գործարանի
արտադրամասերում շրջագայել եւ ուսումնասիրել, թե ինչ պայմաններում են
արտադրում քաղցրավենիքը:

Հրավերն ընդունեցինք: Հարկ է նշել, որ արտադրանքն իրոք պատրաստվում է
բավական քաղաքակիրթ եւ հիգիենիկ արտադրամասերում: Դրսից ներկրված
թանկարժեք հաստոցների միջոցով արտադրվող քաղցրավենիքին որեւէ ձեռք չի
դիպչում, քաղցրավենիքը պատրաստվում է բացառապես համապատասխան սարքերի
միջոցով: Այդուհանդերձ, պրն Սարիկյանը հաստատեց, որ կան կեղծ փոքր
արտադրություններ, որոնք իրենց արտադրանքն իրացնում են հայտնի ֆիրմաների
անվան տակ եւ դրանց որակի համար որեւէ պատասխանատվություն չեն կրում: Բացի
լիցենզավորված կազմակերպություններից, մեր շուկան ողողված է տնային
պայմաններում թխված խմորեղենով եւ տորթերով, որոնք հանձնվում են խանութներ
եւ խմորեղենի կրպակներ: Մի տիկին, որը համագործակցել է տարբեր խանութների
հետ, համաձայնեց մեզ պատմել խմորեղենի պատրաստման կեղծումների մասին,
սակայն պայմանով, որ իր անունը չենք հրապարակի: «Այն, ինչը տնային
պայմաններում է թխվում, երբեք իդեալական կամ գոնե միջին որակ չի կարող
ունենալ՝ այն պարզ պատճառով, որ թխողի գերխնդիրն ապրանքն իրացնելն ու
գումար վաստակելն է, իսկ որակի չափանիշները ամենեւին կարեւոր չեն,- ասում
է նա: -Ցանկացած խմորեղենի մեջ կան քիմիական նյութեր, որովհետեւ առանց
դրանց գեղեցիկ խմորեղեն չես կարող ստանալ: Այսօր հասարակությունն իր
ընտրությունը կատարում է ըստ ապրանքի արտաքին տեսքի, ինչն ապահովում են
հենց նույն քիմիական նյութերը: Նախ՝ տնային պայմաններում տորթը կամ
խմորեղենը թխվում է բացառապես մարգարինով, լավագույն դեպքում՝ կարագի ու
մարգարինի խառնուրդով, այլապես մթերքի վրա ծախսած գումարը կգերազանցի
վաճառվող խմորեղենի գումարին եւ կտուժես: Խմորի մեջ միակ բանը, որ չես
կարող կեղծել, ալյուրն ու ձուն է, ինչը խմորեղենի տեսքն ապահովելու
նախապայմաններից է: Թեեւ ոմանք մեկ ձվի հետ մեկ ճաշի գդալ ջուր են լցնում,
որպեսզի հավելյալ քաշ ստանան: Խմորեղեն թխելու ամենակարեւոր պայմանը տեսքն
ապահովելն է, որ արտաքուստ գեղեցիկ տորթը կամ խմորեղենն իր ճոխությամբ
գրավի գնորդի ուշադրությունը: Գեղեցիկ տեսքը ապահովում են քիմիական տարբեր
նյութերով, ժապավեններով եւ ջրով: Ջուրը ներարկվում է խմորեղենի մեջ,
որպեսզի եւ՛ պատկառելի քաշ ունենա, եւ՛ կոծկվի դրա հին լինելը: Բացի դա,
տորթերի հիմնական գեղեցկությունը ստացվում է մանրահատիկ զարդերով ու
փոշիներով, դրանք քիմիական նյութեր եւ նրբաթիթեղի (ֆոլգայի) կտորներ են,
որոնք բնականաբար օրգանիզմի համար վտանգավոր են: Նույն ժապավենները, որոնց
միջոցով զարդարվում են թխվածքները, շատ հակահիգիենիկ են, որովհետեւ 100
մարդու ձեռքով են անցնում, պատահում է, փոշոտ են լինում, իսկ թխողն այնքան
էլ դրա մասին չի մտածում, կրեմը լցնում է վրան, ու ո՞վ պետք է ստուգի, թե
դրա նախնական տեսքն ինչպիսին է եղել: Հիմա խանութների հետ
համագործակցությունը բարդացել է, շատերը չեն վերցնում, որովհետեւ հենց
խանութների ներսում թխող «ցեխեր» ունեն: Իրենք այդպես ավելի լավ գումարներ
են աշխատում: Ծննդյան տորթը հանձնում էի 5000 դրամով, իսկ իրենք 7000-ով
էին վաճառում, հարսանեկան շքեղ տորթը 8000-ով վերցնում՝ 10-11000-ով
վաճառում էին: Ժամկետը երկու օր է, եթե այդ երկու օրվա ընթացքում
չվաճառվեց, ապա տորթը կտրում ետ են վերադարձնում, որպեսզի հին տորթը նորից
չտանես ու խաբես, թե նոր ես թխել: Հատով վաճառվող թխվածքների դեպքում՝
մարդիկ կան, որ խաբում են. ասենք, 2-3 օր մնացած հին թխվածքը ետ
վերադարձնելու պարագայում նորից թխողը տանում է, իբրեւ նոր է թխել, բայց
արի ու տես՝ խանութը լավ էլ իրացնում էր»:

«Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող մթերային խանութներում մեր
հարցումները տհաճությամբ ընդունվեցին: Խմորեղենի բաժնի աշխատակիցը չխոսեց
վաճառվող խմորեղենի պատրաստման եւ դրա թարմության մասին՝ ասելով, որ դրանք
անհատներից չեն ընդունվում, այլ մասնագետները խանութի ներսում են թխում:
Մեկ այլ խանութում վաճառողն ասաց, որ իրենց այլեւս թույլ չեն տալիս դրսից
խմորեղեն ընդունել, որովհետեւ ապրանքի համար «ֆակտուրա» եւ սերտիֆիկատ են
պահանջում, բայց չասաց, թե մասնավորապես ով է պահանջում:

Վերահսկվում են միայն իրավաբանական անձինք

Համաձայն Ստուգումների մասին օրենքի՝ վերահսկող բոլոր
կազմակերպությունները ստուգումներն իրականացնում են բացառապես
իրավաբանական անձանց շրջանակներում, իսկ ֆիզիկական անձանց վերահսկելու
իրավասություն չունեն: Այս դեպքում անհատական գործունեությունը ոչ միայն
վտանգում է սպառողի առողջությունը՝ այն պարզ պատճառով, որ սպառողին
մատուցվում է կեղծ ու ցածրորակ, հակահիգիենիկ պայմաններում պատրաստված
ապրանք, այլեւ՝ ֆիզիկական անձի գործունեության պայմանները թույլ են տալիս
խուսափել համապատասխան հարկերի վճարումից:

ՀՀ Որակի տեսչության պետի տեղակալ Գեւորգ Գյոզալյանը չգիտի, թե
Հայաստանում թվով քանի քաղցրավենիք արտադրող կազմակերպություն կա, քանի որ
Լիցենզավորման հանձնաժողովը համապատասխան տեղեկատվություն իրենց չի
տրամադրում: Որակի տեսչության ստուգումներն իրականացվում են նաեւ
արտադրանքն իրացնելու փուլում, այսինքն՝ խանութներում վաճառքի ժամանակ եւ
թերություն հայտնաբերելու դեպքում ուղղորդվում են դեպի արտադրող: 2004թ.
եւ այս տարվա ընթացքում մոտ 14 տնտեսվարող սուբյեկտում ստուգումներ է
իրականացվել: Այս տարի ստուգվել է երեք տնտեսվարող սուբյեկտի արտադրանք՝
«Գրանդ քենդի», «Սուիթ լենդ» ՍՊԸ եւ «Լեռնաշխարհ» ՍՊԸ, որոնք արտադրում են
եւ՛ շաքարային հրուշակեղեն, եւ՛ ալրային հրուշակեղեն, իսկ «Սուիթ լենդը»՝
միայն շաքարային հրուշակեղեն: Նրանց արտադրության մեջ խախտումներ չեն
հայտնաբերվել, քանի որ արտադրանքը համապատասխանում է նախատեսված
համապատասխանելիության կանոնակարգերի չափանիշներին: 2004թ. ստուգումների
արդյունքում հայտնաբերվել են խախտումներ: «ԱԱ» ՍՊԸ-ն ալրային հրուշակեղենն
իրացրել է առանց համապատասխան սերտիֆիկատի, ինչը համապատասխանության
հավաստման պարտադիր ցանկի մեջ է, անհրաժեշտ է իրացումն իրականացնել
համապատասխան սերտիֆիկատով: Որակի տեսչության կողմից պատժամիջոցներ են
կիրառվել, որի արդյունքում արտադրողը դիմել է սերտիֆիկացման մարմին: Լեւոն
Շահվերդյան ալրային հրուշակեղեն արտադրողի մոտ հայտաբերվել է խախտում, ըստ
որի՝ արտադրանքն իր մակնիշումով համապատասխան չի եղել: Հրուշակեղենն
իրացվել է տարաների մեջ փաթեթավորված, մինչդեռ ըստ Սննդամթերքի
համապատասխանության օրենքի, արտադրանքը պետք է համապատասխան մակնիշում
ունենա: Այս պարագայում նույնպես պատժամիջոցներ են կիրառվել, որի
արդյունքում թերությունները շտկվել են: Ըստ մեր ունեցած տվյալների,
հատկապես Չորրորդ գյուղում գոյություն ունեն ապօրինի գործող փոքր
արտադրություններ, որոնք աշխատում են հիմնականում ավտոտնակային
պայմաններում: Կեղծ արտադրողները նույն «Շանթ» ֆիրմայի արկղերը ձեռք են
բերում խանութներից եւ արտադրած քաղցրավենիքը շուկա է մտնում անհամեմատ
ցածր գներով, քան իրական արտադրանքի գինն է: Ավելին, կեղծ արտադրված
քաղցրավենիքները հիմնականում պատրաստվում են ցածրորակ սննդամթերքից:
Օրինակ, նույն ալյուր արտադրող կազմակերպություններն էժան գներով ալյուր
են ներկրում ու վաճառում, վերջիններս էլ ցածրորակ սննդամթերքով
հեղինակություն վայելող արտադրությունների անվան տակ բիզնես են ծավալում:
«Ես նման գործելակերպից տեղյակ չեմ,- ասում է պրն Գյոզալյանը: -Մեր
գործառույթն է՝ վերահսկել արտադրանքի համապատասխանելիությունը տեխնիկական
կանոնակարգերի պահանջներին: Մենք վերահսկում ենք արտադրանքի համապատասխան
տեխնիկական կանոնակարգերի պահանջները: Ստուգումների ժամանակ եթե
հայտնաբերում ենք, որ արտադրանքը չի համապատասխանում նորմերին, ճշտում
ենք, թե ով է արտադրողը, եւ երկրորդ քայլը լինում է ստուգումն այդ
արտադրողի մոտ: Եթե ստուգման արդյունքում թերություն հայտնաբերեինք, ու
արտադրողն ասեր՝ իմ արտադրանքը չէ, այս պարագայում միանշանակ կեղծ
արտադրություն է: Բայց նման երեւույթ չի արձանագրվել: Մյուս դեպքում էլ՝
կեղծիքների դեմ պայքարի միջոցներ պետք է տնտեսվարող սուբյեկտները
նախաձեռնեն, պետք է պաշտպանիչ միջոցներ ձեռնարկեն: Ես չեմ պատկերացնում՝
այդ կեղծ ապրանքն ինչպես պետք է հայտնաբերվի»: Բայց եւ այնպես, նրա
պատկերացմամբ՝ համապատասխան պետական մարմիններ կան, որոնք զբաղվում են
կեղծ արտադրողներով: Նշված արտադրողները չգրանցված տնտեսվարող սուբյեկտներ
են եւ հարկային դաշտից դուրս են գտնվում: Նրանք լիցենզիա չունենալու
պայմաններում կեղծ արտադրություն են իրականացնում: Տեխնիկական
կանոնակարգերով նախատեսված են այն ցուցանիշները, որոնք պայմանավորում են
մարդու կյանքի, առողջության, շրջակա միջավայրի ապահովությունը, եւ թույլ
չեն տալիս սպառողներին թյուրիմացության մեջ գցել: Գոյություն ունեն
անցումային դրույթներ համապատասխան գնահատման բնագավառում, որն
իրականացվում է երեք ձեւով՝ սերտիֆիկացիայի, վերահսկողության եւ
հավատարմագրման ձեւով: Օրենքի այս անցումային դրույթները հստակ տալիս են,
որ համապատասխանության գնահատման բնագավառում համապատասխան տեխնիկական
կանոնակարգերի բացակայության դեպքում կիրառվում են պատժամիջոցներ:

Այդուհանդերձ, ստացվում է, որ սպառողը թյուրիմացության մեջ է, որովհետեւ
պարբերաբար գնում ենք անորակ ալյուրով կամ ասենք կաթի փոշով պատրաստված
կեղծ արտադրության քաղցրավենիք: ՀՀ Որակի տեսչության պետի տեղակալ պրն
Գյոզալյանն ասաց, թե ինքը լավ չի ընկալում այս երեւույթը, քանի որ նույն
ալյուրը պարտադիր սերտիֆիկացման ցանկում է եւ ներկրվում է Հայաստան՝ ըստ
համապատասխան որակի ենթարկվելով մաքսազերծման: Մինչդեռ մեր զրուցակիցները
վստահեցնում էին, որ ԱՄՔՕՐ բարեգործական ընկերությունը մեծ քանակությամբ
անորակ կաթի փոշի է իրացնում Հայաստանում, եւ պարզ է, որ գնորդները հենց
նույն քաղցրավենիք արտադրող անօրինական կազմակերպություններն են: Այս
մասին ԱՄՔՕՐ բարեգործական ընկերության փոխտնօրենն ասաց, որ իրենք այլեւս
կաթի փոշի չեն ներկրում, որովհետեւ անցյալ տարի կաթի փոշին ներկրելով եւ
Հայաստանում վաճառելով՝ Գեղարքունիքի մարզում բարեգործական ծրագիր էին
իրականացնում, իսկ այս տարի նման ծրագիր չունեն: Կաթի փոշու անորակ
լինելու մասին լուրը վերջինս հերքեց՝ պատճառաբանելով, որ այն վաճառել են
տենդերով, ինչը նշանակում է, որ բարձր գին է սահմանվել. «Իսկ անորակ
ապրանքը բարձր գին չի կարող ունենալ»: Այնուամենայնիվ, վերջինս
վստահեցրեց, որ գնորդներն օրինական դաշտում գործող արտադրողներն են եղել: