Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 58,5 միլիոն դոլարի օգնությունը Հայաստանին եւ հավասար չափով ռազմական աջակցությունը Հայաստանին եւ Ադրբեջանին: Երկու երկրները որպես ռազմական օգնություն՝ 2008 թվականին կստանան 3-ական միլիոն դոլար, թեեւ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմն առաջարկում էր Ադրբեջանին հատկացնել 2 միլիոն դոլարով ավելի ռազմական օգնություն: Հայաստանին հաջորդ տարի հատկացվելիք կառավարական օգնության ծավալը 23,5 միլիոն դոլարով գերազանցում է այն գումարը, որն առաջարկել է Բուշի վարչակազմը, սակայն նահանջ է այս տարվա համեմատ՝ 2007 թվականին Հայաստանին հատկացվել է 75 միլիոն դոլարի օգնություն: Ադրբեջանին նախատեսվում է հատկացնել 19 միլիոն, իսկ Վրաստանին՝ 50,5 միլիոն դոլարի օգնություն: