Ընթացակարգ են ուզում

23/12/2007

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը՝ իր երկու գործընկերների հետ նախօրեին լիագումար նիստի ժամանակ առաջարկել է, որ գնահատական տրվի Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների այցերին Հայաստան ու Վրաստան, նման այցերի ընթացակարգ մշակվի: «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Օրուջը խոսել է մասնավորապես Երեւանում անցկացվող «Ադրբեջանի օրերի» մասին: Նույն գործակալությունը տեղեկացնում է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաեւան դեմ չի եղել իրենց կազմակերպության ներկայացուցչի մասնակցությանը Երեւանում անցկացվող միջոցառմանը: Նա ողջունել է նման իրադարձություններն ու ափսոսանք հայտնել, որ անձամբ չի կարողացել մասնակցել դրանց: Աբդուլաեւայի խոսքերով՝ նման միջոցառումը քայլ է դեպի Ղարաբաղի խնդրի կարգավորումը, եւ կարող է փոխել հայերի կարծիքն Ադրբեջանի մասին: Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ անցկացվող «Ադրբեջանի օրեր» միջոցառումը Երեւանում մեկնարկել է երկուշաբթի օրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: